Բազմամշակութայնության ձախողումն ու հայկական հարցը

23/02/2012

Բազմամշակութայնության (multiculturalism) տեսության մերժումը, որը ոչ թե դեռեւս ուրվագծվող, այլ այլեւս միս ու արյուն առած եվրոպական տենդենց է, ըստ էության, ձեւակերպվել է ոչ շատ վաղուց` թե ֆրանսիացի Սարկոզին, թե գերմանացի Մերկելը, եւ թե անգլիացի Քեմերոնը 2010-2011 թվականների ընթացքում էր միայն, որ իմաստ տեսան հստակորեն եւ առանց դիվանագիտական պաճուճանքների արտահայտել սեփական մոտեցումները` բազմամշակութայնության գաղափարախոսությունը գործնականում, պրակտիկ դրսեւորումներում ձախողվել է: Անշուշտ, ամենակոշտ ձեւակերպումն առ այսօր Ֆրանսիայի գործող ներքին գործոց նախարար Կլոդ Գեանինն է` թե ոչ բոլոր քաղաքակրթություններն են, որ արժանի են միմյանց, ինչի համար նրան կոնկրետորեն մեղադրեցին` դա նացիստական, համակենտրոնացման ճամբարներ ծնած եվրոպական գաղափարախոսության արտահայտություն է, թեպետ նա պնդեց, թե ինքը կոնկրետ մշակույթ եւ հանրապետական արժեհամակարգն ընդունող մահմեդական համաքաղաքացիներին նկատի չի ունեցել:

Քաղաքակրթական գերադասության եւ ստորադասության դրույթը նորովի ձեւակերպողներին ուղղված մեղադրանքներն ըստ էության արդեն ծավալված եւ դեռեւս ծավալվելիք խոսակցությունների հետեւանքն են: Իսկ պատճառը պատմական անցյալում է: Ասենք, Երկրորդ աշխարհամարտում հիմնավոր ու ջախջախիչ պարտություն կրած Գերմանիան պետք է վերականգնվեր, իսկ աշխատուժի, առավել եւս` էժան աշխատուժի կարիք ավերակների վերածված երկիրն ուներ: Աշխատուժի մեծագույն հոսքը Թուրքիայից եղավ, ու գերմանացիների հույսերը, թե նրանք կամ կվերադառնան, կամ կինտեգրվեն, չարդարացան: Թուրքերը մնացին, բազմացան, դիրքեր գրավեցին, բայց ինտեգրվեցին ոչ այնքան, որքան գերմանացիներն էին ցանկանում: Այսօր էլ գերմանական քաղաքներում գործում են թուրքական համայնքային ակումբներ, որոնցում հավաքվողների հիմնական զբաղմունքը նարդին է: Իսկ Էրդողանը Գերմանիայում էլ է թուրքերին ասում` ձեր առաջին լեզուն թուրքերենն է:

Ֆրանսիացի Սարկոզին խնդրի հետ առավել քան ուղղակիորեն բախվեց, երբ դեռ ներքին գործերի նախարար էր, երբ Փարիզում սկսվեց եւ ֆրանսիական քաղաքներով տարածվեց ավտոկիզման պրակտիկան, տասնյակ-հազարավոր ավտոմեքենաներ հրկիզվեցին շուրջ երկու տասնօրյակ տեւած փողոցային «անկարգությունների» ընթացքում: Եվրոպական, այդ թվում եւ` ֆրանսիական մամուլը նախընտրում էր «փաղաքշական» ձեւակերպումները` ավտոկիզողները էմիգրանտներն են, որոնց կենսապայմանները լավագույնը չեն Ֆրանսիայում: Այդ փուլում դեռեւս խուսափում էին քաղաքակրթական սահմանումներից:

Իսկ բրիտանական փորձառությունն ամենագիտականն է` կառավարության պատվիրած հարցախույզը փաստել է` երկրում բնակվող մահմեդականների 3/4-ը իրեն հարազատ է համարում ոչ թե Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնց հետ ապրում է նույն օրենսդրական, սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ վերջապես` կենսական միջավայրում, այլ արտերկրի իր հավատակիցներին, ում հետ կենցաղային մշակույթի ու կրոնական իր արժեքներն են նույնական:

Հետեւաբար պատահական չէ ամենեւին, որ պատմական զարգացման առումով գրեթե միաժամանակ նույնական հայտարարություններ արեցին եվրոպական առաջատար եռյակի լիդերները: Միամտություն է կարծել, թե բազմամշակութայնության ձախողման արձանագրումները սոսկ արձանագրային բնույթ են ունենալու եւ չեն դրսեւորվելու իբրեւ տենդենց: Իսկ միտումն արդեն իսկ երեւակում է գործիքակազմը` այդ թվում` նաեւ 19-րդ դարի երկրորդ կեսից պարբերաբար ակտուալացվող Հայկական հարցը: Այն վերադարձվում է եվրոպական քաղաքականության երկարաժամկետ քննարկումների օրակարգ եւ ժամանակ առ ժամանակ երեւան կհանվի ըստ անհրաժեշտության` տարբեր ձեւակերպումներով եւ առիթներով, տարբեր հարթակներում եւ փաթեթներում: Թե որտեղ, քաղաքական գործընթացի որ փուլում (ընտրություններից առաջ, քարոզչական ճնշումների տիրույթում, թե այլ առիթներով) կնախընտրեն այն օգտագործել, մեծ իմաստով նախաձեռնության տվյալ պահի հեղինակների համար առավելապես մարտավարական նշանակություն կունենա: Իսկ ֆրանսիական վերջին նախաձեռնությունը` ցեղասպանությունների մերժումը պատժել Քրեական օրենսգրքով, անշուշտ, հետագայում եւս շարունակություն կունենա, գուցե թե այլ դրսեւորումներով:

Եվրոպական արդի քաղաքականության մեջ օրեցօր ավելի հստակորեն երեւակվող այս տենդենցը Հայաստանի ու հայության համար եւ հնարավորություն է, եւ թե մարտահրավեր: Իսկ «պոստմոդեռնը» պահանջում է պատրաստվածության որոշակի մակարդակ, դիտարկելի ապագայում առաջին հերթին` ինտելեկտուալ հարթության վրա:

19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագլխին հայության նյութական ու մտավոր պոտենցիալը չբավարարեց դիմագրավելու հայկական հարցի ակտուալացումից բխող վտանգներին: 21-րդ դարում վտանգները չեն վերացել, դրանք պարզապես տրանսֆորմացվել են եւ նորովի են դրսեւորվում թե քաղաքակրթական, թե քաղաքական, թե ինֆորմացիոն, թե մշակութային, թե տնտեսական ու ռազմական ոլորտներում:

Ասել, թե նորադեմ մարտահրավերներն ավելի գիտակցված ու դիտարկված են այսօր, քան ժամանակի մարտահրավերները 100 տարի առաջ, կլինի չափազանցություն: Մտածել, թե կենսական ու ինտելեկտուալ ներուժն այս անգամ էլ բավարար չէ, կլինի մոլորություն: Ասել ու կրկնում ենք, հայությունն այսօր ունի պետություն, այն այլեւս փլուզվող կայսրությունների հպատակների հանրույթ չէ, իսկ պետությունը, ի տարբերություն հանրույթի, պարտավոր է ունենալ քաղաքական պլանավորում, ստրատեգիա եւ այդ ռազմավարությունը որակով իրականացնողներ: Միայն թե այս գործը քծնանքով իշխանության կողքին հայտնվածներով գլուխ չի գա: Ծավալվելիք խաղին եվրոպական միջավայրից տեղյակ ու գիտակ մասնակիցներով ներկայանալ է հարկավոր:

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները շանս են, այս անգամ եւս մի վարվեք, ինչպես միշտ:

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ