– Մի առիթով հայտարարել էիք, թե Մշակույթի նախարարությունն իր պարտականությունները չի կատարում եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից: Այսինքն` Դուք գտնում եք, որ նախարարությունը ոչ թե վատ, այլ սխա՞լ է աշխատում: Եվ ո՞րն է այդ սխալը:
– Այո, ես դա մամուլի ասուլիսի ժամանակ եմ ասել: Սխալն այն է, որ նա իր բնագավառի պաշտպանը չէ, մշակույթի պահպանության երաշխավորը չէ: Թեղուտի տարածքում գտնվող մշակութային հուշարձանների վերաբերյալ նախարարի վերջին ելույթը դրա ապացույցն է: Նա ասաց, որպեսզի այդ արժեքները նախատեսվող հանքարդյունաբերության հետեւանքով չոչնչանան, կտեղափոխեն մեկ այլ վայր: Դուք պատկերացնո՞ւմ եք. միջնադարյան կիսաքանդ եկեղեցին կտեղափոխվի մեկ այլ վայր, կամ, բրոնզե դարի հնագույն բնակավայրը, որի հնագիտական պեղումներն այժմ կատարվում են, կտեղափոխվի մեկ այլ վայր: Եվ դա` հանուն նրա, որ մետաղի հանքարդյունաբերությունից գոյացած թունավոր թափոնների համար կառուցվի պոչամբար: Իսկ ընդհանրապես, եթե Մշակույթի, Կրթության, Քաղաքաշինության, Բնապահպանության, Սոցիալական հարցերի նախարարությունները զբաղվեին իրենց գործով, այսինքն` յուրաքանչյուրն իր ոլորտի պահապանը լիներ, ապա պաշտպանված կլիներ եւ մշակույթը, եւ բնությունը, եւ մեր միջավայրը, եւ մենք: Հենց Երեւանի կենտրոնում պատմական եւ մշակութային արժեք ունեցող շենքերն այդպես թշնամաբար չէին վերացվի, այլ կպահպանվեին եւ ժամանակակից կիրառում կստանային: Այսօր էլ նույնը շարունակվում է, եւ մեր աչքի առջեւ վերանում է մեր մշակութային պատմությունը: Ինչի՞ համար են Մշակույթի եւ Կրթության նախարարությունները, եթե հնարավոր է ՀՀ կառավարության նիստում անարգել որոշում կայացնել Հայաստանի առաջին ակադեմիայի շենքը քանդելու վերաբերյալ (խոսքը Լեզվի ինստիտուտի մասին է` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում): Եվ այդ նախարարներից ոչ մեկը չի ընդդիմացել եւ չի պաշտպանել իրեն վստահված ոլորտի շահերը:
– Դուք նույնպես աշխատել եք պետական համակարգում, հնարավո՞ր է ընդդիմանալ վարչապետի որոշմանը:
– Իհարկե հնարավոր է. ուղղակի պետք է ոլորտը, որի պատասխանատուն ես, սիրես ավելի շատ, քան քո պաշտոնը: Ես շատ հաճույքով էի աշխատում, սիրում էի իմ աշխատանքը, սակայն իմ սկզբունքներն ինձ համար ավելի թանկ էին, եւ ես երբեք չէի զիջում այնտեղ, որտեղ գիտեի, որ ես ճիշտ եմ: Իհարկե, նրանք ինձ հանդուրժեցին ընդամենը երեք տարի, բայց այդ երեք տարվա ընթացքում ես գոնե օգտակար գործունեությամբ էի զբաղված: Եվ ընդհանրապես, ես գտնում եմ, որ ավելի լավ է մեկ տարի արժանապատիվ աշխատել, քան տասը տարի` գլուխը կախ եւ ոլորտի համար` վնասով:
– Այդ վնասն այլեւս հնարավոր չէ վերականգնել: Այս տարիների ընթացքում արժեքավոր շատ շինություններ են քանդվել, կամ փոխել են իրենց բնույթը:
– Իհարկե, այն բացերը, որոնց պատճառով տեղի են ունեցել այդ հանցանքները, ոչ թե մի քանի տարվա, այլ տասնամյակների վաղեմություն ունեն, եւ գիտենք նաեւ, որ, որքան հին է հիվանդությունը, այնքան դժվար է այն բուժելը։ Սակայն մի օր պետք է սկսել այդ բուժումը:
– Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ մշակութային քաղաքականությունն այդտեղ:
– Դա կախված է նրանից, թե ինչ նպատակներ ունենք մենք` որպես պետություն: Ազգային պետության մեջ մշակութային քաղաքականության նպատակն ազգի մշակութային ինքնության պահպանումն է: Որի համար նախ` պետք է պահպանել այդ մշակույթը, երկրորդ` պետք է ճանաչել այդ մշակույթը եւ ճանաչելի դարձնել այն աշխարհին, եւ երրորդ` պետք է այն վերարտադրել եւ զարգացնել: Դա արդեն վերաբերում է ժամանակակից արվեստին, ինչպես նաեւ` գեղարվեստական կյանքի կազմակերպմանը. ասպարեզ, որը նույնպես գլխիվայր շրջված է մեզանում: Որովհետեւ` չզբաղվելով իր հիմնական գործով, որն է բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելը, այլ` զբաղվելով այն գործունեությամբ, որը վերապահված է այլ կազմակերպությունների` մասնավոր եւ հասարակական, նախարարությունը` ունենալով վարչական լծակներ եւ ավելի մեծ կարողություններ, քան այդ կազմակերպությունները, ստեղծում է անհավասար մրցակցային դաշտ` խոչընդոտելով ոլորտի զարգացմանը:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չեն ուզում ոչինչ փոխել, գուցե չե՞ն կարող:
– Չեն կարողանում, որովհետեւ` այո, առաջին հերթին` այդպիսի ցանկություն չկա, եւ երկրորդ` միգուցե խնդիրն ամբողջությամբ չեն ընկալում: Սակայն առաջինն է որոշիչը` քաղաքական ցանկության բացակայությունը: Որովհետեւ, եթե կա նպատակ` դրան հասնելու ճանապարհները միշտ կգտնվեն: Այսինքն, այդ ճանապարհները հայտնի են, շատ որոնելու կարիք չկա: Ես ուզում եմ ետ գնալ 90-ական թվականների ամենասկիզբը, երբ նորանկախ Հայաստանի հիմքերն էին դրվում եւ հասարակական բանավեճ կար նախագահի եւ մտավորականության մի հատվածի միջեւ` պե՞տք է արդյոք մեզ ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ: Այսինքն` քննարկման հարց էր դարձել այն, թե շենքը կառուցել ճարտարապետական նախագծո՞վ, թե՞ առանց նախագծի: Այդ անհեթեթ վեճի մեջ, բնականաբար, հաղթեց իշխանությունը` նախագահի գլխավորությամբ, եւ սկսվեց այն «շինարարությունը», որը շարունակվում է մինչ այսօր եւ, որը ոչ մի առնչություն չունի պետականաշինության հետ, այլ հիշեցնում է այն ասացվածքը, որ մի հիմար քարը գցում է փոսը, հետո հարյուր խելոք զբաղվում են այն հանելով:
– Այդ ճարտարապետական նախագծի մեջ ի՞նչ տեղ է հատկացված մշակութային քաղաքականությանը:
– Առանցքային` այն ժողովրդավարական եւ ազգային պետության երկու հենասյուներից մեկն է, իմ կարծիքով:
– Ո՞րն է երկրորդ հենասյունը:
– Բնակչության սոցիալական ապահովությանը ուղղված քաղաքականությունը:
– Դուք հավասարության նշան եք դնում անկախության, ազգայինի եւ մշակույթի միջեւ:
– Այո, նույն բովանդակությունն է` տարբեր ձեւերի մեջ: Ազգային ինքնությունը դա մշակութային ինքնությունն է: Իսկ ինչ վերաբերում է անկախությանը, ապա այն ձեռք է բերվում ազգային ինքնորոշմամբ` ազգայի՛ն եւ ոչ թե` խմբային կամ համայնքային: Եվ Արցախում նույնպես ինքնորոշվել է հայությունը եւ ոչ թե ղարաբաղցիները, ինչպես ասվում է: Այսօր մենք հեռացել ենք մեր ինքնությունից եւ խառնաշփոթի մեջ ենք ապրում. այն դեպքում, երբ մեր առանձնահատկությունը կատարելության հասնող պարզությունն է եւ ոչ թե` խառնաշփոթը: Պարզությունն այն սկզբունքն է, որով հնարավոր է եղել կառուցել այնպիսի մի արվեստի կատարելություն, ինչպիսին Հռիփսիմեի վանքն է` առանց զանգակատան կցակառույցի: Անկախ պետականություն ձեռք բերելով` մեզ առաջին անգամ տրվեց հնարավորություն` ուսումնասիրել մեր մշակույթը, պատմությունը. հասկանալ, թե ով ենք մենք` որպես ազգ: Ռաֆո Իսրայելյանն է մի առիթով ասել. «Հայը եթե իմանա, թե ով է ինքը, աշխարհի տերը կլինի»: Սակայն մենք չենք ուզում ոչինչ իմանալ, չենք օգտվում այդ հնարավորությունից, որովհետեւ, անկախությունից 20 տարի անց, դեռեւս չկա անկախության իմաստի եւ նպատակի գիտակցումը: Մեզ այսօր ոչ թե պարզապես մշակութային քաղաքականություն է պետք, այլ` ազգային պետության նպատակներին ծառայող մշակութային քաղաքականություն:
– Դուք ի տարբերություն շատերի` դեմ եք այն առաջարկությանը, որ Անահիտ աստվածուհու արձանը Լոնդոնից Հայաստան տեղափոխվի:
– Բնականաբար դեմ եմ: Ես գտնում եմ, որ Անահիտ աստվածուհու արձանը եւ դրսում ցուցադրվող հայ մշակույթի այլ ստեղծագործությունները ոչ թե պետք է ֆիզիկապես բերվեն Հայաստան, այլ նրանց պետք է հայկական պատկանելության անձնագիր տալ:
Ռուզաննա ՍԱՐԳՍՅԱՆ