Սակայն դժվար է ասել, որ կողմերն իրենց տեսակետներն ուսանողությանը հասցնելու հավասար հնարավորություններ ունեին: Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն ու «այո» քարոզող զանազան պաշտոնյաներ, միմյանց հերթ չտալով, այցելում էին այս կամ այն բուհ՝ տեղի ուսանողությանը «զոռով» քարոզելու, կամ, ինչպես իրենք են ասում՝ իրազեկելու նպատակով: Որպես կանոն` այդ հանդիպումներին ներկա ուսանողների մեծ մասը կամ տեղյակ չէր լինում, թե ինչու է ինքն այդտեղ, կամ էլ ներկա էր լինում՝ որպեսզի մոտալուտ քննաշրջանի ընթացքում բարդություններ չունենա: Մինչեւ վերջերս ԵՊՀ տարբեր մասնաշենքերում հաճախ կարելի էր հանդիպել սահմանադրական «այո» քարոզող, իրենց ապագան մատնանշող երեխաների նկարներին: Սակայն վերջին օրերին «այո» քարոզող պաստառները ԵՊՀ պատերին այլեւս չեն նկատվում: Փոխարենը` «այո» քարոզող պաստառներ փակցված են մյուս գրեթե բոլոր բուհերում: Երեւանի Պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ երեկ տեղի ունեցած մեր զրույցներից կարելի էր եզրակացնել, որ «այո»-ի քարոզն այստեղ ցանկալի արդյունք չի ունեցել, քանզի այն ուսանողները, որոնց հետ մենք զրուցեցինք, կամ որոշել էին չմասնակցել հանրաքվեին, որովհետեւ դա իրենց բոլորովին չէր հետաքրքրում, կամ, մասնակցելու դեպքում, «դեմ» քվեարկել: Իսկ «դեմ» քվեարկել պատրաստվող ուսանողներն իրենց տեսակետը հիմնավորում էին հետեւյալ կերպ. «Դե, որ լավ բան լիներ, այսքան չէին համոզի, որ «այո» ասենք»: Հիշեցնենք, որ «այո» քարոզելու համար ԵՊՀ էր այցելել անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Ուսանողները պատմում էին, որ քարոզարշավի ընթացքում ԵՊՀ ուսանողների կուսակցականացված հատվածը «իրազեկման» զանազան միջոցառումներ է իրականացրել, գրքույկներ բաժանել: Ուսանողներից ոմանք պնդում էին, թե դասի ժամերին համապատասխան առարկան դասավանդելու փոխարեն դասախոսներն ուսանողներին բացատրում են, թե ինչ լավն է սահմանադրական առաջարկվող փոփոխությունների փաթեթը: Այս ամենից հետո էլ ԵՊՀ ուսանողների հիմնական՝ չկուսակցականացված մասի մոտ գերիշխում է անտարբերությունը: Նրանց մեծ մասը չի ցանկանում որեւէ կերպ մասնակցել սպասվող գործընթացներին: Ուսանողների հետ զրույցներից կարելի էր եզրակացնել, որ նրանց ինչ-որ կերպ ակտիվացնելու ու սահմանադրական «այո» ապահովելու դեռեւս լիովին չբացահայտված տարբերակ են մտածել Միավորված աշխատանքային կուսակցությունում (ՄԱԿ): Մի քանի օր առաջ ՄԱԿ ներկայացուցիչները ԵՊՀ-ում սկսել են ցուցակագրել ուսանողներին՝ նրանցից վերցնելով անուն-ազգանունը, բնակության հասցեն եւ հեռախոսի համարը: Ուսանողների ասածներից պարզ դարձավ, որ պետք է ցուցակագրվեր 1000 ուսանող, որոնց պետք է տրվեր 5000-ական դրամ: Թե ինչի՞ համար են ցուցակագրվել, ի՞նչ պետք է անեն, ուսանողները հստակ չէին կարողանում բացատրել: Միայն նշում էին, որ իրենց ասել են, որ պետք է նոյեմբերի 23-ի ժամը 15:00-ին հավաքվել Կոմիտասի վրա գտնվող նախկին «Դեկոր» խանութի մոտ, ու այնտեղ ամեն ինչ հստակ կիմանան: Երեկ նշված ժամին նշված վայր մեկնած ուսանողներից ոմանք պատմեցին, որ իրենց հետ հանդիպել է ՄԱԿ ներկայացուցիչ ոմն Խաչատրյան: Ըստ ուսանողների, Խաչատրյանն իրենց ասել է, որ որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ ՄԱԿ խմբակցությունը դեռեւս հանձնաժողովի անդամներ չի նշանակել, իսկ մի քանիսում էլ՝ հնարավոր է փոխվեն արդեն նշանակված անդամները: Եվ հենց այդ նպատակով էլ իրենց հավաքել են, որպեսզի լրացնեն հանձնաժողովների այդ թափուր տեղերն ու անհրաժեշտության դեպքում արդեն նշանակված անդամներին փոխարինեն նախապես ցուցակագրված ուսանողներից որեւէ մեկով: Ու հենց հանձնաժողովներում ՄԱԿ-ի ներկայացուցիչը լինելու համար էլ ուսանողները պետք է ստանան վերոնշյալ 5000-ական դրամը: Խաչատրյանը բացատրել է, որ ուսանողների հասցեներն իրենց հարկավոր են, որպեսզի իրենք նրանց տեղավորեն համապատասխան տարածքի ընտրական հանձնաժողովներում: Խաչատրյանն ուսանողներին տեղեկացրել է նաեւ, որ 2006-ի հունվարին ինչ-որ դասընթացներ են տեղի ունենալու, եւ դրանից հետո միայն այդ դասընթացներն անցած անձինք կարող են լինել հանձնաժողովի անդամ: Նույն Խաչատրյանն ուսանողներին տեղեկացրել է, որ կարող են դառնալ ՄԱԿ կուսակցության անդամ «ու ավելի արդյունավետ համագործակցել», հետո էլ տեղեկացրել է, որ իրենք լրջորեն մասնակցելու են նաեւ 2007-ի խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից հետո ուսանողներին տուն են ուղարկել՝ վստահեցնելով, որ համապատասխան տարածքների ընտրական հանձնաժողովներում թափուր տեղեր ունենալու դեպքում իրենք կզանգահարեն տվյալ տարածքից ցուցակագրված ուսանողներին ու նրանց կապահովեն մեկօրյա աշխատանքով: Նկատենք սակայն, որ այստեղ բազմաթիվ հարցեր բաց են մնում, քանզի ընտրական հանձնաժողովներն արդեն վաղուց ձեւավորված են: Ինչո՞ւ միայն ուսանողներ, ինչո՞ւ 1000 հոգի, ի՞նչ կապ ունեն այդ գործընթացներից որեւէ տեղեկություն չունեցող ուսանողներն ընտրական հանձնաժողովներում ՄԱԿ-ի տեղերի հետ… Հուսանք, որ շուտով պարզ կդառնա, թե ինչ բիզնես-ծրագիր է փորձում իրականացնել ՄԱԿ-ն այս անգամ: