Ամեն երրորդ ամերիկացին համոզված է, որ ԱՄՆ թիվ մեկ թշնամին աշխարհում Իրանն է: Այդ մասին են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտության արդյունքները: Հարցմանը մասնակցած ամերիկացիների 32 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը միջազգային ասպարեզում հենց իրանցիներն են: «Միջուկային կարողությունների աճի, ինչպես նաեւ` Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմելու պատրաստակամության մասին` Իրանից հնչող հայտարարություններն են, որ շարքային ամերիկացիների մոտ բացասական դիրքորոշում են ձեւավորում այդ երկրի հանդեպ»,- նշել են հետազոտության հեղինակները` նկատելով, որ իրանցիների նկատմամբ բացասական տրամադրությունները երկրում վերջին 10 տարիների ընթացքում անշեղորեն աճել են: 2001-ին Իրանը թշնամի պետություն էր համարում ամերիկացիների 8 տոկոսը, 2005-ին այդ թիվը կազմում էր արդեն` 14, իսկ 2011-ին` 25 տոկոս: Ամերիկայի թշնամիների ցանկում երկրորդը Չինաստանն է, որի հանդեպ, սակայն, ըստ Gallup-ի մասնագետների, ամերիկյան հանրության վերաբերմունքը շատ ավելի բեւեռացված է: Միացյալ Նահանգների թիվ մեկ տնտեսական մրցակցին որպես գլխավոր թշնամի է ընկալում հարցվածների 23 տոկոսը: Ամերիկացիների 41 տոկոսը, հակառակը` հայտարարել է, որ Չինաստանի հանդեպ ընդհանուր առմամբ դրական մոտեցում ունի: Gallup-ի մասնագետները նաեւ նկատում են, որ թշնամի պետությունների ընկալումը կախված է ոչ միայն այս կամ այն երկրի արտաքին քաղաքականությունից, այլեւ բուն հարցվածների քաղաքական նախապատվություններից: Այսպես` Հանրապետական կուսակցության աջակիցները, ի տարբերություն դեմոկրատների, շատ ավելի բացասաբար են տրամադրված թե՛ Իրանի, եւ թե՛ Չինաստանի հանդեպ: Հարցված հանրապետականների 37 եւ դեմոկրատների միայն 30 տոկոսն է համարում, որ Իրանը Ամերիկայի թշնամին է: Չինաստանի պարագայում էլ հանրապետականների 28 եւ դեմոկրատների ընդամենը 18 տոկոսն է համոզված, որ այդ երկիրը ԱՄՆ թշնամին է: