Օշականում Աբելյան ընտանիքի մասին միշտ խոսում են հարգանքով եւ սիրով: Դրանում կարող եք համոզվել ինքներդ` այցելելով Օշական: Հանդիպած առաջին գյուղացին Ձեզ կասի նույն բանը: Դրա վառ ապացույցը փետրվարի 18-ին մշակույթի պալատում կայացած անվանակոչության հանդիսավոր արարողությունն էր:
2012թ. հունվարին մշակույթի պալատի եւ համայնքային գրադարանի ընդհանուր ժողովի մասնակիցները` նկատի ունենալով համագյուղացի Ժորա Աբելյանի ազգանվեր գործունեությունը, նրա ներդրումը գյուղի կառուցապատման գործում եւ նրա մարդկային տեսակը` որպես հայ մարդ, որոշեցին միջնորդել համայնքի ավագանուն` գյուղի գրադարանը նրա անունով անվանակոչելու համար: Եվ փետրվարի 10-ին, համաձայն ավագանու թիվ 3 որոշման, գրադարանն անվանակոչվեց «Փառքի», «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանների ասպետ, ՍՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակի դափնեկիր, Հայաստանի վաստակավոր շինարար Ժորա Այսերի Աբելյանի անունով: Անվանակոչության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին: Այդ օրը մշակույթի պալատը լեփ-լեցուն էր: Քանի որ այս տարի UNESCO-ի կողմից Երեւանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հ.Թումանյանի ծննդյան օրն էր, եւ այդ օրը Հայաստանում նշում էին գիրք նվիրելու տոնը, Ժ.Աբելյանի ընտանիքը նրա անձնական գրադարանից 330 կտոր գիրք նվիրեց, իսկ գրադարանում բացվեց նրա գործունեության մասին պատմող անկյունը: Անվանակոչության արարողությունից հետո տոնական համերգ էր կազմակերպվել: Հանդիսությունը բացեց Օշական համայնքի գյուղապետ Ա.Ներսիսյանը, այնուհետեւ ելույթ ունեցան խորհրդային տարիների Օշականի սովխոզի ղեկավար Ռ. Պողոսյանը, գրադարանի վարիչ Ա. Գեւորգյանը: Վերջում իր շնորհակալական խոսքն ասաց Ժ.Աբելյանի թոռը` Գեորգին: Համերգից հետո հյուրերն իրենց տպավորությունները կիսեցին մշակույթի պալատի հանդիսությունների փոքր դահլիճում, որտեղ ցուցադրվում էին օշականցի քանդակագործ Վարդգես Առաքելյանի աշխատանքները:
Ժորա Աբելյանի ներդրումը
Ժ. Աբելյանը 1961թ. Թալինում տրեստի գլխավոր ինժեներ էր, 1966թ.` Հոկտեմբերյանում տրեստի կառավարիչ, 1967-1972թթ.` Էջմիածնում տրեստի կառավարիչ, իսկ 1972թ.` գյուղական շինարարության նախարարության նախարարի առաջին տեղակալ, ապա նախարար էր: 1967թ. ընտրվել է Հոկտեմբերյանի Քաղխորհրդի դեպուտատ, 1972թ.` Էջմիածնի Քաղխորհրդի դեպուտատ: Այդ ահռելի շինարարություն ծավալած ժամանակահատվածում շահագործման հանձնվեցին Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի համալիրը, 1959-1961թթ. Զվարթնոց օդանավակայանի թռիչքուղին եւ համալիրը, որի կառուցող ինժեներն էր Ժ. Աբելյանը, եւ որտեղ առաջին անգամ վայրէջք կատարեց ՍՍՀՄ ղեկավար Խրուշչովը: 1962-1966թթ. կառուցվեցին Հոկտեմբերյանի պահածոների, կոնյակի, ապակե տարաների ու հաստոցաշինական գործարանները եւ մի շարք բնակելի շենքեր Երեւանում, Էջմիածնում, Արտաշատում, Հոկտեմբերյանում, Մեծամորում եւ այլուր: Շինարարության բնագավառում կատարած բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար 1970թ. Ժորա Աբելյանին շնորհվել է Հայաստանի Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Վաստակաշատ շինարարի ղեկավարած շինտրեստի կողմից իրականացվել է «Սարդարապատի ճակատամարտ» հուշարձանի եւ իր թանգարանային համալիրի կառուցումը, որի համար Ժորա Աբելյանը 1981թ. պարգեւատրվել է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի Պետական մրցանակի դափնեկրի կոչումով: Այնուհետեւ Ժորա Աբելյանի անմիջական մասնակցությամբ մեկը մյուսի ետեւից շահագործման են հանձնվում Էջմիածնի եկեղեցու լճի տակ կառուցված գինու գործարանը, Բաղրամյանի հացամթերումների կոմբինատը, մանվածքային ֆաբրիկան Մարալիկում, կիսահաղորդիչների գործարանները Էջմիածնում, Աշտարակում, Ապարանում, Օրգով գյուղի մոտ գտնվող անտենային չափումների գծով ՍՍՀՄ պետական էտալոնային կենտրոնը` Պարիս Հերունու ղեկավարությամբ: Հատկանշական է Ժ. Աբելյանի մասնակցությունը Մարզահամերգային համալիրի կառուցմանը: 1987թ. Ժ. Աբելյանը զբաղեցնում էր Հայագրոարդշին պետական միավորման պետի պաշտոնը: Իսկ 1988թ. աշխարհավեր երկրաշարժից հետո Ժ. Աբելյանի ջանքերով ստեղծվեց «Ռուսագրոարդշին» միավորմանը պատկանող «Սպիտակագրոարդշինը», որի կառավարիչը նա էր, եւ հենց նրա անմիջական ղեկավարությամբ ահռելի ծավալի վերականգնողական աշխատանքներ կատարվեցին աղետի գոտում: 1989թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության «Հայվերականգնում» մասնագիտացված տրեստում, որպես կառավարիչ, Ժ. Աբելյանը մեծ ներդրում ունեցավ պատմական հուշարձանների եւ եկեղեցիների վերականգնման գործում: Ու, փաստորեն, կյանքի 60-րդ գարնան շեմին նա, իր մեծ աշխատանքային փորձով ու հմտությամբ, ոտք դրեց գործունեության մի նոր բնագավառ: Ժողովրդի կողմից դարերով կերտված կոթողներն ու կառույցները, այդ ժողովրդի հասցեն դարձած հազարավոր հուշարձանները սպասում էին նրան, սպասում էին ինչպես հիվանդը` բժշկին, մշտապես հուսալով, որ նոր կյանք է տրվելու իրենց, եւ անկասկած, նրա անմիջական մասնակցությամբ մի մեծ ներդրում կատարվեց հուշարձաններին նոր կյանք տալու գործում: 1989թ. Գերմանիայից ժամանած մի խումբ մասնագետների հետ համատեղ` Ժ. Աբելյանը մասնակցեց Աշտարակի շրջանի Ամբերդի ամրոցի վերականգնմանը: 1990թ. Վենետիկից ժամանած իտալացի մասնագետների հետ Ժ. Աբելյանը մասնակցեց Լենինականի Ամենափրկիչ եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիների եւ «Կումայրի» ճարտարապետական թանգարան-արգելոցի վերականգնման աշխատանքներին: Այդ ժամանակահատվածում վերականգնվեց Զվարթնոցի տաճարը: 1991թ. Ժ. Աբելյանը աշխատել է` ՀՀ սննդի արդյունաբերության, 1992թ.` ՀՀ Գյուղատնտեսության եւ պարենի նախարարություններում` որպես Կապիտալ շինարարության գլխավոր վարչության պետ: 1999թ. Ժ. Աբելյանը, որպես հիդրոտեխնիկական կառույցների գլխավոր մասնագետ, մասնակցել է հանրապետության գյուղատնտեսության համար խիստ կարեւոր օբյեկտների, այդ թվում` Արմավիր մարզի Առատաշեն եւ Նորակերտ գյուղերի ոռոգմանան15 կմ-անոց ջրագծերի, Շիրակի մարզի Արեւիկ գյուղի 5 կմ-անոց ջրագծի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 3 կմ-անոց ջրագծի կառուցմանը, բազմաթիվ խմելու եւ ոռոգման ջրամբարների շինարարությանը, Հոկտեմբերյանի Այղր լիճ ջրատարի շինարարությանը, Հոկտեմբերյանի շուրջօրյա ջրահավաք ջրամբարների 20.000 լիտր տարողությամբ շինարարությանը եւ այլ հիդրոտեխնիկական կառույցների ստեղծմանը: Վաստակաշատ շինարարն իր անբասիր աշխատանքի համար կառավարության կողմից պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Կարմիր դրոշի» երկու շքանշաններով, Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով եւ մի շարք այլ շքանշաններով: Չնայած իր բազմազբաղ լինելուն, Ժ. Աբելյանը շատ արվեստասեր եւ գրականասեր անձնավորություն էր եւ իր ուժերի ներածի չափով աշխատել է օգտակար լինել հայտնի գրողներ Համո Սահյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Վահագն Դավթյանին, Խաժակ Գյուլնազարյանին, վաստակավոր նկարիչներ Նիկոլայ Նիկողոսյանին, Վահան Խորենյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Վաղինակ Սարգսյանին եւ էլի շատ-շատերին: Արդեն հինգ տարի է`Ժ. Աբելյանը մեզ հետ չէ, սակայն նա սերունդներին է ժառանգել նոր կառույցներ եւ վերականգնված կոթողներ:
Աստղիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ