Հարցաքննել են

21/02/2012

Երեկ «Արայ» խանութի սեփականատեր Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործի շրջանակներում, նոր ի հայտ եկած հանգամանքների շուրջ, որպես վկա` հարցաքննվել է «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նշենք, որ շաբաթ օրը «Հետքը» հրապարակել էր «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով» հոդվածը, որում ներկայացվել էր նաեւ Արմեն Պետրոսյանի քրոջ` «Հետքին» տված տեսագրությունը: Նույն օրը` փետրվարի 18-ին, Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործով զբաղվող քննչական խումբն այցելել է նրա քրոջը` Արմինե Պետրոսյանին, նրանից վերցրել բացատրություններ եւ նշյալ տեսագրությունը պարունակող խտասկավառակը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքին» տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն արդեն իսկ հանձնարարել է նախաքննական մարմնին` Ոստիկանությանը, քննության առարկա դարձնել նշված հրապարակումը: