Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը: Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, օպերատիվ հավաքի նպատակն է` բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները` ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, ներկայացնել Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ուժային այլ կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը: Օպերատիվ հավաքին մասնակցում են ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաեւ` Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Ի դեպ, երեկ հայ-ադրբեջանական շփման գծի ճակատամերձ հատվածում հերթական զորավարժություններն են սկսել Ադրբեջանի Զինված ուժերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, ըստ որի` զորավարժություններում ներգրավված են ցամաքային ու ռազմաօդային զորքերը եւ վերջին տարիներին Ադրբեջանի գնած սպառազինությունը: Մեկշաբաթյա զորավարժությունները ղեկավարում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: