«1988-ին քաղաքական այսպիսի ակտիվություն չկար, բնապահպանական շարժումը բերեց քաղաքական ակտիվություն: Այսօր ՀՀ-ում այլ իրավիճակ է, արդեն քաղաքական մեծ ակտիվություն կա, ակտիվացել են նաեւ քաղաքացիական նախաձեռնությունները: Կարծում եմ, որ սա դրական պրոցես է, եւ քաղաքացին փորձում է պաշտպանել իր իրավունքները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բնապահպանական այս շարժումը 1988թ. նման առաջացնի քաղաքական հզոր շարժում: Բնապահպանական այսօրվա շարժումների մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե դրանց հետեւում արտաքին ուժեր են կանգնած, որովհետեւ այդ կազմակերպություններն աշխատում են դրամաշնորհներով: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ամենամեծ` միլիոնավոր դոլարների դրամաշնորհ ստացողներն իշխանություններն են: Այս դեպքում պետք է ասենք` իշխանությունն այդ գրանտների արդյունքում մեր ամբողջ երկիրը քանդե՞ց»,- ավելացրել է պատգամավորը: