ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ասել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ընտրություններից առաջ ընդդիմությունը հավասար պայմաններում չգործի եւ դատապարտված լինի պարտության: «Ես եղել եմ Հրազդանում եւ փաստում եմ, որ Սասուն Միքայելյանի քայլը բարդացրեց իշխանությունների վիճակը: Իշխանությունը, ինչպես նաեւ` ՀԱԿ-ը, շատ հստակ վերահսկում էին ընտրությունների ընթացքը: Բայց շնորհիվ իրավիճակը վերահսկելու` մենք 47%-ի հաղթանակ արձանագրեցինք: Սա մեծագույն հաղթանակ է եւ նշանակում է, որ ՀԱԿ-ը մեծ ընտրազանգված ունի: Մեզ համար պարզ է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Ս.Միքայելյանը: Հայտնի է, որ մոտ 4000 մարդու ահաբեկելով, կաշառելով, նրանց անձնագրային տվյալները խեղաթյուրելով` ներառել են ցուցակների մեջ: Հենց նրանց շնորհիվ էլ հաղթանակ տարավ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: ՀԱԿ-ը, սակայն, այս ամենից չի հուսահատվում, եւ համարում է, որ ընտրություններն ամենահստակ մոբիլիզացիոն միջոցն են ժողովրդին միատեղելու եւ քաղաքական իրավիճակն առողջացնելու համար»,- ասել է նա, ում կարծիքով` ընտրակեղծիքներին դիմակայել անկարող են անգամ ԺՀՄԻԳ-ի դիտորդները, որոնց ներկայությամբ ընտրակեղծարարները գործում են օրինականության շրջանակներում, իսկ նրանց` ընտրատեղամասից հեռանալուց հետո շարունակում են իրենց կեղծարարությունը: «Միջազգային հանրությունը հասկանում է, որ ՀՀ-ն ընտրությունների առումով Եվրոպայի հիվանդ մասն է, եւ ուշադրության կենտրոնում է պահում այն,- ասել է Զուրաբյանը` ավելացնելով,- Հայաստանյան ընտրությունները նման են «Գլադիատոր» ֆիլմի այն դրվագին, երբ Հռոմի կայսրը նախապես վիրավորում է գլադիատորին եւ նրան մարտի հրավիրում»: Նա ասել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրել սեփական թեկնածուներին, եւ պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ` ստեղծել միասնական շտաբներ: «Մենք պատերազմելու ենք իշխանությունների դեմ, եւ կհամագործակցենք ցանկացածի հետ, ով պատրաստ է պատերազմել»,- ասել է Զուրաբյանը: «ՀԱԿ-ը այլեւս նորություն չի ասում»,- երեկվա ասուլիսում էլ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` դրանով պայմանավորելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի հանրահավաքներին ավելի քիչ մարդ է մասնակցում: «ՀԱԿ-ում նաեւ ասում են, որ ճանապարհներն են փակում, դրա համար մասնակիցներ չկան: Տո ես համաձայն եմ, ենթադրենք, ճանապարհները փակվում են, բա էս միլիոնանոց քաղաքում մի 3000 մարդ չկա՞ ձեզ հավատացող»,- ասել է Մելիքյանը` ավելացնելով, որ դրանից 500-ը զբոսնողներ են, մյուս 500-ը` տարբեր ծառայությունների աշխատակիցներ: «Այսինքն` տակը մնում են իրենք` մի հարյուր հոգի, եւ մի հազար հոգի էլ կողքից բերում են, էն էլ` փողով»: