Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մերժվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը: Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակ առարկողը եղել է մեղադրող Հարություն Հարությունյանն, ով կրկին նշել է, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի: Այդ միջնորդության մերժումից հետո Մարգար Օհանյանը ցուցմունք է տվել: Նա հրաժարվել է իրեն վերագրվող մեղադրանքներից` ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ ինքը դրա կարիքը չի ունեցել, եւ այս ամենը «իր գլխին սարքել են» անձնական շահագրգռվածության հետեւանքով: «Այդ մեղադրանքը ինձ չի կպնում, սուտ է: Յուրաքանչյուր կտրոն համարակալված է, յուրաքանչյուր կտրոնի վրա պետք է դրված լինի տվյալ կնիքը, այնուհետեւ` ում տրվել է նրա պետհամարանիշի համարը,- հայտարարել է ՃՈ պետն ու հարց է ուղղել պետական մեղադրողին,- Հիմա եթե իմ ենթակա աշխատակիցները գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել, բայց ոչ ոք չգտնի սպանվածին, ինձ էլի ենթարկելու եք պատասխանատվությա՞ն: Նույնն է, երեք հոգի գրել են, որ ես բենզին եմ յուրացրել, բայց չկա ոչ բենզինը, ոչ էլ ապացույցը, իրենք էլ սխալ են գրել»,- ասել է նա` ավելացնելով, որ այս ամենն իր անունն ու բարի համբավը արատավորելու նպատակ է հետապնդում: Դիմելով դատարանին եւ լրագրողներին` Մարգար Օհանյանը նշել է, որ իր ընկերներին եւ բարեկամներին էլ Ոստիկանության համակարգից ազատել են նույնիսկ իր տուն գնալու եւ իր հետ շփվելու համար: Վերջինս նշել է նաեւ, որ իրեն միշտ հարցնում են, թե ինչո՞ւ չի ասում, որ ինքը յուրացրել է Ալիկ Սարգսյանի հետ, ու ասաց, որ նման բան չի եղել։ «Ես չեմ յուրացրել, որ մի հատ էլ ուրիշներին տայի»,- ասել է Մ. Օհանյանը:
«Սկսել են իմ հանդեպ ճնշումներ գործադրել, ասել են` թող գա ընկնի ոտներս, կներենք, բայց ես հայրենիքին նվիրված տղա եմ, ոչ մեկի ոտի տակը ընկնողը չեմ, սա իմ երկիրն ա, ես եթե հանկարծ ու մեղավոր էլ լինեի, ապա ես օրենքի առաջ կգնայի, ոչ թե երկրի»,- հայտարարել է նա: Օհանյանը հուզված տոնով նշել է, որ ամբողջ օրը իրեն են ցույց տալիս հեռուստատեսությամբ եւ որպես յուրացնող են ներկայացնում: «Այ լրագրողներ ջան, ինչի՞, իմ թոռներն են նայում, ասում են` պապին յուրացնող ա, բայց ես էդ բենզինի կտրոնը սկի տուն չեմ տարել, համ էլ իմ մեքենան ես էդ բենզինից սկի չէի էլ լցնի, համ էլ ինձ հարիր չէր, որ ես գնայի կտրոնով բենզին լցնեի»,- ասել է նա: Մ. Օհանյանին վրդովեցրել է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես է կես ժամում վկայից դարձել կասկածյալ եւ տեղում ձերբակալվել: «Նենց եկան դիմակավորներով ինձ տարան, ոնց որ ես փախնելու էի, չէ, ես չեմ փախնի, էս իմ երկիրն ա, ես ստեղ հոր գերեզման ունեմ, թող իրանք ինձանից փախնեն»,- հայտարարել է Մարգար Օհանյանը: Նիստի ընթացքում դատախազ Հարությունյանը Մ. Օհանյանին հարցրել է, թե որ բարձրաստիճան ոստիկանի հետ է եղել լարվածությունը, ինչին ի պատասխան` ՃՈ նախկին պետն ասել է, որ իր հետ խնդիրներ է ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի մի շարք որոշումների հետ ինքը չի համաձայնվել: