Լրատվամիջոցներն օրերս գրել էին ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի մասին, ով Սադախլոյի անցակետում փախուստի փորձ կատարելիս` փետրվարի 19-ին, ձերբակալվել է: Նշենք, որ Հ. Ստեփանյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է, տարիներ շարունակ աշխատել է Ռազմական ոստիկանությունում` Վ. Գասպարյանի տեղակալի պաշտոնում: Ապա, Վ. Գասպարյանի` ՀՀ Պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո Հ. Ստեփանյանը եղել է նրա օգնականը, այնուհետեւ, Գասպարյանի` ՀՀ Ոստիկանապետ նշանակվելուց հետո, նա նշանակվել է Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում: Նշվում էր, որ Ստեփանյանի` Ռազմական ոստիկանությունում ծավալած բազմամյա ապօրինությունների մասին նախագահականում ամիսներ շարունակ նյութեր են կուտակվել, որոնք էլ հիմք են հանդիսացել, որպեսզի նա ԱՄՆ-ից վերադառնալուն պես պաշտոնանկ արվի եւ ձերբակալվի: Այս տեղեկատվության հրապարակումից հետո բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ եղան Ոստիկանության երկու աշխատակիցների կողմից. Հայկ Ստեփանյանը հերքել է, թե ընդհանրապես իրեն ձերբակալել են, եւ այն, որ ինքը փորձել է հատել սահմանը, իսկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ Հայկ Ստեփանյանը փետրվարի 19-ին իսկապես փորձել է հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ նա Ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն` գրավոր չի իրազեկել: Մեր տեղեկություններով, սակայն, Հ. Ստեփանյանը վաղուց արդեն իր նախկին գործունեության համար համապատասխան մարմինների կողմից հսկողության տակ է եղել: Ասում են, որ նա մի քանի տասնյակ զինծառայողների «լավություն» է արել` նրանց ծառայությունից ազատելու դիմաց: Ըստ մեր աղբյուրների` նա դրա դիմաց խոշոր գումար է վերցրել այդ զինծառայողների հարազատներից: Զինվորական ոստիկանության պետի` վերջին փոփոխություններից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով համակարգում ստուգումներ են վերսկսվել այդ կապակցությամբ: Երբ պարզվել է, որ տասնյակ զինվորներ ծառայությունը տանն են անցկացնում` հրահանգ է տրվել նրանց ծառայության կանչել, բերման ենթարկել: Ասում են, որ դրանից հետո այդ զինծառայողների հարազատները բողոքել են` պահանջելով հետ վերադարձնել իրենց տված գումարները: