Տոն, որ միշտ մեզ հետ չէ

25/11/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նոյեմբերի 27-ի հանրաքվեին մնացել է երեք օր։ Երեք օր հետո կավարտվի ամիսներ տեւած այն աղմուկը, որ կոչվում է սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծի հանրաքվեի նախապատրաստություն։ Երեք օր անց մենք անշուշտ կունենանք ոչ թե փոփոխված, այլ նոր սահմանադրություն։ Ազգային ժողովը պետական տոների մասին օրենքում փոփոխություններ կատարելով՝ Հուլիսի 5-ը կդարձնի Նոյեմբերի 27։ Ամառային արձակուրդի շրջանից մի տոն աշնանային ուսումնաշրջան տեղափոխելը դուր կգա հատկապես ընտրական իրավունք չունեցող զանգվածին եւ կայուն աշխատանք ունեցողների զգալիորեն փոքր հատվածին, որ ուրեմն ձեռնամուխ մի օր էլ կկարողանան հանգիստ քնել մինչեւ տասներկուսը։

Ինչպես մեր բոլոր պետական ու ոչ պետական տոներն, այս մեկն էլ երբեք չի նշվի շուքով։ Մարդիկ իրար ծաղիկներ չեն նվիրի, գինով ու այլ ոգելիցներով սեղաններ չեն բացվի։ Լավագույն դեպքում կգնան քաղաքի պիցերիաներում կամ բիստրոներում ճաշելու, ինչն այլ օրերին էլ են անում։

Մի-երկու տարի, հետո բյուջեի միջոցները կսկսեն խնայել, նախագահն ընդունելություն կկազմակերպի մայրաքաղաքի մեծ սրահներից մեկում, որին կհրավիրվեն կոալիցիայի եւ հարակից կուսակցությունների պատգամավոր եւ անպատգամ մարդիկ, պետական ապարատին առընթեր արվեստագետներ, Հայրենիքը կորցրած անձանց միավորող կազմակերպությունների անդամներ, երբեք «ոչ» չասող երիտասարդներ ու պատանիներ, ում նախապես կզգուշացվի` սեղանի մոտ շնորհքով պահել իրենց։ Մի խոսքով, նախագահը հնարավորություն կունենա տեսնելու հանրապետության ամբողջ քծնազանգվածը։

Կոալիցիայի եւ հարակից կուսակցությունների պատգամավոր եւ անպատգամ մարդիկ` այս կարեւոր գործում մեծ «ամագ» ունեցողի կեցվածք ընդունած, կխոնարհվեն նախագահին։

Հայրենիքը կորցրած անձանց միավորող կազմակերպությունների անդամների դեմքին մի այնպիսի ժպիտ կլինի, ասես կորած հայրենիքներն են գտել։ «Նաիրի» կոնյակի բույրով արբեցած` նրանցից մեկը նախագահի ականջին մեղմիկ կշշնջա, թե «լիազորություն-միազորություն չգիտեմ, մեր թագավորը դու եղել ես, դու էլ կաս»։ «Լիազորություն» բառն ակնհայտորեն դուր չի գա նախագահին, բայց նա քաղաքավարությունից դրդված կժպտա։

Առընթեր արվեստագետները միահամուռ կորոշեն ձայնի իրավունքը տալ իրենց միջի ավագին։ Ավագը լոռեցու բարբառով եւ հուզառատ դադարներով կպատմի, թե ոչ հեռավոր 2005 թվականի նոյեմբերի 28-ին իր ծառայողական մեքենայի պատուհանից ոնց է նկատել կանգառում կանգնած երջանիկ մարդկանց։ Նախագահի դեմքը կմնա անփոփոխ, իսկ առընթեր արվեստագետը կշարունակի. «Պարո՛ն նախագահ, էդ թղթի վրա գրած-մրածը մեզ համար` հեչ, էս երկիրը քեզ ենք տվել, քեզանից էլ սպասում ենք, որ մի բան լավանա»։ Առընթեր արվեստագետներից մեկը կողքից կհուշի՝ արտագաղթի մասին ասա, արտագաղթի։

Սրահի հեռավոր անկյունից բառաչի նման մի ձայն կլսվի։ Բոլորը կշրջվեն ձայնի կողմն ու ի՜նչ… Արդեն լավ հարբած ջահելները՝ բաժակները չրխկացնելով, գոչում են «Աաաայո՛»։ Նախագահը հայացքով կփնտրի թիկնազորի պետին։ Թիկնապահները կմոտենան եւ կարգի կհրավիրեն ջահելներին, իսկ համալսարանի մի ռեկտոր՝ դառնալով կողքին կանգնած մարզպետներից մեկին, կասի՝ սրանք ըտենց էլ իրանց պահել չսովորեցին։ Մարզպետը քմծիծաղ կտա. «Էսի հլը լավ ա, ասա չուռեն-ծակվեն»։ Զրույցին կմիջամտի կանանց հասարակական ինչ-որ կազմակերպության ներկայացուցչուհի. «Պարոն մարզպետ, բա հիշո՞ւմ եք, որ Ռոտշիլդի ֆոնդի դրամաշնորհով ուզում էինք ձեր մարզում թմրամոլության մոնիտորինգ անցկացնել, չթողեցիք»։ «Քուր ջան, էդ փողը տվեք մեզ, սաղ տարածքում կանեփի քոլերն արմատախիլ կանենք, թե չէ` մանիտորինգ, էսյան, էնյան»։

Մարզպետին մի պահ կթվա, թե իր ասած «էսյան, էնյան»-ն արձագանքում է, կշրջվի-կտեսնի` նախագահի թիկնազորի պետը ներկաներին հրմշտելով՝ արդեն հեռացող նախագահի ճանապարհն է բացում։ Շատերի համար միջոցառումը կկորցնի իմաստը, բայց խմիչքի եւ համադամ ուտեստների առկայությունը թույլ չի տա շուտ հեռանալ։

– Արա, էս ապազիցյայից մարդ չկա՞ր,- զարմացած կհարցնի տեղական ինքնակառավարման մարմնի մի ներկայացուցիչ։

– Չէ, ապե, իրանք Մատենադարանի մոտ հեղափոխության տոնն են նշում, հի-հի-հի,- կհնչի պատասխանը։

Նույն պահին Մատենադարանի մոտ իսկապես ոչ սակավամարդ մի հանրահավաք կլինի։ Արամներն ու ստեփաններն՝ իրար հերթ չտալով, ելույթ կունենան եւ կասեն. «Նոյեմբերի 28-ին չստացվեց, կանենք նոյեմբերի 29-ին, չէ, չէ, ժողովուրդ ջան, նոյեմբերի 29-ը Հայաստանի սովետականացման օրն ա, 30-նն էլ կլոր թիվ ա, էկեք անենք դեկտեմբերի մեկին»։

Հանրահավաքին հեռվից հետեւող Ալբերտ Բազեյանը՝ լսելով վերջին ամսաթիվը, դառնացած քմծիծաղ կտա. «Ձյունն էկավ, ի՞նչ եք անելու։ Ինֆրաստրուկտուրա չկա»։