Հայաստանի ժողովրդագրական խիստ անհանգստացնող իրավիճակի վերաբերյալ վերջին շրջանում խոսում են ոչ միայն փորձագետները, այլեւ պաշտոնյաները:
Ներկայումս մեր ազգաբնակչության 13%-ը կազմում են կենսաթոշակային տարիքի քաղաքացիները: Որոշ կանխատեսումներով` այս ցուցանիշն ապագայում կհասնի 20%-ի: Մասնագետների գնահատմամբ` եթե 70-ականներին 6 աշխատող մարդուն բաժին էր ընկնում մեկ թոշակառու, ապա այսօր մեկ թոշակառուի բեռը կրում է 1 աշխատող: Հարկ է նաեւ նշել, որ ծնելիության մակարդակը բավարար չէ ներկայիս բնական վերարտադրության համար, եւ բնակչության մեծ արտահոսքն էլ իր հերթին նպաստում է ժողովրդագրական տխուր պատկեր ունենալուն: Մի խոսքով` Հայաստանը տարեցտարի կորցնում է մարդկային ներուժը, ինչը խիստ մտահոգիչ է: Վերջերս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը հայտարարել է, որ հայ երիտասարդները լքում են երկիրը` դրսում բարեկեցություն եւ ավելի լավ ապագա փնտրելու ակնկալիքով: Հայաստանի համար ժողովրդագրական ցուցանիշները համարելով ցավալի խնդիր` նա նշել է, թե ՀՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն` երիտասարդությանը Հայաստանում պահելու եւ նրանց ռեսուրսներն ի նպաստ երկրի զարգացման օգտագործելու համար: Ինչեւէ, Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ են համարվում ծնելիության ցածր մակարդակը, մահացության աճը, բնակչության ծերացումը, ինչպես նաեւ` միգրացիայի միտումները: Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ ահազանգեր հնչեցվել են դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավներում գրեթե բոլոր կուսակցությունների կողմից: Բոլոր թեկնածուների եւ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մի զգալի հատված նվիրված է բնակչության թվի աճի միտումներին եւ բնական վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներին: Քաղաքական ուժերն այսօր էլ Հայաստանի բնակչությանը կոչ են անում շատ երեխաներ ունենալ` հորդորելով, որ առաջիկայում մեր օրենսդրական դաշտով կպաշտպանվեն բազմազավակ ընտանիքները: Վերադառնալով 2007թ.` փորձենք հասկանալ, թե որ կուսակցությունն այս ոլորտի համար ինչ էր խոստացել եւ այս տարիների ընթացքում արդյո՞ք այդ ծրագրերը կյանքի են կոչվել: Օրինակ` ՀՀԿ-ի 2007թ. նախընտրական ծրագրի սոցիալական հատվածում զետեղված է հետեւյալը. «Տարեցները պետք է ունենան ապահովված ծերություն, երիտասարդները` աջակցություն կյանք մտնելիս, աշխատող մարդը` իր եկամուտներով արժանապատիվ ապրելու հնարավորություն: Երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու եւ կենսապայմանների զգալի բարելավում ապահովող ծրագրերի իրագործում: Բազմազավակ ընտանիքների միանվագ աջակցության քայլերի զուգակցում կենսապայմանների շարունակական բարելավման ծրագրերի հետ: Աջակցություն նորաստեղծ ընտանիքներին: Բազմանդամ ընտանիքների միանվագ եւ շարունակական աջակցության զգալի մեծացում: Ժողովրդագրական խնդրի լուծման ազգային ծրագրի մշակում եւ իրականացում»: Մի խոսքով` ՀՀԿ-ն իշխանության գալուց հետո խոստանում էր ապահով ծերություն, արժանապատիվ կյանք, աշխատանքի ռեսուրս եւ բազմազավակությունը խրախուսող զգալի պետական աջակցություն: Կարծում ենք` ավելորդ է նույնիսկ նշել, որ այս խոստումներից եւ ոչ մեկն այսօր իրականություն չէ:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականությունն ավելի շատ արձանագրային է: Ինչպես հաշմանդամության, այնպես էլ ժողովրդագրական ոլորտում ԲՀԿ-ն միայն պատկերավոր նկարագրել է իրավիճակը` դրանք բարելավելու կոնկրետ մեխանիզմներ չառաջարկելով. «Տնտեսական վերափոխումների հաշվեկշռվածության, կայունության, ժողովրդավարացման գործընթացների անշրջելիության ապահովման, ինչպես նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակչության արտագաղթի կանխման, ծնելիության մակարդակի բարձրացման եւ սոցիալական մի շարք այլ հիմնախնդիրների լուծման կարեւորագույն պայման է հանդիսանում ՀՀ-ում նպատակային, հասցեական եւ արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը»: ԲՀԿ-ն անհրաժեշտ է համարում արմատական քայլեր ձեռնարկել այնպիսի լուրջ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են` աղքատության բարձր մակարդակը եւ բնակչության դրամական եկամուտների խիստ բեւեռացումը, ծնելիության եւ կյանքի միջին տեւողության անկմամբ պայմանավորված բնակչության ծերացումը եւ բնական աճի նվազումը, ինչպես նաեւ` դրանց հետեւանքով ստեղծված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակը: Ի դեպ, ԲՀԿ-ն նաեւ խոստացել էր բնակչության մահացության մակարդակի նվազեցման եւ ծնելիության ցուցանիշների բարելավման համար նախադրյալների ստեղծմամբ ժողովրդագրական իրավիճակի բարելավում:
Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա ավելի նպատակահարմար է այդ կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրի սոցիալական հատվածին չանդրադառնալ, քանի որ, բացի ֆանտաստիկ բնույթի շարադրանքներից, ՕԵԿ-ի 2007թ. նախընտրական բուկլետն ինչ-որ տեղ նաեւ կատալոգ է, հետեւաբար` այն անհրաժեշտ է դիտել, ոչ թե կարդալ: ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի ամեն ոլորտում տպագրված են նաեւ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի լուսանկարները: Օրինակ` «Երիտասարդական քաղաքականություն» հատվածում Ա. Բաղդասարյանը ջահելների հետ շուրջպար է կազմել, «Կենսաթոշակային համակարգ» հատվածում ծերունիների հետ զրույցի է բռնվել, «հաշմանդամների» հատվածում սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող մի մարդու ինչ-որ բան է շնորհում: Բարեբախտաբար, ծնելիության մասին խոստումներ Ա. Բաղդասարյանը տվել է առանց սեփական օրինակով բնորոշող լուսանկարի:
Ինչեւէ, վերոնշյալ երեք կուսակցությունները 2007թ. խորհրդարանական ընտրությունները հաղթահարեցին եւ իշխանական կոալիցիա կազմեցին, հետեւաբար տիրապետում էին բոլոր այն լծակներին, որի միջոցով կարող էին իրենց ծրագրերը կյանքի կոչել: Հինգ տարի շարունակ լինելով Հայաստանի իշխանություն` թե որքանո՞վ փոխվեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը` դատեք ինքներդ: Այսօր էլ` մեր երկրում ծնելիության մակարդակը չի գոհացնում մասնագետներին, մահացությունը երիտասարդացել է, բնակչությունը ծերացել է, երիտասարդներն արտագաղթում են, իսկ երկու երեխայից ավելի քչերն են համարձակվում ունենալ: Դրան զուգահեռ` տարեցտարի ավելանում են ինքնասպանության դեպքերը:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան համար պետությունը, որպես խրախուսանք, 50.000 դրամի աջակցություն է ցուցաբերում ընտանիքներին, իսկ երեք երեխայից ավելիի դեպքում` 430.000 դրամ: Բացի դա, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին` որպես իր եկամուտների փոխհատուցում, նշանակվում է 18.000 դրամ երեխայի խնամքի նպաստ: Հայաստանում բազմազավակ ընտանիքների թիվը կհրապարակվի 2011թ. հեկտեմբերին իրականացրած մարդահամարի տվյալների վերջնական ամփոփումից հետո: Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրինագիծը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: Նախագծի համահեղինակ` ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս հայտարարեց, որ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» նախագծի նպատակներն ամրագրված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ`ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, եւ նախագծի հիմնադրույթները շարադրվել են այդ ծրագրային դրույթներից ելնելով: Նախագծով նախատեսվում է երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին համարել բազմազավակ եւ տրամադրել բազմաթիվ արտոնություններ` բնակարանային, առողջապահական, կոմունալ ծախսերի, եւ այլն: Այս նախագիծն արժե շուրջ 50 մլրդ 800 մլն դրամ: Ընդ որում, ըստ Գ. Մելիքյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությանը եւ ԱԺ-ին կարճ ժամանակահատվածում ֆինանսական միջոցներ հայթայթելու հանձնարարական է տվել: Ավելին` ԱԺ պատգամավոր Գ. Մելիքյանը վերջերս հայտարարեց, որ շուտով այս նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձեռք բերելու համար իրենք ժողովրդին ասելիք կունենան: Առաջիկայում մենք կփորձենք Գ. Մելիքյանից որոշ տեղեկատվություն ստանալ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրինագծի վերաբերյալ` հասկանալու համար` արդյո՞ք այս օրինագծի մասին հայտարարությունները զուտ նախընտրական չեն: