Փետրվարի 18-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հոսանքահարվելով ինքնասպան է եղել դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Հ. Դոխոլյանը 2004 թ. փետրվարին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 104 հոդվածի 2 մասի 6-րդ կետով (սպանություն`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 112 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 235 հոդվածի 1 մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Հ. Դոխոլյանը թողել է գրություն, որով հայտնել է, որ ինքը զզվել է ապրելուց: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: