Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Հունվարյան տոներին մեր աշխատած եւ ճիշտ չհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցին մեր համբերության բաժակի լցվելուն, եւ ուզում ենք Ձեզ ներկայացնել «Ախթալայի ԼՀԿ»-ում ստեղծված իրավիճակը, խնդրելով Ձեզ, որպես ՀՀ նախագահի, համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ մեզ եւ կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող հարցերին. 1. 2012թ. հունվարի աշխատավարձը էապես տարբերվում է 2011թ. հունվարին վճարված աշխատավարձից, ինչը, մեր կարծիքով, հետեւանք է տոնական օրերին մեր աշխատավարձի դիմաց ճիշտ չհաշվարկելուն: 2. Այն ժամանակ, երբ պղնձի գներն իջան մինչեւ 3500 դոլար, մեր աշխատավարձերը կրճատեցին 20 տոկոսի չափով, իսկ այսօր, երբ պղնձի գինը 8500 դոլար է, մեր աշխատավարձերը մնում են ճգնաժամային մակարդակի վրա:
3. Տարիներ շարունակ մեզ չի տրամադրվում բանվորական արտահագուստ, օրենքով հասանելի սնունդ, կաթ եւ պայմաններ չեն ստեղծված գոնե ընդմիջման ժամանակ մեր կողմից տարված սնունդն ընդունելու: 4. Չնայած «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ստացվող գերշահույթներին, լուրջ կապիտալ ներդրումներ չեն կատարվում, այդ թվում նաեւ` տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով:
5. Մի շարք արտադրամասերում, օրինակ` ջարդման արտադրամասում, չեն պահպանվում սանիտարական նորմերը, եւ հարյուրավոր մետրերի վրա լայն շերտով նստող պղնձափոշին նստում է նաեւ մարդկանց թոքերին, իսկ լաբորատորիայի աշխատողներն ընդգրկված չեն վնասակար աշխատողների ցանկում: 6. Չնայած կոմբինատի կողմից հաստատվող 140.000 դրամ միջին աշխատավարձի, այդքան աշխատավարձ ստանում են միայն հորատող բանվորները, իսկ մնացածի աշխատավարձը` 35-50 հազար դրամ է եւ ի հաշիվ վնասակար եւ թունավոր արտադրամասերում աշխատելու գործակիցների, կազմում է 80-120 հազար դրամ, եւ սա` այն դեպքում, երբ «Ախթալայի ԼՀԿ»-ն ավելի շատ արտադրանք է տալիս, քան Վանաձորի բոլոր ձեռնարկությունները միասին վերցրած: 7. Մեր կյանքի եւ առողջության համար մեծ վտանգ է Շամլուղի բաց հանքի առկայությունը, որը շահագործվում է առանց համապատասխան տեխնիկական հիմնավորումների, եւ մեծ է վտանգը, որ կարող է լինել մեծ սահք, որի արդյունքում հողի տակ կարող են մնալ տասնյակ աշխատողներ եւ ծանր տեխնիկա: 8. Ախթալայի եւ Շամլուղի բանվորների տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հասարակական մի քանի շենքերը եւ, որ զարմանալի է, Ախթալայի ու Շամլուղի բաշխիչ էլ. ցանցերը պատկանում են «Ախթալայի ԼՀԿ»-ին, որտեղ ԼՀԿ-ն ոչ մի ներդրում չի կատարում, գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն ծառայում մեր երկու համայնքների բնակչությանը: 9. Ախթալայի զարդը համարվող հայտնի Արամյանցի դղյակը 2005թ. ընդամենը 1.200.000 դրամով դարձել է «Ախթալայի ԼՀԿ»-ի սեփականությունը` պայմանով, որ առնվազն 15 տարի այն պետք է ծառայի որպես տուրիստական հանգրվան` ստեղծելով աշխատատեղեր եւ նպաստելով տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը:
Արդեն անցել է 7 տարի, բայց միայն Սերոբ Տեր-Պողոսյանի մոր եւ հոր հիշատակի հուշարձանն է կանգնեցվել եւ սեփական տուն է կառուցվել` առանց օրինական հիմքերի:
Այս ամենի արդյունքում, չնայած «Ախթալայի ԼՀԿ»-ն անցած տարի ունեցել է մոտ 6.5 մլրդ դրամի հասույթ, Ախթալա եւ Շամլուղ քաղաքների բնակչության այն մասը, որ աշխատում են ֆաբրիկայում եւ հանքերում, մեծ մասամբ կքված են վարկերի բեռի տակ, որոնցով փակում են խանութներում իրենց պարտքերը, ստիպված արտագաղթում են Հայաստանից, որպեսզի ապահովեն ընտանիքի գոյապահպանությունը: Ախթալայի եւ Շամլուղի բնակիչները հնարավորություն չունեն լիարժեք օգտվելու ակումբներից, հասարակական նշանակության այլ օբյեկտներից:
Դիմելով Ձեզ` ակնկալում ենք, որ համապատասխան իրավասու մարմինների միջոցով լուծում կտրվի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի մի քանի հարյուր աշխատակիցներին մտահոգող հարցերին` անկախ ստորագրել-չստորագրելու հանգամանքից: Մեծարգո պարոն նախագահ, հավատացած ենք, որ մեզ հուզող հարցերին լուծում կտրվի, եւ մենք երբեք չենք լքի մեզ համար շատ հարազատ մեր պապենական հողը»: