Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան երեկ հայտարարել է, թե ցեղասպանությունների մասին օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Բաքուն կհայտնի իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ: Նրա խոսքով` Ֆրանսիան` լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, չի կարող չեզոք գործել, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբում: «Մինսկի խմբի ջանքերը 20 տարիների ընթացքում արդյունք չեն տվել: Ադրբեջանն արդարացի կերպով իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ: Վերջին իրադարձությունները լցրեցին համբերության բաժակը»,- ասել է Մուրադովան: Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ ապացուցել է, որ ինքը հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը:
«Մենք կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը: Ադրբեջանի եւ նրա ժողովրդի համբերությունը, իհարկե, անսահման չէ, եւ երբ ժամանակը գա, մենք մեր խոսքը կասենք: Միջազգային առաքելության ձեւաչափի փոփոխության հարցն իրական է, սակայն անհնար է միանշանակ կերպով ասել, թե ինչպես է հնարավոր փոխել համանախագահության ինստիտուտը: ԵԱՀԿ անդամ երկրները կորոշեն այն երկրների փոփոխության ընթացակարգը, որոնց քաղաքականությունը մեզ չի գոհացնում: Երբ հարցն իրական դառնա, մենք մեր խոսքը կասենք»,- ասել է նա: