ՀԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում ապօրինի է համարում Արդարադատության կողմից նոր «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն» գրանցելու փաստը: Ըստ ՀԱԿ-ի` այդպիսով փորձ է արվում «ակնհայտորեն ուզուրպացնել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հնչակյան կուսակցությունը» եւ հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին»: «Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության, խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: «Տեսնելով Հայ ազգային կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված եւս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը: ՀԱԿ-ը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը եւ պահանջում անմիջապես դադարեցնել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները»,- նշված է ՀԱԿ հայտարարությունում: