Սա Երեւանն է։ Այստեղ դու տա՞նն ես

18/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Բնապահպանական շարժումը, Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության շարժումն ունեն կարեւոր առանձնահատկություն` դրանք նախաձեռնում եւ իրականացնում են երիտասարդները: Նրանք երիտասարդ կուսակցականներ չեն, չեն ներկայացնում որեւէ ուսումնական հաստատության ուսխորհուրդը: Այս երիտասարդներն ունեն լավ կրթություն, պատկերացնում են` ինչ են ուզում, ազատ են կուսակցական պայմանականություններից եւ, ամենակարեւորը, իրենց զգում են այս երկրի լիարժեք տերը: Այս պահին էլ նրանք Մաշտոցի պուրակում են, ուր փորձում են քաղաքային իշխանություններին հասկացնել` այս պուրակը Մալաթիայի շուկայի վերածելուն իրենք դեմ են: Խոշոր իմաստով, սա մշակութային շարժում է` ուղղված հասարակական գիտակցության փոփոխությանը: Քաղաքը, բնությունը ընկալել որպես մինչեւ վերջ սպառելու, յուրաքանչյուր սանտիմետրը վաճառելու միջոց, ժամանակակից այս երիտասարդները չեն ցանկանում եւ թույլ չեն տալիս: Նրանց կարծիքը արժանի է հարգանքի: Եվ ներկայացման:

Զուցակիցներս են Հայկ Բիանջյանը` ֆոտոլրագրող, Գրիգոր Ղազարյանը` «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ, եւ Նարեկ Աշուղաթոյանը` «Ծիրանի» հասարակական կազմակերպության անդամ:

– Հա՛յկ, Դուք 2003-ից լուսանկարում եք Բուզանդի, Պուշկինի, մայրաքաղաքի մյուս փողոցները, ունեք հարուստ ֆոտոարխիվ` ինչպես էին տեղահանվում բնակիչները, ինչպես էին ապամոնտաժվում պատմական արժեք ունեցող շենքերը, հատվում ծառերը: Այսօր էլ լուսանկարելու համար հարուստ միջավայր է` մայրաքաղաքի ճարտարապետությունը տարբեր որակի եւ գույնի կտորներով կարկատած բաճկոնի է նման:

– Համաձայն եմ: Այս պահին էլ աչքիս առաջ է` ինչպես էին ապամոնտաժվում շենքերը` սիրողական մակարդակով, փնթի: Եթե հետեւեք իմ ֆոտոնախագծի ընթացքին, կտեսնեք` ոչ մի շենք չունենք, որը փրկվել է բարձրահարկ կառուցելու մոլուցքից ու պահպանվել իր տեղում: Սկզբում թալանվում է շենքի ինտերիերը` բանվորներին, հետաքրքրված այլ մարդկանց անհրաժեշտ են գերաններ, լուսամուտներ, դռներ: Շենքը մերկանում է, ապա ապամոնտաժվում են միայն ֆասադային հատվածի քարերը: Այն էլ` շատ անորակ: Ոչ մի ճարտարապետ կամ տեսուչ չեն հսկում այդ աշխատանքները: Կան շենքեր, որոնք քանդվել են էքսկավատորներով. ինչպե՞ս կարող են դրանք վերականգնվել տխրահռչակ «Հին Երեւան» նախագծով, որն արդեն 6 տարի է` շահարկվում է: Եվ հետո` շենքն ապամոնտաժվելով` կորցնում է «հուշարձան» կարգավիճակը:

– Մեր մտավորականներից մեկի կարծիքով` Երեւանը մեզ համար ոչ թե մայրաքաղաք է, այլ անշարժ գույք:

Նարեկ
– Դիպուկ է ասված: Մարդիկ «սեփականությունը» հասկանում են` որպես իրավական կատեգորիա: Հուշարձանը, որը դե յուրե կարող է լինել մեկի սեփականությունը, նաեւ իմ սեփականությունն է, որովհետեւ ես ապրում եմ այս քաղաքում եւ տերն եմ այս քաղաքի: Ինքը չի որոշելու, որ այդ հուշարձանը պետք է մեկ օրում հանի «հուշարձանների» ցուցակից եւ ավելացնի մեկ այլ ցուցակում:

– Ասում եք` «ինքը չի որոշում», սակայն, արի ու տես, որ ինքն է որոշում. խնդրեմ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տան օրինակը. մարդը գնել է այն եւ որոշել, որ այդ տեղում առավել հարմար է հյուրանոց կառուցել:

Նարեկ – Իսրայելյանի տունը հոգեւոր արժեք էր, որն իր նյութական էկվիվալենտը չուներ:

– Երիտասարդները պայքարում են` փրկելու կոնկրետ շենքը, կոնկրետ անտառը, ջրվեժը, այգին: Չե՞ք կարծում, որ սա, այդուհանդերձ, ֆրագմենտալ պայքար է: Այսօր կարելի է փրկել, դիցուք, Արամի 30 շենքը, մյուս օրը, եթե հաջողի, Մաշտոցի պուրակը: Սակայն սա պայքար է հետեւանքի եւ ոչ` պատճառի դեմ:

Հայկ – Ծովը կաթիլներից է բաղկացած: Մեր պայքարը, համաձայն եմ, այսօր կաթիլ է ծովում: Երեւանը քանդելու կամ մեծ շուկայի վերածելու մոլուցքը մեծ է, այդ ոլորտում ֆինանսական հզոր ներդրումներ են արվում, եւ դրա դեմ պայքարելն, ինչ խոսք, շատ դժվար է: Բայց մենք ուզում ենք դիմացի կողմին հասկացնել, որ հենց իրենց էլ է պետք դա. ներդրողը պիտի շահագրգռված լինի` չքանդել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքը, քանի որ ինքը դրանից կարող է շահույթ ստանալ: Մեր հարեւան Թիֆլիսում հիմա հակառակ գործընթացն է. այնտեղ ներդրումներ են արվում` վերականգնելու ամբողջական թաղամասեր:

– Քանդում են հին շինությունները, սակայն թաքնված կարոտ հնի հանդեպ, այնուամենայնիվ, կա. հավանաբար նկատել եք` վերջին տարիներին կառուցվող բոլոր ռեստորանները, հարսանյաց սրահները միջնադարյան ամրոցների տեսք ունեն:

Գրիգոր – Սարսափելի անճաշակ են:

– Սակայն ունեն մի հիմնավոր արդարացում` այնտեղ համեղ խորոված են պատրաստում:

Գրիգոր – Դրանք հենց խորովածի համար են նախատեսված: Չկա քաղաքաշինական ամբողջական կոնցեպցիա: Շինարարությունը շատ անհատականացված եւ շատ կետային է: Ներառել հին ճարտարապետական հուշարձանները նոր լուծումների մեջ. սա գլոբալացվող աշխարհում ժամանակակից քաղաքաշինական առաջադեմ լուծումներից է, որին հասնելու համար կամք է պետք եւ կրթություն:

– Դուք շփվում եք պաշտոնյաների հետ` ձեր պայքարի բերումով: Նրանց մտածելակերպի մեջ ի՞նչն է ձեզ աբսուրդ թվում. 40-50 եւ ավելի տարեկան մարդիկ են, թվում է` կրթված, իսկ կայացրած որոշումները որեւէ տրամաբանության մեջ չեն մտնում: Ի՞նչ արժե մետրոյի «Հանրապետություն» կայարանի հարեւանությամբ հյուրանոցային համալիր կառուցելու գաղափարը, երբ, թվում էր, կենտրոնում ազատ սանտիմետր չի մնացել:

Գրիգոր – Նախ` մեզ շատ զարմացնում է, որ արդեն կայացած, վաստակ ունեցող մասնագետները միմյանց լսել չեն կարողանում եւ չեն հարգում նրանց, ովքեր արդեն չկան: Նրանք իրենց լռությամբ նպաստում են քաղաքի դեմքն աղավաղող նախագծերի ընդունմանը, իսկ հետո, երբ դրա դեմ բողոքի շարժում է սկսվում, ասում են, որ իրենք եւս այդ որոշմանը դեմ են եղել: Ներքուստ: Հաջորդ օրը կարող ես տեսնել նրանց ստորագրությունն ինչ-որ անհեթեթ փաստաթղթերի վրա: Նախընտրական փուլում նրանց տված խոստումները եւ հետընտրական գործողությունները միմյանց շատ են հակասում: Սա եւս չենք հասկանում: Կուզեինք, որ այդ մարդիկ հարգեին միմյանց, միմյանց թողած ժառանգությունը, ստեղծած միջավայրը: Իսկ փառամոլությունը, եսասիրությունը թույլ չեն տալիս:

Նարեկ – Այն, ինչ այսօր կատարվում է, տեղի է ունենում հենց օրենքի շրջանակում: Սակայն օրենքները միմյանց հակասում են. մի կետն ասում է` կարելի է հուշարձանը տեղափոխել, մյուս կետն ազդարարում է` հուշարձանի քանդումն արգելվում է: Կառավարության համապատասխան որոշումն ասում է` հուշարձանը կարող է տեղափոխվել, եթե, ի թիվս այլ կետերի, կա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու ծայրահեղ անհրաժեշտություն: Խնդրում եմ, թող որեւէ մեկը սահմանի` ի՞նչ է նշանակում` «ծայրահեղ անհրաժեշտություն»: Պատկերացնո՞ւմ եք, այսօր Պրահայի կենտրոնում որոշեն քաղաքաշինական ծրագիր լուծել: Դա աբսուրդ է:

Հայկ – Լոնդոնը, Հռոմը, Փարիզը պատմական քաղաքներ չէին համարվի, եթե այնտեղ էլ հոգեւորը փողով հաշվեին: Պարզապես մարդիկ գիտակցում են` հին հուշարձանները քանդել չի կարելի, եւ վերջ: Պետականություն չունենալու խնդիրը մեր արյան մեջ է: Չենք գիտակցում` սա մեր պատմությունն է, մեր հիշողությունը: Երբ 2005-ին Բուզանդի փողոցի բնակիչները պաշտպանվում էին արտաքսվելուց, քչերը նրանց կողքին կանգնեցին. բոլորը չտեսնելու էին տալիս: Հիմա ամբողջ քաղաքի առաջ է նման խնդիր առաջացել:

Գրիգոր – Խնդիրներից մեկն էլ սա է. քաղաքը փորձում են զարգացնել դեպի ներս, իսկ պետք է զարգացնել դեպի դուրս: Ամեն դեպքում, գրագետ կառավարիչները կփորձեին քաղաքն ապակենտրոնացնել:

Հայկ – Հյուսիսային պողոտային նայենք. բնակարանների մոտ 90 տոկոսը դատարկ է: Այնտեղ մարդիկ տուն են գնում` որպես ներդրում, սակայն չեն բնակվում: Ճարտարապետները, իշխանությունները կգան-կգնան, սակայն քաղաքը մնում է: Եթե ուզում ենք` մեր երեխաներն այստեղ ապրեն, պետք է ստեղծենք մի միջավայր, որ երեխան բակում խաղալու հնարավորություն ունենա: Երեւանը դարձել է պրոբլեմատիկ քաղաք: Կենտրոնում անընդհատ խցանումներ են:

– Հիշում եմ քաղաքապետարանի հիմնավորումը` ինչո՞ւ է անհրաժեշտ քանդել Արամի 30 շենքը` այն խանգարում է փողոցի լայնացմանը:

Նարեկ – Իսկ այնտեղով մայրուղի՞ պետք է անցնի: Այդ դեպքում` Արամի փողոցի լայնացմանը խիստ խանգարում է նաեւ նախկին մանկական հանրախանութը:

Գրիգոր – Եթե Հյուսիսային պողոտայից նայենք, Արամի փողոցի լայնացմանը խանգարում է նաեւ Ազգային պատկերասրահի շենքը:

Նարեկ – Քաղաքը հոգեւոր առումով էլ է կորցրել իր դեմքը: Թամանյանի անունն են տալիս, երբ իրենց պետք է: Սակայն Թամանյանն այս քաղաքը նախագծել էր 500.000 բնակչի համար: Ո՞ւր են այն հին տները, ուր մեր մեծերն են ապրել:

Գրիգոր – Հանրապետություն եւ Թումանյան փողոցների բակում ցուցանակ են կախել` այնտեղ էլ են նոր շենք կառուցելու: Վերջերս ցուցանակ կախեցին Թումանյան եւ Ավագ Պետրոսյան փողոցների բակում` 14 հարկանի շենք կառուցելու, Թումանյան-Նալբանդյան-Ավագ Պետրոսյան հատվածում այս պահին էլ քանդում են եւ այնտեղ 4 բարձրահարկ շենք են ուզում կառուցել: Բայց վերջին օրինակի դեպքում Արտակարգ իրավիճակների նախարարությունից բնակիչները թուղթ են ստացել, որ ցանկացած քաղաքաշինական ծրագրի իրականացման դեպքում բնակիչներն իրավունք ունեն պահանջելու` ամրացնել իրենց շենքերի հիմքերը: Դա սեյսմիկ վտանգի աղբյուր է. գրունտը ծանրաբեռնվում է, եւ գիտեք` սեյսմիկ ինչ գոտում ենք գտնվում:

– Գիտեմ, որ քաղաքի խնդրով մտահոգ են եղել նաեւ ձեր նախնիները:

Նարեկ – Ես իմ պապիկի գործն եմ շարունակում (խոսքը ճարտարապետ Հովհաննես Շարամբյանի մասին է.- Լ.Ա.), ով խորհրդային տարիներին պայքարում էր, որ հին քաղաքային միջավայրները մեծ պողոտաների զոհ չդառնան: Այսօր նույն վտանգը կա:

Գրիգոր – Ես էլ կարող եմ ասել իմ պապի մասին: Նա հիդրոերկրաբան էր` Վարդգես Ավետիսյանը, մասնակցել է ողջ քաղաքի երկրաբանական քարտեզի նախագծման աշխատանքներին: Այդ նախագիծն այսօր մասամբ ոչնչացված է, եւ հիմա ցանկացած կետի վրա կարող են բարձրահարկ կառուցել` առանց իմանալու` քաղաքի ընդերքում ինչ է կատարվում: Իսկ այնտեղ խայտառակ վիճակ է:

Հայկ – Եթե քո քաղաքում չկա մի տեղ, ուր քեզ որեւէ հուշ է կապում քո մանկությունից, այն հեշտ է լքելը…