Քաղաքացին սառցաբեկորից վնասվել է

18/02/2012

Այն, որ Երեւանում, բացի քաղաքապետերի հերթափոխից, շատ բան չի փոխվել` փաստ է: Այս օրերին քաղաքացիների մի մասը պայքարում է Մաշտոցի պուրակը պահպանելու եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «բուծիկավորման» նախաձեռնությունը տապալելու դեմ, իսկ մեկ այլ հատված սկսել է պայքարել մերկասառույցների ու շենքերի տանիքներից ընկնող սառցաբեկորների դեմ:

Երեկ Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցում նորակառույց շենքի առջեւ տեղի ունեցած դեպքը գուցե դժբախտ ավարտ ունենար, եթե տուժողին չզգուշացնեին ընկնող սառցաբեկորի մասին: Երեւանի բնակիչ Հրաչ Վիրաբյանի խոսքով` երեկ ժամը 14:20-ի սահմաններում ավտոմեքենան կանգնեցրել էր Խորենացի-Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում` սանտեխնիկայի խանութի առջեւ: «Շատ մեծ սառցաբեկոր էր, ես էդ պահին չնկատեցի, որ տանիքից բան է ընկնում: Ես մոտեցա մեքենայիս, մեկ էլ կողքից ասացին` «զգույշ, զգույշ, սառույցը», սառույցն ընկնում էր գլխիս: Ես հազիվ հասցրեցի ձեռքով մի կերպ պահել սառույցը, բայց վնասից չխուսափեցի»,- պատմում էր նա: Վերջինս սառցաբեկորի պատճառով վնասել է ձեռքն ու ավտոմեքենան: «Չգիտեինք` ինչ անեինք: Զանգեցինք Երեւանի քաղաքապետարան, հետո` Կենտրոնի թաղապետարան, բայց մեկը մյուսի վրա էին գցում, ասում էին` իբր իրենց ֆունկցիան չի: Ապահովագրական ծառայություն էլ զանգեցինք, բայց ասեցին, որ իրենք չեն կարա գան, որովհետեւ իմ մեքենան ԿԱՍԿՈ չի,- ասաց Հ. Վիրաբյանը` շարունակելով,- Եթե ես ձեռքերով չպահեի սառույցը, հիմա երեւի մահացած կլինեի, բայց ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում: Հիմա ես ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ»: Քիչ անց զրույցին միջամտեց նաեւ Հ. Վիրաբյանի կինը: «Դեպքից հետո գնացինք նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղ մի աշխատակից (աշխատակցի անունը չէր հիշում,- Մ.Մ.) ասաց, թե տարիներ առաջ Վանաձորում կարկուտը մեկի գլխին ա խփել, մահացել ա, դրա համար ո՞վ պիտի պատասխան տա: Հիմա մենք չգիտենք` ի՞նչ անենք, ո՞վ պետք ա մեզ օգնի»,- հուզված խոսում էր սառույցից տուժած քաղաքացու կինը: Վերջիններս այդպես էլ չկարողացան պարզել, թե ո՞վ է իրենց հասցված վնասը փոխհատուցելու` քաղաքապետարա՞նը, թե՞ համատիրությունը: Եվ մինչ այս երկու կառույցները փորձում են ճշտել իրենց գործառույթները, Երեւանում սառույցները, մեր խնդիրների պես, շարունակում են կախված մնալ շենքերի տանիքներից…