Երեկ ՀԱԿ-ՕԵԿ հերթական հեռակա բանավեճն է արձանագրվել: Նախ` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե 2008թ. ՕԵԿ-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությունն «անհնար» էր, քանի որ Տեր-Պետրոսյանն իրեն վիրավորել էր` ասելով` «ազգի դավաճան»: Այնուհետեւ` Լ. Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն, ի պատասխան, ասել էր, թե ՀԱԿ-ը «քաղաքական դիակներին» չի արձագանքում: Իսկ ավելի ուշ երեկ տարածվեց ՕԵԿ հայտարարությունը Մուսինյանի պատասխանի առնչությամբ, որտեղ ասված է. «Լավ կլինի Մուսինյանը հարցներ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե ո՞ւր էր մարտի 1֊ին, ինչո՞ւ տեր չկանգնեց իր ժողովրդին, ինչո՞ւ ալարեց մեկ կանգառ իջնել Հրազդան մարզադաշտի իր շքեղ առանձնատնից եւ Ֆրանսիական դեսպանության մոտ տեր կանգներ իր ժողովրդին, որ առաջնորդ էր պահանջում` մարդկային դիակներ թողած: Այդ քաղաքական դիակը, սակայն, թաքնվել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ազնիվ գործիչների թիկունքում, որոնք իրենց վրա վերցրեցին ողջ ծանրությունը եւ հայտնվեցին բանտերում: Ո՞ւր է այսօր Լեւոն Տեր֊Պետրոսյանի շտաբի պետ, նրա նվիրյալ Ալիկ Արզումանյանը, ո՞ւր են նրա մյուս նվիրյալներ Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք: Չկան նրա կողքին, որովհետեւ ոչ միայն անպատվաբեր է այլեւս, այլ նաեւ, թերեւս, մտածել են, որ քաղաքական դիակների եւ դավաճանների հետ ճանապարհ չունեն: Ինչ վերաբերում է ժամանակագրությանը, ապա Մուսինյանը թող նայի ժամանակագրությանը, որպեսզի հերթական զրպարտությամբ չզբաղվի»: