Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդամենը երեք օր է մնացել, եւ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների դիրքորոշումները վերջնականապես հստակեցված են։ Այլ հարց է, որ այդ դիրքորոշումների պատճառներն առայժմ այնքան էլ պարզ չեն։ Ասենք, հասկանալի է, թե նախագահն ու իշխանամետ քաղաքական ուժերն ինչու են ձգտում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, հասկանալի է, թե ընդդիմությունն ինչու է բոյկոտում հանրաքվեն, բայց հասկանալի չէ, թե ինչու են միջազգային կառույցներն «այո» քարոզում։ Ավելին` այդ կառույցները ոչ միայն «այո» են քարոզում, այլեւ ուղղակի ճնշում են գործադրում ընտրողների վրա` ներկայացնելով, թե Հայաստանի համար ինչ անցանկալի հետեւանքներ կունենա «ոչ»-ը։ Ո՞րն է պատճառը։
Այն, որ առաջարկվող նախագծի ընդունումն ավելի ժողովրդավարական չի դարձնելու Հայաստանը, ակնհայտ է եւ բազմիցս հիմնավորված։ Ավելին` բազմաթիվ փորձագետներ կետ առ կետ հիմնավորել են, որ կոալիցիայի նախագիծը ժողովրդավարական ազատությունների առումով լուրջ ետընթաց է։ Ուրեմն ինչո՞ւ են միջազգային կառույցներն իրենց գործելակերպին անհարիր եռանդով լծվել «այո» քարոզարշավին։ Հնարավոր բացատրությունները երկուսն են։ Առաջին` իշխանությունները նրանց բացատրել են, որ միայն սահմանադրական փոփոխություններից հետո ի վիճակի կլինեն կառուցողական քայլեր իրականացնել, ասենք, ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում, եւ միջազգային կառույցներն այս բացատրությանը հավատացել են (կամ ձեւացրել են, թե հավատում են, եւ որոշել են այս «մահանան» էլ վերացնել)։ Երկրորդ` միջազգային կազմակերպությունները հասկանում են, որ այս փոփոխություններից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամերի հավանականությունը կտրուկ մեծանալու է, իսկ դա նշանակում է, որ նույն միջազգային կազմակերպություններն ավելի շատ առիթներ են ունենալու միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Պարզ ասած, այս փոփոխություններից հետո Հայաստանը որպես պետություն թուլանալու է, իսկ դա միջազգային կառույցներին ձեռնտու է։ Թե այս տարբերակներից որն է ավելի մոտ ճշմարտությանը, առայժմ դժվար է ասել, բայց փաստ է, որ միջազգային կազմակերպություններն ամենեւին էլ նախագահի կամ կոալիցիայի «գեղեցիկ աչքերի համար» չեն «այո» քարոզում։
Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա նրանք հանրաքվեի «գործընթացն» ըստ էության սկսելու են ոչ թե նոյեմբերի 27-ին, այլ արդեն վաղը։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ քաղաքացիական ժողով (պարզ ասած` հանրահավաք) է հրավիրվելու, որին, անշուշտ, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր այլ ուժեր։
Ընդհանրապես, ամեն անգամ, երբ ընդդիմությունը միավորվում է, ներքաղաքական դաշտում ինտրիգային իրավիճակ է ստեղծվում։ Ընդ որում, ինտրիգը վերաբերում է ոչ թե այն հարցին, թե որն է լինելու միասնական ընդդիմության հաջորդ քայլը, այլ այն հարցին, թե որ քաղաքական ուժն է առաջինը «քցելու» միասնական ընդդիմությանը։
Առաջին հարցից կարող է թվալ, թե այս անգամ նման խնդիր գոյություն չունի, որովհետեւ հանրաքվեն բոյկոտելու հարցում ընդդիմությունը միասնական է։ Ավելին` ընդդիմությունը միասնական է նույնիսկ հանձնաժողովների անդամներին ետ կանչելու հարցում (նույնիսկ նրանք, ովքեր դեմ են դրան, որոշել են ենթարկվել մեծամասնության քաղաքական որոշմանը)։ Բայց մյուս կողմից, ակնհայտ է, որ հանրաքվեի ճակատագիրը կախված է լինելու ոչ թե բուն հանրաքվեի ընթացքից, այլ նրանից, թե ինչ ակտիվությամբ ընդդիմությունը կպայքարի կեղծիքների դեմ եւ ինչ վճռականությամբ տեր կկանգնի բոյկոտին։ Այլ կերպ ասած, հանրաքվեի ճակատագիրը կվճռվի ոչ թե ընտրատեղամասերում, այլ նոյեմբերի 27-ի հանրահավաքում։ Իսկ այդ հարցում, պարզվում է, ընդդիմությունն այնքան էլ միասնական չէ։ Համենայն դեպս, Արտաշես Գեղամյանն արդեն իսկ հայտարարել է, թե իրենք դեռ չեն որոշել` մասնակցե՞լ նոյեմբերի 27-ի հանրաքվեին, թե՞ ոչ։ Եթե հիշում եք, 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո էլ ԱՄ նախագահը վճռական պահին դեմ արտահայտվեց հանրահավաքային պայքարին եւ իր կողմնակիցներին «ազատություն տվեց»` երկրորդ փուլում ընտրել ում ուզում են։ Այս անգամ էլ նա երեւի իր կողմնակիցներին նույնպիսի ազատություն կտա. ուզում եք` մասնակցեք հանրահավաքին, չեք ուզում` մի մասնակցեք։ Նկատենք, որ ընդհանուր առմամբ նման լիբերալիզմը գովելի է, բայց եթե կռվի դաշտում հրամանատարն իր զինվորներին խորհուրդ տա պաշտպանվել կամ չպաշտպանվել սեփական հայեցողությամբ, մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինի դա «լիբերալիզմ» անվանել։ Մանավանդ, որ հենց Արտաշես Գեղամյանն է նոյեմբերի 27-ը համեմատում Բորոդինոյի հետ։
Ինչեւէ։ Ընդամենը մի քանի օր հետո պարզ կդառնա, թե քանի հոգու են հասցրել «իրազեկել» իշխանությունները, եւ որքան միասնական է ընդդիմությունը։