«Մեծամասնականով ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, եւ բոլոր այն բացասական երեւույթները, որ ուղեկցում են ընտրությունները, անմիջականորեն կապված են մեծամասնականով ընտրապայքարի հետ: Եվ ոչ մի ընտրության արդյունք չարժի թեկուզ 2 հայ մարդու թշնամանքը, որ սկսվում է մեծամասնականով: Մենք այսօր պատրաստ չենք մեծամասնականով քաղաքակիրթ ընտրության»,- 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող լսումների ժամանակ երեկ հայտարարել է պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրակարգին կողմ է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները երեկ ներկա էին այդ քննարկումներին: «100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցում շատ են իշխանության կողմից ներկայացվող հակափաստարկները, բայց դրանցից մի քանիսը շատ են չարչրկվում: Ասում են, թե այդպիսով կտրվում է ընտրողների հետ կապը: Բայց մենք այդպիսով նսեմացնում ենք ԱԺ-ի` իշխանության հակակշիռ լինելու դերը` խորհրդարանը դարձնելով համատիրության գործառույթ ունեցող մարմին»,- երեկվա լսումներում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը: