Երեկ Ազգային ժողովում տեղի են ունեցել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որ կազմակերպել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես են եկել ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները, նախաձեռնությանն աջակցություն են հայտնել նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Երեկ կայացած լսումներում ընդդիմությունը բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորել է համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը, ինչին իշխանությունները որեւէ համարժեք հակափաստարկ չեն կարողացել ներկայացնել: Երեկվա լսումներն ընդամենը եւս մեկ անգամ ամրապնդել են այն համոզմունքը, որ որեւէ պարագայում իշխանությունը չի համաձայնի վերացնել, անգամ սահմանափակել մեծամասնական ընտրակարգը: Շատ պարզ պատճառով` առանց մեծամասնական ընտրակարգի անգամ ամենակատարելագործված ընտրակեղծիքների համակարգով կամ մի քանի հարյուր հազար կեղծ անձնագրերով իշխանությունը չի կարող ԱԺ-ում ապահովել մեծամասնություն: Մեծամասնական ընտրակարգը փրկօղակ է իշխանությունների համար, որն ապաքաղաքական դեմքերի` գործարարների, կիսաքրեական հեղինակությունների միջոցով կարողանում է գլխաքանակ ապահովել` մեծամասնական մանդատների թիվը լրացնելու համար: Սակայն երեկվա լսումներում ուրվագծվել է մի` գուցե թաքնված մտադրություն, որն իրենց ելույթներում արտահայտել են հիմնականում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք դեռեւս որպես «անհատական կարծիքներ»` առաջարկում են ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը ներկայացնել համաժողովրդական քննարկման` հանրաքվեի` իբրեւ թե հնարավորություն տալով, որ հասարակությունն ինքը որոշի, թե ինչպիսի խորհրդարան է ուզում ունենալ: Սա, որքան ծիծաղելի, նույնքան էլ վտանգավոր մտադրություն է. եթե իշխանությունը կարողացավ առաջիկա ԱԺ ընտրություններում «մաքուր կեղծարարության» միջոցով ստանալ իր համար ցանկալի հարաբերակցությունը, ապա նույն մեթոդով որոշ ժամանակ անց կարող է «կազմակերպել» հանրաքվեի արդյունքներն այն մասին, որ հայ ժողովուրդն իր փրկությունը տեսնում է ոչ թե` 41, այլ, ասենք` 61 կամ ավելի մեծամասնական պատգամավորներ ունենալու մեջ: Ի դեպ, երեկվա լսումներում մասնավորապես ԲՀԿ-ի հնչեցրած դիրքորոշումից կարելի է եզրակացնել, որ ներիշխանական խմորումների վերջին փուլն ավարտվել է հերթական «կոալիցիոն հաշտեցմամբ»: ԲՀԿ-ն, որը մինչեւ երեկ հայտարարում էր 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու նախաձեռնությանը սկզբունքորեն կողմ լինելու մասին (նաեւ դրա շնորհիվ ծնվեց հայտնի «կոնսենսուս-1» ձեւակերպումը), երեկ արդեն փոխել է դիրքորոշումը` խոսելով հանրաքվեի մասին: Իսկ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը «ճակատով պաշտպանել է» մեծամասնական ընտրակարգը: Նշենք, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, այնուամենայնիվ, քննարկվելու է ԱԺ-ում: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցություններից մեկն իրավունք ունի տվյալ նստաշրջանի ժամանակ քննարկման ներկայացնել հարց, որին դեմ է մեծամասնությունը: Այդ իրավունքից օգտվելու է «Ժառանգություն» խմբակցությունը, որն այդ հարցը ԱԺ-ում կներկայացնի փետրվարի 28-ին: