Պոտենցիալ դաշնակցի մասին

16/02/2012

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու որոշումը թեթեւսոլիկություն է: Երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով, իր խոսքերով, «անկեղծորեն ցավ է ապրում, որ 60 տարեկան տղամարդը ուշ է հասունանում»: «Քսանգքսանհինգ տարի… եւ հետո՞ որոշել ԲՀԿ մտնել: Կամ Տիգրան Սարգսյանը, որ 48 տարեկանում որոշեց, որ ամենալավ կուսակցությունը Հանրապետականն է, էլ չեմ ասում Վանուշ Խանամիրյանը, որին 80 տարեկանում ստիպեցին հասկանալ, որ ի ծնե «Բարգավաճ» են կամ «Օրինաց»: Ամոթ է: Լուրջ եմ ասում»,- ասել է Արամ Մանուկյանը, ում կարծիքով` «Օսկանյանը խաղալիք է», եւ դիմում է ներկայացրել ինչ-որ մեկի թելադրանքով: Հարցին, թե կոնկրետ ո՞ւմ, Արամ Մանուկյանը հրաժարվել է պատասխանել: Արամ Մանուկյանի այս հայտարարությունները, մեղմ ասած, տարօրինակ են. խոսքը մի կուսակցության մասին է, որի հետ համագործակցությունը իր «քաղաքագիտական վերլուծության» մեջ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարել էր երկրի փրկության գրավականներից մեկը: Հիմա, եթե հանկարծ ԲՀԿ-ն ուշացումով արձագանքի այդ վերլուծությանը, ինչպե՞ս է ՀԱԿ-ը «ապահովելու Հայաստանի ժողովրդավարական կայացումը» մի կուսակցության հետ, որի ենթադրյալ առանցքային անդամը թեթեւսոլիկ է: Ինչեւէ: Երեկ Ա. Մանուկյանը խոսել է նաեւ անցած կիրակի օրը Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների մասին: Նա ասել է, թե այնտեղ տեսել է այն, ինչ կարդացել եւ տեսել է Վիկտոր Հյուգոյի եւ Ֆրանց Կաֆկայի գործերում եւ դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերում: Ըստ Մանուկյանի, այդ ընտրություններում ճակատ առ ճակատ բախվեցին աղքատության, թշվառության եւ արտագաղթի հետեւանքները: Իր ներկա գտնված ընտրատեղամասում 1850 ընտրողներից 400-500-ը բացակայում են Հայաստանից: «Արտառոց բաներ տեսա, որ երբեւէ չեմ տեսել, օրինակ, բազմաթիվ մարդիկ, որոնք չունեին ծննդյան օր, ամսաթվի տեղում գրված էր` զրո, զրո, զրո, զրո»,- ասել է Արամ Մանուկյանը նշելով, որ այդ մարդիկ հիմնականում եղել են փախստականներ եւ Իրանից եկած քաղաքացիներ, որոնք հետաքրքրված չեն եղել, որպեսզի իրենց անձնագրերում նշվի ծննդյան օր եւ վայր: Ըստ նրա, թեեւ Հրազդանի ընտրություններում 5000 դրամ կաշառքը «մի մասին կերավ», սակայն մյուսը մասն էլ իր քվեարկությամբ ապացուցեց, որ ազատ է, համարձակ եւ սիրում է իր երկիրը:

«Եթե սովը, աղքատությունը, արտագաղթը Հրազդանի ընտրությունների կեղծման հենքն էին, ապա ցուցակները` դրանց միջոցը»,- հայտարարել է Ա. Մանուկյանը: