Միակողմանի զիջում չի լինելու

16/02/2012

Աթենքի «Հայաստան» պարբերականին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսումը, տարածաշրջանում Իրան-Արեւմուտք հակամարտության բարդացման հետեւանքով, Իրանի դեմ ռազմական հավանական գործողության զուգահեռ, ասել է. «…Մենք որպես պատերազմ ապրած ժողովուրդ` չենք ցանկանում, որ տարբեր երկրների եւ ժողովուրդների միջեւ տարակարծությունները լուծվեն պատերազմի միջոցով: Բայց միեւնույն ժամանակ` դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք դիմակայելու հերթական փորձություններին: Հատկապես այն առումով, երբ Ադրբեջանի սպառնալիքները խոսքից վերածվեն գործի: Իհարկե, մենք ամեն օր տեսնում ենք այդ սպառնալիքները, զգում ենք մեր մաշկի վրա եւ, հետեւաբար, պարտավոր ենք մեր կյանքը կառուցել այնպես, որ անհրաժեշտության դեպքում, հերթական անգամ, պաշտպանենք մեր ժողովրդի անվտանգությունը եւ այդ իսկ առումով մեզ հաջողվել է այս տարիների ընթացքում իրականացնել մի այնպիսի քաղաքականություն, որի հետեւանքով միջազգային հանրությունը նույնպես գնահատում է Արցախին` որպես ծայրահեղ կեցվածքով չառաջնորդվող կողմ, եւ ես դա դասում եմ մեր հիմնական նվաճումների շարքին»: Հարցին էլ, թե` նախքան ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակեցումը հնարավոր համարո՞ւմ եք տարածքների փոխանակում, հատկապես, որ երբեմն խոսք է գնում նաեւ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությանը ուղղակիորեն առնչվող տարածքների մասին, Բ. Սահակյանը պատասխանել է. «Որեւէ անգամ, որեւէ քաղաքական գործիչ, հատկապես` Հայաստանի քաղաքական գործիչները, իրենց տեսակետները հայտնելուց չեն ասել, որ` զիջումների կգնանք: Խոսքը գնում է փոխզիջումների մասին: Այո, մենք եւս գիտակցում ենք, որ այս հիմնախնդիրը բարդագույն հիմնախնդիրների շարքին է պատկանում: Սակայն մեզ համար հայկական կողմի շահերը պաշտպանելը կարեւոր խնդիր է. ամեն ինչ արել եւ պատրաստ ենք անելու ստեղծված իրավիճակի համար, եւ կարծում ենք, որ այդպիսի հնարավորություն կա, բայց հնարավորություն` չի նշանակում, որ խոսքը գնում է միակողմանի զիջումների մասին: Այստեղ ամեն ինչ լինելու է, բայց առանց հայկական կողմի շահերին վնասելու: Մինսկի խմբի համանախագահների կողմից կա բանակցությունների գործընթաց, եւ այդ գործընթացը այս պահի դրությամբ ընթանում է խանգարված ձեւաչափով` առանց Արցախի մասնակցության, բայց եւ, երբ միջազգային հանրության ներկայացուցիչները պարզապես նշում են, որ առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության անհնարին է հիմնախնդրի վերջնական լուծումը, հետեւաբար, ես դա համարում եմ որպես հայկական կողմի դիվանագիտական ասպարեզում բավականին լուրջ հաջողություն: Գիտեք, ՀՀ պատասխանատուները եւ հատկապես ՀՀ նախագահը բազմիցս նշել են, որ առանց Արցախի մասնակցության չի հաջողվելու հիմնախնդրի վերջնական լուծումը: Հետեւաբար, այս պահի դրությամբ, մտահոգվելու որեւէ խնդիր չկա: Մենք մեր ներուժը կենտրոնացնում ենք, եւ այդ ներուժն առաջին հերթին ուղղված է այդ ձեւաչափի վերականգնմանը: Եվ երբ վերականգնվի այդ ձեւաչափը, մենք ավելի լիարժեք հնարավորություններով օժտված կլինենք մեր տեսակետները ներկայացնելու եւ պաշտպանելու»: