Օրերս Հայաստանում գտնվող ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ երկրի բարձրաստիճան այրերի հետ: Ի՞նչ հարց լուծեց դրանով ընտրություններից առաջ ՌԱԿ ատենապետը. որ պատրաստակամ են առաջիկայում սատարել իշխանություններին` քաղաքական արեւի տակ սեփական տեղն ունենալու ակնկալիքով: Նախագահական նստավայրից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Մայք Խարապյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ հարց լուծեց սրանով Սերժ Սարգսյանը. որ սփյուռքյան ավանդական երեք կուսակցություններից առնվազն մեկը՝ ՌԱԿ-ը, իր կողքին է: Դա նաեւ «մեսիջ» էր Դաշնակցությանը, որ «սուրբ» տեղը դատարկ չի մնում, եւ եթե շարունակեն «խաղեր տալ», ապա իրենց տեղն իշխանական կերակրատաշտի մոտ կզբաղեցնի Ռամկավարը:
Այդ օրերին ստացվեց նաեւ Սփյուռքի նախարարության հաղորդագրությունը, որ ՌԱԿ պատվիրակությանն ընդունել է Հրանուշ Հակոբյանը: Սակայն պատվիրակության կազմում էր նաեւ ՀՌԱԿ նախկին ատենադպիր Կարեն Կակոյանը, որի հետ էլ ողջ հասակով նկարվել էր Հրանուշ Հակոբյանն ու այն տեղադրել նախարարության կայքում: Եվ սա` այն դեպքում, երբ այս վերջին ամիսներին լրատվամիջոցները ողողված էին նյութերով, որ Սփյուռքի բարերարների նվիրաբերած 5 գրասենյակային տարածքները վաճառել են ու գումարը գրպանել Հարություն Առաքելյանն ու Կարեն Կակոյանը: Եթե Հ. Հակոբյանի բազմազբաղ առօրյան հնարավորություն չի տալիս ականջալուր լինել ԶԼՄ-ների բարձրացրած խնդիրներին, ապա գոնե նրա համապատասխան աշխատակիցները պարտավոր էին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններին տեղյակ լինել ու նախարարին էլ տեղյակ պահել, հատկապես, որ դրանք վերաբերում էին սփյուռքյան կուսակցություններից մեկին: Դեռ ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանի բողոքը՝ ուղղված գլխավոր դատախազին, ուղարկվել է Ոստիկանություն, եւ այնտեղ նյութեր են նախապատրաստվում Հ. Առաքելյանի եւ Կ. Կակոյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Դրանից որոշ ժամանակ անց Ս. Տռուզյանը նոր հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Հ. Առաքելյանի ու Կ. Կակոյանի կողմից գրասենյակային տարածքներն ապօրինի օտարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավելին. տարածքներից մեկի մասով արդեն կա բացահայտում, որ գնորդը նշել է, որ ինքը ոչ թե այն նվեր է ստացել, այլ գնել է, իսկ գումարը տվել Կարեն Կակոյանին, դա պնդել է նաեւ նրա հետ առերեսման ժամանակ: Կ. Կակոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1-ին կետի հատկանիշներով. «Առանձնապես խոշոր չափի վատնում-յուրացում», եւ նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Եվ հիմա պատկերացրեք Սփյուռքի բարերարների վիճակը, ովքեր այդ տարածքները նվիրել են կուսակցությանը եւ այժմ տեսնում են, որ ոչ թե իրենց նվիրատվություններն են պաշտպանվում պետության կողմից, այլ դրանք թալանողները: Հետո էլ Սփյուռքի նախարարությունը բազմապիսի ծրագրեր է փորձում իրականացնել՝ սփյուռքահայերին սիրաշահելու ու Հայրենիքի հետ կապելու համար: Ինչպես, օրինակ` «Արի տուն» ծրագիրը:
Ռ. ՍԻՄՈՆՅԱՆ