Հուշագիրն` ի չի՞ք

14/02/2012

Տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ղեկավարների մասնակցությամբ հերթական նիստը: Թե երբ` հայտնի չէ, քանի որ այդ մասին պատմող հաղորդագրության մեջ նիստի անցկացման վայրն ու ժամկետը նշված չէ: Սակայն այդ նիստի արդյունքում կոալիցիան ընդունել է հայտարարության նման մի բան: «Կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ, որը «զարմանալիորեն» տարածել է հատկապես ՀՀԿ-ի մամլո ծառայությունը: Կոալիցիայի այս «արձանագրումը» ուշագրավ է նրանով, որ զգալիորեն տարբերվում է կոալիցիոն վերջին պաշտոնական փաստաթղթի` անցած տարվա փետրվարի 17-ին ստորագրված հուշագրի հիմնական շեշտադրումներից: «Նոր փոփոխություններին ընդառաջ, կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հարցում»,- նշված էր մոտ մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագրում, որը հիմք հանդիսացավ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի` միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ խոսակցությունների համար: Ընտրություններից առաջ, փաստորեն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել են այդուհանդերձ «միմյանց դեմ պայքար ծավալել քաղաքակիրթ մրցակցության կանոններով»: Թե կողմերից ով ինչ է զիջել այս «քաղաքակիրթ» ձեւակերպման դիմաց, պարզ կդառնա առաջիկա քաղաքական զարգացումներից: Առավել եւս, որ ի տարբերություն անցած տարվա հուշագրի, երեկվա հաղորդագրության մեջ ոչ միայն խոսք չկա 2013 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին, այլ նույնիսկ հղում էի արվել նույն այդ փաստաթղթին, ինչպես մեկ տարի շարունակ վարվում էին հատկապես ՀՀԿ-ականները: