Կիրակի օրը Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքն ու արդյունքները պարզորոշ ցույց տվեցին, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում առաջիկա խորհրդարանական, հաջողության հասնելու դեպքում` գուցե նաեւ 2013թ. նախագահական ընտրություններին: ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախկին անդամ, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով իսկապես մեծ հեղինակություն ուներ այդ տարածաշրջանում, պարտվեց երկու անգամ քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, ոչնչով աչքի չընկնող շարքային մի չինովնիկի: Հանրապետական չինովնիկի: Թեեւ Սասուն Միքայելյանն իր թեկնածությունն առաջադրել էր` որպես ոչ կուսակցական, սակայն նրան սատարում էին բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: Եվ իրականում այդ ընտրություններում արձանագրվեց ոչ թե առանձին վերցրած քաղաքապետի, այլ իշխանության հաղթանակն ընդդիմության նկատմամբ: «Հաղթանակ» ասվածն, իհարկե, այս դեպքում շատ հարաբերական է: Հրազդանի ընտրություններն արձանագրեցին շատ վտանգավոր իրողություն: Իշխանությունն այնքան է կատարելագործել ընտրակեղծիքների մեքենան, որ «դասական» ընտրակեղծիքներ այլեւս գրեթե տեղի չեն ունենում: Չնայած կիրակի օրվա ընտրություններում եւս դրսեւորվել են տարբեր ապօրինություններ, սակայն ընտրատեղամասերի մեծ մասում` բուն քվեարկության ժամանակ, լցոնումների, «կարուսելների», այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքեր գրեթե չեն արձանագրվել: Փոխարենն` այս անգամ ամեն ինչ կատարվել է մինչեւ ընտրողների ընտրատեղամաս հասնելը: Կատարվել է հնարավորինս անաղմուկ եւ համակարգված: Կիրառվել են նախորդ ընտրություններից հայտնի գրեթե բոլոր միջոցները` քվեարկողներին մասսայաբար տեղամասեր բերելը, «բացատրական աշխատանքը» մինչեւ տեղամաս մտնելը եւ, բնականաբար, ամենակենսունակը` ընտրակաշառքը: Սակայն ամեն ինչ արվել է այնքան անաղմուկ, որ Սասուն Միքայելյանի շտաբը նույնիսկ չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները` դա համարելով անիմաստ: Սա է փետրվարի 12-ի ընտրությունների ամենավտանգավոր «արդյունքը» կամ դասը: Այսինքն` վարչական, քրեական եւ իշխանությանը ծառայող մնացած համակարգերն արդեն աշխատում են այնքան կատարելագործված, որ կարողանում են դե ֆակտո ապահովել իրենց համար ցանկալի արդյունքներ` դե յուրե արձանագրելով լեգիտիմ ընտրություններ: Եվ արդեն միանգամայն հասկանալի են դառնում ամենաարդար, ամենաթափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին` իշխանությունների գրեթե ամեն օր հնչող հայտարարությունները: Կարելի է չկասկածել, որ նույն մեխանիզմն իշխանությունը կիրառելու է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իհարկե, հաշվի առնելով մասշտաբները, ԱԺ ընտրությունների դեպքում որոշ ընտրատարածքներում կլինեն ավելի կամ պակաս չափով «արհեստավարժ կեղծարարներ», սակայն իշխանությունը կանի ամեն ինչ` հանրապետության մասշտաբով գոնե միջինացված «հրազդանյան պատկեր» ապահովելու համար: Սա իրական մարտահրավեր է ընդդիմադիր բոլոր կուսակցությունների համար, քանի որ ԱԺ ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ: Ակնհայտ է, որ եթե ընդդիմությունը որեւէ ձեւով չգտնի այս «համակարգին» դիմակայելու միջոցները, մայիսին իշխանությունները կապահովեն խորհրդարանի այնպիսի պատկեր, ինչպիսին արդեն այսօր գծագրվում է իրենց հաշվարկներում: Իրականում սա շատ ավելի որոշակի եւ շատ ավելի սպառնալից մարտահրավեր է, քան համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության հարցը, որի շուրջ ընդդիմադիր ուժերը կարողացան համաձայնության գալ: Այնպես որ` Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կարելի է նաեւ դրական գնահատել: Այն իմաստով, որ իշխանությունը բացահայտեց խաղաքարտերը: