Մինչ հայրենի իշխանությունները գովերգում են նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները եւ պատրաստվում են նախընտրական շրջանում վարդագույն ապագայի խոստումներ տալ` Policy Forum Armenia ասոցիացիան իր հատուկ զեկույցով զգուշացնում է հնարավոր տնտեսական աղետի մասին եւ կոչ անում քայլեր ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ։
Զեկույցի հեղինակները նախ անդրադարձել են վերջին 2-3 տարիների տնտեսական ցուցանիշներին, որոնք մեր իշխանությունները գոհացուցիչ են համարում։ «2009 թվականի խորն անկումից հետո 2010-2011 թվականների տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմեց 3.3%, որը զգալիորեն ցածր էր մինչճգնաժամային տեմպերից` հանգեցնելով 2007 թվականի համեմատ ՀՆԱ-ի ավելի ցածր մակարդակի»,- նշում են նրանք՝ հիշեցնելով, որ թույլ վերականգնմանը նպաստել են գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում արձանագրված աճի տեմպերը, ընդ որում՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը 2010 թվականի նշանակալի անկման ֆոնով էր պայմանավորված: Ծառայությունների ոլորտը շահել է տրանսֆերտների աճից: Արդյունքում, վերջին տարիներին արտահանելի հատվածը չի աճել բավարար տեմպերով, եւ տնտեսությունը հիմնվել է արտաքին խնայողություններով ֆինանսավորվող ներքին պահանջարկի վրա: Ընդհանուր առմամբ կաշառակերությունը, ադմինիստրատիվ հետապնդումները, պայմանագրերի թույլ կիրարկումը եւ անհավասար մրցակցային դաշտը շարունակում են խոչընդոտ լինել տնտեսական աճի համար:
Զեկույցը ընդգծում է, որ այս զարգացումները տեղի են ունեցել սոցիալական պայմանների կտրուկ վատթարացման ֆոնի վրա: Աղքատությունը 2008 թվականից աճել է կայուն տեմպերով. պաշտոնական վիճակագրության համաձայն` բնակչության 35.8 տոկոսը 2010 թվականին գտնվել է աղքատության գծից ներքեւ (2008 թվականի 27.6%-ի համեմատ)։
Բացի ադ, գներն աճել են, չնայած համաշխարհային գնանկման միտումներին։ Ըստ զեկույցի հեղինակների, «գնաճի այդպիսի վարքագիծը, այն է` աճի ուղղությամբ ճշգրտումների արագ արտացոլում, իսկ նվազման ուղղությամբ` ոչ, խոսում է շուկայի կառուցվածքի բարձր կոնցենտրացվածության եւ/կամ գին սահմանելու շուկայական ուժ ունեցող տնտեսվարող սուբյեկտների առկայության մասին, ինչն էապես իրապես թուլացնում է մակրոտնտեսական հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությունը»։
Մի ժամանակ վարչապետը ամեն առիթով խոսում էր ճգնաժամի դասերի մասին, սակայն զեկույցի հեղինակները համոզված են, որ 2009-ի դասերը վատնվել են. ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել հավանական գալիք զարգացումներին»:
PFA-ի փորձագետները ուշադրություն են հրավիրում մի հանգամանքի վրա. եթե 2009-ի ելքը մեծապես պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որի բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էլ ավելի ուժգնացավ ներքին խնդիրների պատճառով, ներկայումս ի հայտ եկողը հիմնականում երկրում առաջացած խնդիրների հետեւանք է, որի բացասական ազդեցությունը մեծանում է արտաքին մի նոր ալիքի պատճառով: Նոր ալիքն, իհարկե, Եվրոպայում թափ առնող ճգնաժամն է, որը մեր իշխանությունները արհամարհում են, ինչպես նախորդը։ Մինչդեռ, ըստ PFA-ի, Եվրոպական տնտեսական զարգացումները (որոնք դեռեւս ակներեւ չեն, բայց կարող են հանկարծակի ի հայտ գալ), անկասկած կունենան լուրջ ազդեցություն ՀՀ տնտեսության վրա ուղղակի եւ անուղղակի դրսեւորումներով` ազդելով նաեւ Ռուսաստանի` Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ամենամեծ ծավալը ապահովող երկրի վրա:
Զեկույցի հեղինակները բավականին ուշագրավ դիտարկումներ են արել ՀՀ արտաքին պարտքի վերաբերյալ։ Նրանք հիշեցրել են, որ Հայաստանը ճգնաժամին արձագանքեց ահռելի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությամբ, որն իրականացրեց արտաքին պարտքի հաշվին: «Սակայն ձեռնարկած քայլերը ոչ միայն հետ չպահեցին տնտեսությունը 2009 թվականի անկումից, այլ նաեւ ունեցան կարճատեւ ազդեցություն: Դեռ ավելին, նոր արտաքին պարտքն` ուղղված խթանող քաղաքականության ֆինանսավորմանը (եւ կենտրոնական բանկի պահուստների վերականգնմանը), կրկնապատկեց Հայաստանի պետական պարտքը 2009-2010 թվականներին»։ Որպես պետական պարտքի մեծացման հետեւանք` խաթարվել է մոտ ապագայում պարտք վերցնելու տնտեսության կարողությունը, ինչը «սահմանափակում է փոխառության կամ երաշխիքներ տրամադրելու ճանապարհով կառավարության ուղղակի ներգրավվածությունը խիստ անհրաժեշտ ենթակառուցվածքային ծրագրերում (ներառյալ` նոր ատոմակայանի կառուցումը)»։ Ավելին, զեկույցի հեղինակները գտնում են, որ Հայաստանի պարտքի կառուցվածքը շատ զգայուն է շոկերի նկատմամբ, հատկապես` հավանական ՀՆԱ-ի եւ փոխարժեքի շոկերի: «Ըստ մեր կատարած գնահատականների` ՀՆԱ թեթեւակի անկումը 2012 թվականին (որը բոլորովին էլ բացառված չէ` հաշվի առնելով արտաքին միջավայրի սպասվող վատթարացումը եւ հսկա անհավասարակշռությունները, որոնք Հայաստանը պետք է վերացնի) կարող է հանգեցնել պարտք/ՀՆԱ գործակցի ավելի քան 50 տոկոսի: Քանի որ Հայաստանի պարտքի մոտ 90 տոկոսը արտահայտված է արտարժույթով, հեռանկարը ավելի վատ կլինի, եթե փոխարժեքը կտրուկ արժեզրկվի: 30 տոկոս արժեզրկման պայմաններում ՀՀ պարտք/ՀՆԱ գործակիցը կհասնի 60 տոկոսի: Համատեղ շոկերի պարագայում, երբ ՀՆԱ անկումը եւ արժեզրկումը միացյալ հանդես գան, պարտք/ՀՆԱ գործակիցը կգերազանցի 70 տոկոսը»,- ահա այսպիսի տխուր եզրահանգման են գալիս զեկույցի հեղինակները: Թեպետ մեր պաշտոնյաները նշում են, որ ՀՀ պետական պարտքը գտնվում է թույլատրելի սահմաններում, PFA-ի մասնագետները հավաստիացնում են, որ այն արդեն իսկ մոտեցել է զարգացող երկրների համար պարտքի դեֆոլտի սահմանագծին։ Նրանք հիշեցնում են, որ ժամանակակից հայտնի տնտեսագետներ Հ. Ֆինգերը եւ Մ. Մեկայնին ցույց են տվել, որ վերջին ժամանակների պետական պարտքի ճգնաժամերի մեծ մասը տեղի են ունեցել 39 տոկոսից բարձի պետական պարտքի մակարդակի պայմաններում։ Զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտել նաեւ պարտքի մարման գրաֆիկի առնչությամբ՝ հիշեցնելով, որ առաջիկա երեք տարիների ընթացքում (2012-14) Հայաստանը իր արտաքին վարկատուներին պետք է մարի $1մլրդ-ից ավելին` որպես մայր գումարի վերադարձ եւ տոկոսավճար, որից $600 մլն` Արժույթի միջազգային հիմնադրամին:
Զեկույցը սուր քննադատություն է պարունակում նաեւ ՀՀ ԿԲ հասցեին՝ նշելով, որ ԿԲ-ի որդեգրած փաստացի ամրագրած փոխարժեքի քաղաքականությունը հանգեցրել է արտաքին պահուստների նշանակալի կորստի: «Ընդհանուր առմամբ, ՀՀ ԿԲ-ն կորցրել է $1.2 մլրդ կամ մինչ ճգնաժամը իր համախառն արտաքին պահուստների 3/4-ը, որից մոտ $0.5 մլրդ վատնվել է 2009 թվականի մարտի արժեզրկումից հետո: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԿԲ գործառնություններն արտարժույթի շուկայում ասիմետրիկ են. այն կտրուկ արձագանքում է արժեզրկման ճնշումներին, մինչդեռ թույլ է տալիս, որ սեզոնային բնույթ կրող զգալի արժեւորման ճնշումներն իրենց արտացոլումը գտնեն փոխարժեքում»:
Բավական հետաքրքիր է նաեւ ֆինանսական, մասնավորապես, բանկային համակարգին տրված գնահատականը։ PFA-ի հեղինակները ֆինանսական համակարգի վիճակը համարում են անհանգստացնող եւ ռիսկային,՝ չնայած` մեր իշխանությունները այդ ոլորտը համարում են ամենակայացածն ու կայունը։ Մտահոգության առիթներից մեկը, օրինակ, չաշխատող վարկերի մակարդակի աճն է։ Զեկույցը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ մինչ ամենուր վարկավորման ծավալները կտրուկ նվազել են, Հայաստանի բանկային համակարգն ականատես է եղել վարկավորման լայնածավալ աճի 2008 թվականից սկսած, որի հիմնական մասն իրականացվել է արտաքին փոխառությունների հաշվին` բանկերի մոտ կուտակելով մեծածավալ պարտք արտասահմանյան վարկատուների նկատմամբ: «Վարկերի կտրուկ աճի պատճառով նրանց որակը մնում է կասկածելի»,- նշված է զեկույցում։ Մտահոգությունների ցանկը շարունակում է վարկերի ու ավանդների դոլարիզացիայի աճը եւ բանկերի սեփականատիրական կառուցվածքի խիստ քաղաքականացված բնույթը։
Զեկույցում նշված են նաեւ մյուս ոլորտների թերություններն ու խնդիրները (օրինակ՝ շինարարությանը փոխարինած հանքարդյունաբերության ոլորտի վտանգները, կամ՝ հարկերի հավաքագրման ցածր մակարդակը՝ բարձր դրույքաչափերի պարագայում, եւ այլն), սակայն դրանք բոլորը զուտ ծավալի պատճառով չենք կարող մանրամասն ներկայացնել։ Սահմանափակվենք զեկույցում նշված հետեւյալ դիտարկմամբ. «Վերջին տարիների տնտեսական քաղաքականության հիմնական թերությունը շոշափելի արտաքին ճշգրտում ապահովելու անկարողությունն է, որը տնտեսությունը դարձրել է արտաքին ցնցումների նկատմամբ ավելի խոցելի, քան մինչ համաշխարհային ճգնաժամն էր»։
Ինչեւէ, խնդիրները թվարկելուց բացի՝ PFA-ի զեկույցը նաեւ իրավիճակը հաղթահարելու մասնագիտական լուծումներ է առաջարկել՝ ըստ տարբեր ոլորտների։ Սակայն PFA-ի փորձագիտական խումբը տարբերվել է խորհուրդներ տվող մյուս կառույցներից՝ առաջին տեղում դնելով ոչ թե զուտ մասնագիտական տնտեսական խնդիրներն ու առաջարկությունները, այլ… «Տնտեսության առջեւ ծառացած էական տնտեսական մարտահրավերների արդյունավետ կառավարումը պետք է սկսվի օրինական իշխանությունների ձեւավորմամբ, որն այդ մարտահրավերների կառավարումը կհսկի Հայաստանի քաղաքացիների անունից: 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները տրամադրում են այդ պատուհանը»,- նշել են զեկույցի հեղինակները: Մեր կողմից ավելացնենք, որ PFA-ի փորձագետները նախանձելի լավատեսություն են դրսեւորել՝ 2012թ. ԱԺ ընտրությունները պատուհան համարելով։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ զեկույցը պատրաստվել է մինչեւ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները (թեպետ հրապարակվել է երեկ)։ Իսկ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ «պատուհանը» դրսի կողմից միգուցե ավելի լայն ու թափանցիկ է դարձել, սակայն իրականում վեր է ածվել փոքրիկ օդանցքի, այն էլ՝ «ֆաներայով» փակված։ Մնացել է փոքրիկ մի ճեղք, որն այսօր, ցավոք սրտի, օգտագործվում է միայն 5000 դրամանոցներ տալու եւ ստանալու համար։