Նույն սցենարով

14/02/2012

Երեկ գրեթե միեւնույն ժամին ահաբեկչական հարձակման փորձեր են կատարվել Վրաստանում եւ Հնդկաստանում Իսրայելի դեսպանատների վրա: Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան նկատմամբ ծրագրված ահաբեկչական փորձը հաջողվել է կանխել: Վրացական իրավապահները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպանի մեքենայի տակ ամրացված նռնակը, որը հայտնաբերել էր դեսպան Իցխակ Հերբերտի վարորդ, ազգությամբ հայ Ռոման Խաչատրյանը: Գրեթե նույն սցենարով ահաբեկչությունը Դելիում կանխել չի հաջողվել: Հնդկաստանում Իսրայելի դեսպանատան ռազմական կցորդի մեքենայի տակ ամրացված նռնակը պայթել է, չորս հոգի վիրավորվել են, այդ թվում` դեսպանատան աշխատակից կանանցից մեկը: Ռազմական կցորդը, ով, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների հիմնական թիրախն է եղել, պայթյունի պահին մեքենայի մոտ չի եղել: