Գաղափարախոսությունը պարտվեց վարչական ռեսուրսին

14/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ցանկացած ընտրություն, եթե անցել է թերություններով, ապա դրա պատասխանատվությունը կրում է իշխանությաունը, որը չի կարողացել երաշխավորել ազատ, արդար ընտրություններ»,- երեկ կայացած ասուլիսում` խոսելով Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների մասին, հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Հրազդանի ընտրությունները որակեց իբրեւ «աննախադեպ»` հայտարարելով. «Այնտեղ մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքականության մեջ իրենց ուժերը կենտրոնացրեցին, որպեսզի սա հիմք կամ սկիզբ դառնա ընտրական պրոցեսի, որն ավելի լայն թափով կընթանա համապետական ընտրություններին` մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Եվ ես վստահ եմ կամ կուզենայի գոնե վստահ լինել, որ գնահատականները լինեն ազնիվ եւ արդար»: Նրա այս հիացական գնահատականի համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ ընտրախախտման կամ ընտրակաշառքի մասին բողոք չէր ներկայացվել: Խոսելով վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված դրական միտումների մասին` «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը նշեց ընտրություններում ինտերնետի, սոցիալական ցանցերի ակտիվ դերակատարությունը, ինչի շնորհիվ հնարավոր չեղավ «այնպիսի ծածկադմփոց անել, ինչպես արվում էր նախկինում»: «Երկրորդ դրական ասպեկտը` ընդդիմության մասնատվածության, երկպառակվածության մասին թեզը, համենայն դեպս, այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, չաշխատեց, քանի որ ընդդիմությունը միասնական էր: Օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մեր կուսակցությունից էլ 2 ներկայացուցիչներ կային` Մասիս Այվազյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, եւ կարող եմ ասել, որ դրական, պոզիտիվ գործոնների հետ մեկտեղ` հարց է առաջանում բոլորիս մոտ` արդյո՞ք այս դրական գործոններն ի զորու են հավասարակշռել վարչական ռեսուրսը»,- ասաց Ա. Սեդրակյանը: Ըստ վերջինիս` քաղաքակիրթ երկրներում ՏԻՄ ընտրություններին նման քաղաքական նշանակություն չի հաղորդվում, քանի որ դրանք տեղական, ադմինիստրատիվ հարցերի լուծման ընտրություններն են: Մինդեռ մեզանում, ըստ Ա. Սեդրակյանի, ՏԻՄ ընտրությունները քաղաքականացվել են, քանի որ չի լուծվել քաղաքական հաշվեկշռի խնդիրը: Ի պատասխան` ՀՀԿ-ական Հ. Սահակյանն էլ նշեց, որ իրենց կուսակցության քաղաքականացված դեմքերից քչերն են ներկա եղել Հրազդանի ընտրություններին, եւ ասաց, որ իր համար տվյալ պարագայում կարեւորը քաղաքական մշակույթի ձեւավորումն է: «Նույնիսկ, եթե Հրազդանում պարտվեց ընդդիմադիր թիմը, այնուամենայնիվ, այնտեղի ընդդիմությունը ներկայացնող տեղական թիմը բերվեց մարտական վիճակի: Նրանք պրոցեսի մեջ ընկան, որն այս տեմպով գնալու է դեպի ընտրություններ»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք խախտում չէ այն, երբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նախքան ընտրությունների մեկնարկը բազմիցս հայտարարել էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին սատարելու եւ վերջինիս օգտին աշխատելու մասին, Հովհ. Սահակյանը պատասխանեց. «Ես բազմիցս նշել եմ եւ այդ հարցի շուրջ նույն տեսակետն ունեմ. Կովալենկո Շահգալդյանը մեր կուսակցության մարզային խորհրդի ղեկավարն է, եւ Հրազդանի քաղաքապետի առաջադրումը կուսակցական, քաղաքական առաջադրում էր, եւ ինքն իր քարոզչությունն, իր աշխատանքները կատարել է աշխատանքի ժամերից դուրս, եւ եթե Դուք ունեք փաստեր, ես կխնդրեի, որպեսզի ներկայացնենք»: «Եթե պետական պաշտոնյան իրականացնում է քարոզչություն ինչ-որ մի թեկնածուի օգտին, ենթադրաբար, այդ քարոզչության մեջ մտնում է իր բանեցրած բոլոր լծակները, ինստիտուցիոնալ բոլոր կառույցները, բոլոր այն հնարավորությունները, որ այդ մարդը` իբրեւ վտանգ կամ իբրեւ կաշառք բանեցրել է, եւ բնական է` դա, ենթադրաբար, սկսում է աշխատել այն թեկնածուի օգտին, որի համար այդ քարոզչությունը գնում է: Դրա համար եմ ասում` ի վերուստ սկսում են ստեղծվել անհավասար պայմաններ ընդդիմադիր եւ իշխանական ուժերի համար,- Սահակյանին հակադարձեց Անուշ Սեդրակյանը` ավելացնելով,- Կարծում եմ` եթե այս բոլոր բացթողումները, թերությունները շարունակվեն, եւ եթե հանկարծ գնա քաղաքական գաղափարախոսությունների բախում, դարձյալ նման անհավասար պայմաններում, երբ շահագործվի պետական ռեսուրսը, երբ շահագործվի ընտրակաշառքի ռեսուրսը, այդ դեպքում Հայաստանի միջազգային վարկանիշից սկսած` վերջացրած ներքին հիասթափությամբ, մենք ունենալու ենք խնդիր ոչ միայն ժողովրդավարացման, այլեւ պետական կայացման գործընթացում»: Ա. Սեդրակյանի խոսքով` ընդդիմությունը եկել է ոչ թե նյութական, սպառնալիքների, ընտրակաշառքի, այլ գաղափարական ռեսուրսով: «Ընդդիմությունը փորձում է մինիմալ աշխատանք կատարելով, իր ուժերը կենտրոնացնելով` ստանալ մաքսիմալ արդյունք: Այդպես կյանքում, հատկապես այս ժամանակահատվածում չի լինում»,- հակադարձեց Հ. Սահակյանը` փորձելով ներկաներին վստահեցնել, թե «ժողովուրդը ձայնը տալիս է նրան, ում հավատում է», եւ, որ ընդդիմությունը «պարտվողական հոգեբանությամբ» է մտել պայքարի մեջ, եւ, որ այդպես է լինելու նաեւ ԱԺ ընտրություններին: Հերթական անգամ նա հայտարարեց, թե եկել է ժամանակը, որ գործեն ոչ թե խոսքով, այլ գործով: «Այո՛, ճիշտ է` եկել է ժամանակը Հայաստանում վերջացնելու քրեաօլիգարխիկ ընտրությունը, մոնոպոլիաները»,- հայտարարեց Ա. Սեդրակյանը` ավելացնելով, որ ընտրական գործընթացը դեռեւս հեռու է կատարյալ լինելուց: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասուլիսի վերջում ասաց, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «իսկապես եղել է օգնություն», բայց, ըստ նրա, դա եղել է երկար տարիներ կատարած աշխատանքի արդյունքում: «Նույնիսկ ընդդիմությունը կենտրոնացրեց իր ուժերը, նույնիսկ Սպիտակի թեկնածուին հանեց, բայց, այնուամենայնիվ, պարտվեցին»,- եզրահանգեց Հովհ. Սահակյանը: Ասուլիսի ավարտին ՀՀԿ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ինքը ծանոթ է 2 օր առաջ համացանցում տարածված` Հրազդանի ՀՀԿ շտաբում տիրող իրավիճակին (հիշեցնենք, որ տեսանյութը տարածել էր «Չենք լռելու» նախաձեռնությունը, ըստ որի` ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ականները զբաղված էին ընտրակաշառքներ բաժանելով), եւ արդյո՞ք պատիժ կրել են այդ շտաբի աշխատակիցները, ովքեր հայհոյանքներ են հասցրել տեսանյութը պատրաստողներին` նույնիսկ ֆիզիկական միջամտությամբ խոչընդոտելով նրանց աշխատանքը: Հովհ. Սահակյանը նախ ասաց, թե «ընտրակաշառքին քաղաքական առումով տալ գնահատական եւ հայտարարություն անել, կարծում եմ` ամենահեշտ եւ ամենահնչեղ տարբերակն է», ապա, երբ կրկնեցինք հարցը` ինքը հարցրեց. «Ո՞ր շտաբից… իսկ մյուս շտաբից հայհոյանքներ-բան չէր եղել»: «Պատժե՞լ եք այդ աշխատակիցներին»,- կրկին հետաքրքրվեցինք ՀՀԿ-ական պատգամավորից: «Անկեղծ ասած, չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց չեմ կարծում, թե երեւույթն այն աստիճանի է հասել, որ պետք է նման հնչեղություն ունենար»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: