«Ազատ եւ պատասխանատու»

25/11/2005

Երեկ «Երեւանի մամուլի ակումբի» փորձագետները ներկայացրին «ԶԼՄ-ով Սահմանադրական բարեփոխումների լուսաբանման» երկրորդ փուլի արդյունքները: Մոնիտորինգի էին ենթարկվել չորս հեռուստաալիք եւ յոթ թերթ: Ինչպես առաջին փուլում (նոյեմբերի 5-12), այդպես էլ երկրորդ փուլում (նոյեմբերի 13-19), ոչ մի լրատվամիջոց սահմանադրական բարեփոխումների լուսաբանման հավասարակշռությունը չի պահպանել: «Հ2» եւ «Արմենիա» հեռուստաալիքները լուսաբանումները տարել են «այո»-ի քարոզչության օգտին: Ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են եղել: Շաբաթվա ընթացքում այս թեմային նվիրված «Հայլուրի» 34 ռեպորտաժներից 14-ը եղել է «այո»-ի օգտին, 2-ը՝ «ոչ»-ի, 18-ը պահպանել է հավասարակշռությունը: Արթուր Բախտամյանի «5-րդ ալիք» հաղորդումն «այո»-ի քարոզչություն է դիտարկվել, որովհետեւ հրավիրել էին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին եւ «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ Վարդան Պողոսյանին: Վ.Պողոսյանի ասելով` իրեն հնարավորություն չեն տվել ամբողջությամբ արտահայտվել, եւ հավասարակշռությունը թեքվել է Տ.Թորոսյանի կողմը: «Արմենիա» եւ «Հ2» հեռուստաընկերություններն այս հավասարակշռությունը դեպի «այո»-ն շատ ավելին էին խախտել: Նույնիսկ «Հ2»-ի «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ Արամ Սաֆարյանը բանավիճելու է հրավիրել ԱԺ երկու փոխնախագահներ` «այո»-ական Տիգրան Թորոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, եւ բանավեճը վերածվել է սահմանադրության փոփոխված նախագծի գովքի: «Այո»-«ոչ» հավասարակշռությունը մի քիչ ԱԼՄ հեռուստաալիքն է պահպանել: Եվ անցած շաբաթ սահմանադրական բարեփոխումների թեմայով այս չորս հեռուստաալիքները պատրաստել են մոտ 125 հաղորդում, որից 70-ը եղել է «այո»-ի օգտին, իսկ «ոչ»-ի օգտին ընդամենը 6 ռեպորտաժ է եղել: Այս չորսն այն հեռուստաալիքներն են, որոնք ունեն մեծ սփռվածություն եւ լսարան: ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանի կարծիքով` այս հեռուստաընկերությունները խնդրին իրազեկելու եւ այն անաչառ ներկայացնելու փոխարեն` փաստորեն, զբաղվել են «այո»-ի քարոզչությամբ:

Գրեթե նույն կողմնապահությունն է նաեւ թերթերում. եթե «Հայոց Աշխարհը» մեծամասամբ «այո»-ի օգտին է գրում, ապա «Հայկական ժամանակ» թերթը «ոչ»-ի կողմնակիցն է: Իսկ «Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերը հիմնականում պահպանել են չեզոք դիրքորոշում:

Ա.Ա.