Խոստանում ենք՝ չուտել մարդու միս, խմել այծի կաթ

14/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները հրապարակայնորեն միմյանց հանդեպ իրենց հակակրանքը թաքցնել չեն էլ փորձում: Իրավիճակի բերումով երեք այս ուժերը հայտնվել են նույն կաթսայում եւ ստիպված են դժկամորեն հանդուրժել միմյանց` ոչ այնքան հաճելի ընկերակցությունը: Սակայն նրանց հակակրանքը միմյանց հանդեպ այնքան էլ հասկանալի չէ. Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացնող մարդիկ միմյանց նման են իրենց տեսակով, գործողությունների կանխատեսելիությամբ: Եվ միայն անդամատոմսերից կարելի է գլխի ընկնել` ո՞վ ո՛ր կուսակցությունն է ներկայացնում: Նրանց տարբերությունն այն է, որ յուրաքանչյուր կուսակցություն ընդգծված անտարբեր է մյուս երկու կուսակցության առաջնորդի հանդեպ: Մինչդեռ սարսափելի ակնածում է սեփական ղեկավարից:

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների վերաբերմունքը միմյանց հանդեպ առավել սրվեց, երբ Եվրոպայի Ժողովրդավարական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունեց ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» հայտերը` անդամակցել կառույցին, իսկ ԲՀԿ-ի հայտն անգամ չքննարկվեց: ԲՀԿ համակիր լրագրողը կասկածի տակ առավ ԵԺԿ-ի օբյեկտիվութունը` մատը տնկելով ՕԵԿ-ի կողմը: Իբր, սա էլ ԵԺԿ-ի անաչառությունը. ՕԵԿ-ի անդամակցության հայտն ընդունվեց, իսկ սա քաղաքական այն միավորումն է, ուր կուսակցական տոմսից հնարավոր է զրկվել անգամ Հեղինե Բիշարյանի հետ ունեցած անհամաձայնության պատճառով: Ահա՛ ՕԵԿ «ժողովրդավարության» զոհը` պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:

Թե ինչո՞ւ ԲՀԿ հայտը մերժեց ԵԺԿ-ն, բացատրության կարիք չունի: Թեեւ քաղաքական մյուս ուժերը ձեւացնում են, թե նման անարդարության պատճառը չեն հասկանում: Զարմանալի էր, որ անգամ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ԵԺԿ-ի նման որոշումն իր համար անհասկանալի էր: Պատճառը պարզ է: Այն անգամ անուն-ազգանուն ունի: Սակայն խնդիրն այն է, որ այդ նույն հիմնավորումներով պետք է մերժվեր նաեւ ՀՀԿ-ի անդամակցությունը: Իսկ ՕԵԿ-ի հայտը քննելուց առաջ վատ չէր լինի ճշտել` այդ կուսակցությունը դե ֆակտո կա՞: Եթե` այո, քանի՞ գործող անդամ ունի:

Եվ ահա, այս ֆոնին հայտնվում է օրվա լրահոսի հիթը` ՀՀԿ մամուլի ծառայության հրապարակած տեղեկությունը: Ըստ այդմ` տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ներկայացուցիչների նիստ, որին մասնակցել են ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ առաջնորդները: Համաձայնություն է կայացվել մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով: Կողմերը պարտավորվել են փոխադարձաբար հանդուրժել միմյանց, ընտրություններին մասնակցել բացառապես քաղաքակիրթ մրցակցության կանոններով: Գեղեցիկ է հատկապես հաջորդ նախադասությունը, որն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրչին է պատկանում. «Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:

Հաղորդագրության տեքստը շատ կարճ է եւ չի տալիս որոշ հարցերի պատասխաններ: Մասնավորապես` առանցքային խնդիր է` կուսակցությունները նույն ընտրատարածքում թեկնածուներ առաջադրելո՞ւ են, այսինքն` ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուները պայքարելո՞ւ են նույն մանդատի համար: Չմոռանանք, որ ԲՀԿ առաջնորդը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե թեկնածուներ են առաջադրելու բոլոր 41 ընտրատարածքներում: Սրա՞ն է վերաբերում «ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն» արտահայտությունը: Եվ հետո` հանուն ինչի՞ են ցանկանում այս երեք կուսակցությունները «փոխադարձաբար հանդուրժել» միմյանց:

Կոալիցիոն կուսակցությունները, խոշոր հաշվով, նույն մարմնի երեք գլուխն են: Իսկ այն, որ դրված է առանձին ցուցակներով մասնակցելու խնդիրը, հասկանալի է` վերցնել հնարավորինս շատ տեղեր: Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ առանձին ցուցակով մասնակցելու դեպքում կոալիցիոն ուժերից մեկը` ՕԵԿ-ը, ամենայն հավանականությամբ, չի հաջողի անցնել անհրաժեշտ շեմը: Վկան` փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններն են: Համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների` Արթիկի տարածքի Գեղանիստ համայնքում առաջադրված ՕԵԿ ներկայացուցիչ Արտյոմ Ալեքսանյանը պարտվել է իր անկուսակցական մրցակցին: Նահապետավանում եւս ՕԵԿ թեկնածու Սաշա Վարդանյանը պարտվել է: Եվ դարձյալ` անկուսակցական մրցակցին:

Պատրա՞ստ է ՀՀԿ-ն հաշտվել իրականության հետ` կոալիցիայում մնալ մեկ եւ ոչ շատ վստահելի գործընկերոջ` ԲՀԿ-ի հետ: Եթե ոչ, ո՞ւմ ձայների հաշվին կկեղծվեն ընտրությունները:

Իսկ այն, որ դրանք կեղծվելու են, ցույց տվեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունը: ՀԱԿ թեկնածու Սասուն Միքայելյանը, ով մեծ հեղինակություն էր վայելում, պարտվեց գործող քաղաքապետին` մոտ 1500 ձայնով: ՀԱԿ-ը սպասում էր նաեւ ԲՀԿ-ի՞ աջակցությանը: Այն, ինչպես եւ ակնկալվում էր, չեղավ: Սակայն այս ընտրությունը փաստեց, որ ընդդիմությունն ինքնուրույն չկարողացավ ապահովել Սասուն Միքայելյանի արդար հաղթանակը: Եվ ոչ մի երաշխիք, որ մայիսին նույնը չի կրկնվի:

Հ.Գ.
Մինչ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն էին, Թուրքմենստանը նախագահ էր ընտրում: Դժվար թե Թուրքմենստանի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու, գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ձայների 97,14 տոկոսը ստացած լինի ընտրակաշառքով: Թուրքմեն ժողովուրդը գնացել ու մեկ մարդու պես ձայնը տվել է նրան: Սակայն, ի տարբերություն ոմանց, Բերդիմուհամեդովի գլխավորած կուսկացությունը ԵԺԿ չի դիմել` անդամակցության հարցով: