Չիրականացված խոստումներ՝ չորս կուսակցությունների նախընտրական ծրագրերից

14/02/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվում է, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ` առաջիկայում, քաղաքական ուժերն ու առանձին թեկնածուները ամեն պատեհ ու անպատեհ առիթներով շահարկելու են Հայաստանի ազգաբնակչության թիրախային խմբերի խնդիրները: Այլ կերպ ասած` նախընտրական ծրագրերը կառուցվելու են հասարակության խոցելի խմբերին ուղղված «ճոռոմ» խոստումներով, որոնք, ինչպես միշտ, մնալու են որպես գեղեցիկ ձեւակերպումներ, եւ ոչ ավելին: Չկա որեւէ կուսակցություն կամ պատգամավորի թեկնածու, որն իր նախընտրական ծրագրի մեջ առանձին անդրադարձ չունենա հաշմանդամության խնդրին եւ այն «պայծառ» ապագայի խոստմանը, որը սպասվում է իր կամ իրենց իշխանության գալուց հետո: Օրինակ` ՀՀԿ-ն իր 2007թ. նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի վերաբերյալ այսպիսի խոստումնալից ձեւակերպմամբ էր ներկայացրել. «Երկրի մրցունակության առաջին ցուցանիշը սեփական քաղաքացու համար արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումն է` որպես պետության վերաբերմունքն իր գլխավոր հարստության` մարդու նկատմամբ»: Այնուհետեւ առանձին տողով խոստացել էր «Հաշմանդամների պրոթեզավորման հնարավորությունների եւ տեղաշարժման լիարժեք պայմանների ապահովում»: Ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման լիարժեք պայմանների ապահովումը մնացել է օդից կախված, քանի որ նման կարգավիճակ ունեցող մարդկանց տեղաշարժման հնարավորությունները սահմանափակ են մի քանի` հարմարեցված տրանսպորտային միջոցների, թեքահարթակների բացակայության պատճառով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2007թ. իր նախընտրական ծրագրում հաշմանդամության խնդրին ավելի հռետորական էր անդրադարձել եւ ծրագրում դեղատոմս չէր առաջարկել: Արձանագրել էր, որ առողջապահության համակարգում առաջնային խնդիրներից է «Հաշմանդամների հիմնահարցերի լուծման ուղղությամբ պետական հատուկ քաղաքականության իրականացումը, որը հաշմանդամների համար կստեղծի կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու պայմաններ եւ կապահովի նրանց իրավունքների իրականացումը եւ հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրի ընդունումը»: Ընդունենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ի այս հատվածն առավել ճարպիկ է ձեւակերպված, քանի որ նշված չեն այն քայլերը, որոնց միջոցով կարելի է հասնել թե՛ իրավունքի, թե՛ սոցիալական պաշտպանության ամրապնդմանը:

Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրին` պարզապես նշենք, որ այս կուսակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց խոստացել էր ամեն ինչ, ընդհուպ` հաշմանդամների ձեռնարկություններին պետական աջակցություն, այնպիսի օրենքների ընդունում եւ կիրառում, որոնք հնարավորություն կտան ֆիզիկական տկարություն ունեցող բազմահազար քաղաքացիներին` ըստ իրենց մտավոր ու ֆիզիկական կարողությունների եւ նախասիրությունների, ակտիվ մասնակից դառնալ երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական կյանքին: «Հաշմանդամներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով պետական մարմինների հետ լուծել հեռուստահաղորդումների թարգմանության խնդիրը խուլ-համրերի համար, ապահովել Բրայլյան համակարգով գրականության հրատարակումը կույրերի համար, գրավոր ձեռնարկների լրատվամիջոցների միջոցով հրապարակումը կույրերի, խուլ-համրերի եւ ընդհանրապես հաշմանդամ քաղաքացիների համար»,- գրված է ՕԵԿ 2007թ. նախընտրական ծրագրում: Մի խոսքով` ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագիրը կառուցել է երեւակայական դաշտում, բայց բարեբախտաբար առանձին տողով հաշմանդամություն ունեցող անձանց (ներողություն ենք խնդրում արտահայտության համար) տեսողության, լսողության, բացակայող ոտքերի կամ ձեռքերի վերականգնում չէր խոստացել:

ՀՅԴ-ն իր 2007թ. նախընտրական ծրագրում բավականին մեծ հատվածով անդրադարձ էր կատարել այս ոլորտի անելիքներին, մասնավորապես խոստանալով սոցիալական այս խմբի համար զբաղվածության ծրագրերի մշակում եւ իրագործում: «Հաշմանդամներին հասարակական կյանքին լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովում, նրանց համապատասխան ծառայություններ տրամադրելու, կրթություն ստանալու, աշխատանք ունենալու հետ կապված հարցերի իրավական եւ ֆինանսական կարգավորում», եւ այլն:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քաղաքական չորս ուժերն էլ 2007թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ունենալուց հետո իշխանական կոալիցիա կազմեցին եւ բոլոր հնարավորություններն ունեին իրենց խոստումներն իրականացնելու համար: Իհարկե, ավելի ուշ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայի կազմից, սակայն երկու տարուց ավելի այս քաղաքական ուժը նույնպես իշխանության մաս էր կազմում` ունենալով նաեւ նախարարական պորտֆելներ: Դժվար է թվարկել, թե իշխանության եկած այս չորս կուսակցությունների նախընտրական ծրագրերից կոնկրետ հաշմանդամության ոլորտում որ խոստումները չեն կատարվել, քանի որ ավելի հեշտ է արձանագրել, թե որ խոստումն է կատարվել: Ընդամենը հաստատվել է կուսակցությունների նախընտրական ծրագրերի այն պնդումը, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձինք ունեն բազում խնդիրներ, եւ այդ խնդիրները չորս տարի անց էլ մնում են անլուծելի: Հետեւաբար` այս չորս կուսակցությունները եկող ընտրություններին կարող են այս ոլորտին վերաբերող հատվածն այլեւս փոփոխության չենթարկել, քանի որ ծրագրերում զետեղված խնդիրներն այսօր էլ արդիական են:

Եթե վարչապետը ժապավեն կտրելիս հայացքը գցեր…

Հաշմանդամության խնդիրներով Հայաստանում զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնցից 10-ը բավականին ակտիվ գործունեություն են իրականացնում: Արդեն 15 տարի է, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հ/կ-ն տարբեր ծրագրեր է իրականացնում եւ փորձում է հասարակության մեջ հաշմանդամություն ունեցողների հանդեպ հավասարության գիտակցությունն ամրապնդել:

Կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանն այսօր էլ համարում է, որ իրենց իրավունքներից օգտվելու հնարավորություններից զրկված լինելու պատճառով` հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության ամենաաղքատ եւ խոցելի խումբն են եւ կմնան այդպիսին, քանի դեռ պաշտպանված չեն նրանց լիարժեք կրթության, առողջապահության պահպանման, լիարժեք մասնակցության, աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունքները եւ հավասար հնարավորությունները: «Այո՛, հաշմանդամությունը շահարկվում է նախընտրական ծրագրերով: Թե ի՞նչ է փոխվել` պետք է դիտարկել երեխաների եւ չափահաս անձանց առանձնացնելով: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իսկապես մեծ բան է փոխվել. Այն, որ այսօր ներառական կրթությունը թեկուզ ոչ լիարժեք իրականացմամբ ներդրվել է` դա մեծ առաջընթաց է: Ես ներառական կրթության մոդելի ներդրմամբ միշտ հպարտանում եմ, դա պետական կամք եւ մոտեցում է: Նախկին ԱՊՀ երկրներից Հայաստանը միակն է, որ այդ քայլին գնաց, ինչը շատ առաջադիմական քայլ է: Անցած հինգշաբթի օրը կառավարությունը նաեւ հաստատեց «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխությունների փաթեթը, որով համընդհանուր ներառական կրթության հիմք է դրվում»,- ասում է Ս. Թադեւոսյանը` հավելելով, որ մինչեւ 2022թ. հանրակրթության համակարգում ամբողջությամբ ներդրված կլինի ներառական կրթությունը: Վերջինիս կարծիքով` նույնիսկ աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ կրթության միջոցով: Եթե պետությունն այսօր ներդրում է կատարում ապագայի վրա, ապա հետագայում թե՛ անձը, թե՛ երկիրը հետ է ստանում դրա պտուղները: Այլ կերպ ասած` կրթության ոլորտում մենք ունենք պրոգրես, որի շարունակական փուլը` մասնագիտական մակարդակն ապահովելու համար, սակայն, բազում խնդիրներ կան. «Հանրակրթական մակարդակն արդեն ավարտած հաշմանդամություն ունեցող երեխան կկանգնի փաստի առաջ: Կրթության հաջորդ մակարդակի հասանելիության պահանջարկը կա: Նախնական մասնագիտական, արհեստագործական կամ բարձրագույն կրթություն ստանալու փոփոխությունները պետք է լինեն հավասար հնարավորությունների ստեղծմանը համահունչ: Պահանջարկը ձեւավորվում է, եւ սա իսկապես ձեռքբերում է: Խնդիրն այն է, որ օրինակ` չափահաս` հաշմանդամություն ունեցող երեխան ավարտել է եւ որոշակի մասնագիտական որակավորում ունի. մի կողմից մեծ խնդիր է թե՛ հարմարեցված աշխատատեղերը, թե՛ գործատուների վերաբերմունքը, կարծիքը»: Այլ կերպ ասած` գործատուն թերահավատորեն է վերաբերվում այն անձին, որը, թեեւ համարվում է աշխատունակ, այդուհանդերձ, ունի հաշմանդամության կարգավիճակ: Ս. Թադեւոսյանի հավաստմամբ` այսօր մեր հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց ամենամեծ խնդիրը գործազրկությունն ու տեղաշարժման սահմանափակ հնարավորություններն են: Հետեւաբար, դրանից էլ գալիս է ընտանիքից կախման մեջ լինելու բարդույթը եւ իրավունքի բացակայությունը: Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար առաջին խնդիրը` զբաղվածությունը, առայսօր մնում է բաց, որի հետեւանքով գալիս են մի շարք սոցիալական, հոգեբանական, հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներ: Անցյալ տարի «Հույսի կամուրջ» կազմակերպությունը` «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով մեծ քարոզարշավ էր կազմակերպել: Կազմակերպությունը «Լավագույն գործատու» անվանակարգով մրցանակ էր սահմանել, որը որոշակի չափանիշներով էր հաստատվել. «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատակիցների թիվն էինք կարեւորել: Էնպիսի հայտեր էինք ստանում, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների էնպիսի թվեր էին ներկայացրել, որ ապշել էինք: Հետագայում պարզեցինք, որ հաշմանդամության այլ տեսակի մասին է խոսքը, օրինակ` ինֆարկտ տարած մարդ, կամ շաքարային դիաբետ, որն ունի ժամանակավոր հաշմանդամություն եւ այլն: Երբ կոնկրետացրեցինք, որ սայլակ օգտագործող, տեսողական խնդիր ունեցող մարդկանց մասին է խոսքը` մեր ձեռքի տակ մնաց միայն «Վիվա Սել»-ը եւ «HSBC» բանկը»: Հաշվի առնելով մեր երկրում տիրող համատարած գործազրկությունը` Ս. Թադեւոսյանը պետության կողմից տրված հաշմանդամության կենսաթոշակը ոչ ադեկվատ է համարում: Չնայած դրան` նա կարծում է, որ անհրաժեշտ է սոցիալական հեղափոխություն կատարել եւ պետության աջակցությունը փոխարինել սոցիալական ձեռնարկություններով: Պետությունն, անշուշտ, պետք է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական լարվածությունը թոթափի, սակայն նաեւ առաջիկայում աշխատատեղեր ստեղծելու տեսլական պետք է ունենա: Վերջերս Ս. Թադեւոսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ներկայացուցիչների հետ Դանիայում մասնակցել է ուսումնական մի ծրագրի: «Երբ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը հարց ուղղեց, թե` դուք ինչպե՞ս եք ճանաչում, կամ ո՞ր կառույցն է ճանաչում մարդու հաշմանդամությունը` Դանիայի Սոցապնախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ անձն ինքն է որոշում` ինքը հաշմանդա՞մ է, թե՞ ոչ: Շատ անկեղծ զարմացանք: Հայաստանում եթե մեկին հարցնես` դու հաշմանդա՞մ ես, կասի` հա, հա, մենակ թե թոշակ տուր»,- պատմում է նա` հավելելով, որ իսկական սոցիալական պաշտպանության մոդելը դա է: Այսինքն` Դանիան իր քաղաքացու համար ծնվելու պահից սկսած մինչեւ մահ ստեղծում է բոլոր հնարավորությունները` ապրել ընտանիքում, կրթություն, մասնագիտություն ստանալ, աշխատել, ամուսնանալ, եւ այլն: Մարդուն տալիս է երկու հնարավորություն` չես ճանաչում քո հաշմանդամությունը եւ սոցիալական շփման միջոցով աշխատում, վաստակում եւ արժանապատվորեն ապրում ես, կամ ճանաչում ես ու ոչինչ չես անում, ապրում ես պետության հաշվին` մեկուսացված, առանց շփումների եւ կյանքի արժանապատիվ որակի: Դանիայի հաշմանդամության խնդիրներով քաղաքացիների 90%-ը չի ճանաչում իր հաշմանդամությունը, այլ ինքնառեալիզացվում է սոցիալական կյանքում: «Սա է սոցիալական մոդելը, որին մեր երկիրը հավակնում է գնալ: Եթե այս տեսանկյունից հարցին նայեմ, ապա կասեմ, որ ոչինչ էլ չի արվում, որովհետեւ մարդուն ընտրության հնարավորություն չի տրվում: Հարց է ծագում` հաշմանդամություն ունեցող մարդը թոշա՞կն ընտրի, թե՞… ինչի՞ մեջ կատարի իր ընտրությունը, եթե չունի այլընտրանք: Աշխարհում բոլոր մարդիկ հավասար են, բայց մարդուն փոխում է իր միջավայրը»,- պարզաբանում է Ս. Թադեւոսյանը` վստահեցնելով, որ հաշմանդամությունը ծնվում է միջավայրային բախման արդյունքում: Այսինքն` մարդն ունի ֆունկցիոնալ խանգարում, որով զբաղվում է առողջապահական ոլորտը, բայց ծառայությունների բացակայությունը, գործազրկությունը, միջավայրի խոչընդոտները, արգելքները վակուում են առաջացնում, եւ այդ պահից սկսած էլ մարդը դառնում է հաշմանդամ: «Առողջապահական ոլորտը հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում է որպես հիվանդ, իսկ Սոցապ նախարարությունը` անկարող: Ռազմավարությունը, քաղաքականությունը կառուցում է անձի սահմանափակումների վրա` փորձելով անձին փոխել: Բուժումը` անձին, թոշակն` անձին, վերականգնողական ծառայությունները, արտոնությունները` անձին. Ռեսուրսներ են, որոնք պետությունը ծախսում է, բայց քանի՞ տոկոսն է անձից դեպի միջավայր գնում: Մեռանք թեքահարթակների մասին խոսելով: Այն, ինչ մեր երկրում տեղի է ունենում` խայտառակություն է»,- ասում է Ս. Թադեւոսյանը` հիշեցնելով, որ թեեւ Քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է, թե օրենքով սահմանված է թեքահարթակ կառուցելու պարտավորությունը, այդուհանդերձ, վերահսկելու կամ պարտադրելու մեխանիզմներ չկան: Նրա կարծիքով` թեքահարթակների կառուցման հարցում նաեւ թույլ է հասարակական վերահսկողությունը. «Երբ շատ գեղեցիկ, հարմարավետ դպրոցի շենք է կառուցվում, եւ վարչապետը կարմիր ժապավենը կտրում է` ընդամենը պետք է նկատել ու հնչեցնել մի հարց` իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ինչո՞ւ հարմարեցված չէ, նրանք ինչո՞ւ չեն կարող գալ այս դպրոց: Եթե յուրաքանչյուրն այդ հայացքից խնդիրը բարձրացնի եւ այդ հարցը տա` հավատացեք, խնդիրը կլուծվի»: Այսօր էլ շարունակում են կառուցվել շենքեր, որտեղ բացակայում են թեքահարթակները, իսկ որոշ դեպքերում էլ կառուցվածը չի համապատասխանում ստանդարտներին: «Հույսի կամուրջի» նախագահի հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» միջազգային կոնվենցիաներին, որը վավերացրել է նաեւ Հայաստանը: Եվ այդ կոնվենցիաները, անկախ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից, Հայաստանը պարտավոր է իրականացնել: Այս թեմայի շուրջ Ս. Թադեւոսյանի մեկնաբանությունները կներկայացնենք մեր առաջիկա համարում։