Դարպասապահի հետ

11/02/2012

«Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր: Այն մեր դարպասն է դեպի Ասիա»,- Facebook-ի իր էջում նման գրառում է արել Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Մամեդյարովը Բրյուսել էր մեկնել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, եվրոպացի պատգամավորները Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Եվրոպացի պատգամավորները, մասնավորապես, հիշատակել են տարածքային երկարատեւ հակամարտությունը հարթելու գերմանացիների եւ ֆրանսիացիների հաջող փորձը եւ կոչ արել հետեւել դրան: Ի պատասխան, Մամեդյարովը կրկին ընդգծել է` առաջընթացի համար նախ` անհրաժեշտ է հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից»: Իսկ «Եվրամիություն-Ադրբեջան. գործընկերության նոր հորիզոններ» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում Մամեդյարովը Եվրամիությանն ու Եվրախորհրդարանին կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չառաջնորդվել երկակի չափանիշներով: