Գալուստավարի

11/02/2012

«Ինչքան ընտրությունները մոտենան, դանակավորները կշատանան: Ես չեմ կարծում, թե քվեարկության արդյունքների վրա ազդեցություն է ունեցել երեկվա քվեարկությունը: Ես այդ ամենը ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել»,- անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների կողմից նախօրեին քվեարկությունները կեղծելու փաստին` երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այդքանից հետո նա ասել է, թե կրկնակի քվեարկությունից խուսափելու համար հարկավոր է բարձրացնել պատգամավորների կարգապահության աստիճանը: «Կարգազանցությունը պետք է ավելի շատ նկատելի դարձնել»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ, եթե լինում է «Կանոնակարգ օրենքի» խախտում, ապա պետք է լինի վերաքվեարկություն: «Ես էդ ամեն ինչը ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, ինչը անում են լրագրողները, ես չեմ նայել այդ տեսախցիկների նկարածները: Խորհրդարանը նրա համար է, որ երբեմն-երբեմն կարող են կատարվել նաեւ նման բաներ, ինչպես նաեւ` ինտրիգներ ու բանավեճեր»,- իր կուսակիցներին պաշտպանել է Սահակյանը: