Ավանակն ու օջախը

11/02/2012

«Որպես կանոն, նման ասեկոսեներ տարածողները հայտնվում են բուրիդանյան ավանակի կարգավիճակում: Հին հույն փիլիսոփա Բուրիդանը ժամանակին ապացուցել է, որ երբ ավանակին կանգնեցնում ես երկու խոտի դեզերի երկրաչափորեն կենտրոնում, չի կարողանում կողմնորոշվել` ա՞ջ գնա, թե՞ ձախ»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ անկեղծացել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` իր կարծիքով` այդպիսով պատասխանելով այն տեղեկություններին, թե ինքը չի մասնակցել ԱԺ վերջին քառօրյային, քանի որ վերջերս ՕԵԿ-ում համամասնական ցուցակի քննարկմանն իրեն առաջարկվել է ոչ անցողիկ տեղ, փոխարենը` Արթուր Բաղդասարյանը նրան հորդորել է ընտրվել մեծամասնական ընտրակարգով:

Շարունակելով բուրիդանյան ավանակի թեման` Հ. Մարգարյանն ասել է. «Ես 28-րդ տեղում էի, 12 հոգի հրաժարվեց մանդատներից, եւ ես, առանց մի քոռ կոպեկի, դարձա պատգամավոր: Ես չեմ կարող ուրանալ Արթուր Բաղդասարյանին: Ես զինվոր եմ, անկախ նրանից` պատգամավո՞ր եմ, թե՞ ոչ: Իմ ներկաս «Օրինաց» օջախում է, ապագաս նույնպես լինելու է «Օրինաց» օջախում»: Հետաքրքիր է, որ այդքանից հետո Հ. Մարգարյանը հայտարարել է, թե հնարավոր է` ինքն առաջադրվի նաեւ մեծամասնական ընտրակարգով: