Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, ով հանդիպել է Ալիեւի հետ եւ քննարկել ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջեւ համագործակցությանն առնչվող խնդիրներ: Ափաթուրայն ընդգծել է, որ Չիկագոյում կայանալու է նաեւ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի` ISAF-ի երկրների ներկայացուցիչների հանդիպում: «Մենք քննարկել ենք նաեւ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) 3-րդ փուլի վերաբերյալ համաձայնագրով նախատեսված համագործակցության խնդիրները, որոնք գտնվում են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում: Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին` դեպի Աֆղանստան բեռների տարանցման հարցում նրա տարածքից օգտվելու համար: Ադրբեջանին է բաժին ընկնում դեպի Աֆղանստան ուղարկվող ՆԱՏՕ-ի բոլոր տիպի բեռների 30 տոկոսը: Այժմ ՆԱՏՕ-ի համար գալիս է այնպիսի ժամանակաշրջան, երբ ՆԱՏՕ-ն 2-3 տարվա ընթացքում պետք է ոչ միայն բեռներ փոխադրի դեպի Աֆղանստան, այլեւ` այնտեղից դուրս բերի բեռներ: Ալիեւն ինձ հայտնեց, որ Ադրբեջանը տվյալ հարցում աջակցում է ՆԱՏՕ-ին: Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի բարձրացրել ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: