Քննարկել են ԱԺ ընտրությունները

11/02/2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասնել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողության ձեւավորված փորձը` ընդգծելով, որ Դատախազության համակարգում կազմավորվող աշխատանքային խումբը հետամուտ է լինում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների, այդ թվում` մամուլի հրապարակումների պատշաճ քննարկմանը, օպերատիվ արձագանքմանը: Ըստ հաղորդագրության` Ա.Հովսեփյանը կարեւորել է «ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը»` տեղեկացնելով, որ Դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է տեսահոլովակ` իրազեկելու հանրությանն ընտրախախտումների այն տեսակների մասին, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Դատախազությունը ունի վճռականություն, կամք եւ հետամուտ է լինելու, որ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտները»,- ասել է Ա.Հովսեփյանը` հույս հայտնելով, որ հանրային իրազեկմանն ուղղված տեսահոլովակը կունենա նախականխիչ նշանակություն: Բացի այդ` Դատախազությունը ծրագրում է կազմակերպել հանրային քննարկումներ ընտրախախտումների համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, հաղորդումների ներկայացման, գրանցման եւ դրանց քննարկման ընթացակարգերի վերաբերյալ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության` կողմերն անդրադարձել են նաեւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին` կարեւորելով հատկապես անդրազգային, լատենտային հանցագործությունների դեմ պայքարում ազգային կարողությունների զարգացումը: Ա. Հովսեփյանն ընդգծել է առանձին հանցատեսակներով փորձաքննությունները պատշաճ եւ օպերատիվ կատարելու անհրաժեշտությունը` նշելով մասնավորապես թմրամիջոցի գործածման, ինչպես նաեւ` դրա տեսակը պարզելու համար մարզերում համապատասխան փորձագիտական լաբորատորիաների ձեւավորման կարեւորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ուժեղացնել պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, այլ նաեւ բարձրացնել արդյունավետությունը: