«Գրանցվող երկրաշարժներն անհանգստացնող են»,- ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանը

11/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հատկապես վերջերս քննարկվող հարցերից մեկը դարձել է Հայաստանի սեյսմիկ ռիսկերի նկատելի բարձրացումը: Ընդ որում` նշվում է նաեւ այն մասին, որ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում այդ ռիսկերը հասել են առավելագույն մակարդակի: ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության Սեյսմիկ Պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Հրաչյա Պետրոսյանը, սակայն, համաձայն չէ այս դիտարկման հետ: «Ես համաձայն չեմ, որ ռիսկը հասել է առավելագույնի: Սեյսմիկ ռիսկը հնարավոր ուժեղ երկրաշարժի հետեւանքով հնարավոր կորուստներն են` նյութական, ֆիզիկական: Իսկ ասել, թե դա հասել է առավել բարձր մակարդակի, դրա համար պետք է հիմքեր ունենալ: Նման հիմքեր չեմ տեսնում: Մենք ունենք խնդիրներ` կապված բնակչության իրազեկության, շենք-շինությունների սեյսմակայունության, սեյսմիկ վտանգի ժամանակին եւ ճշգրիտ գնահատման հետ, բայց ասել, որ հիմա վիճակն ավելի վատ է, քան կես կամ 1 ամիս առաջ, այդպիսի բան չեմ կարող ասել»,- ասաց ՍՊԱԾ-ի պետը: Հարցին, թե կա՞ն տվյալներ իր նշած հիմքերի համար, Հ. Պետրոսյանը պատասխանեց. «Տվյալներ չկան, կա մտահոգություն, որ մենք բոլորս միասին ամեն ինչ անենք, որպեսզի սեյսմիկ ռիսկ կոչվածը ցածր լինի: Այսինքն` որպեսզի հնարավոր բարձր երկրաշարժը, որ ապագայում կարող է լինել Հայաստանում կամ հարակից տարածքներում, հնարավորինս ավելի քիչ ծանրության հետեւանքների հանգեցնի»։ ԱԻՆ աշխատակիցն ավելացրեց. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե շենք- շինություններ ենք կառուցում, պետք է բարեխղճորեն կառուցենք մեր երեխաների եւ մեր թոռների համար»: Իսկ երբ հետաքրքրվեցինք նորակառույց շինությունների սեյսմակայունության խախտումների մասին, Հ. Պետրոսյանը նախընտրեց խոսել առանձին հարցազրույցի ժամանակ` նշելով, որ դա բավական լայն թեմա է: Ինչ վերաբերում է Հայաստանում ավելի հաճախ գրանցվող փոքր մագնիտուդով երկրաշարժերին, ինչպես, օրինակ, երեկ Ապարանում գրանցված 2,7 մագնիտուդ երկրաշարժին, ապա ՍՊԱԾ-ի պետը պատասխանեց. «Դրանք թույլ սեյսմիկ ցնցումներ են, ֆոնային սեյսմիկության դրսեւորումներ: Դա արտառոց երեւույթ չէ: Դա սեյսմիկ ռեժիմի արտահայտությունն է, որ մենք գրանցում ենք»:

Իսկ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանի փոխանցմամբ` ամբողջ աշխարհում սեյսմիկ վտանգը բարձրացել է, բայց դա թույլ չի տալիս ասել, որ վտանգը հասել է առավելագույն մակարդակին: «Ամբողջ աշխարհում ուժեղ երկրաշարժերը շատացել են: Դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչո՞վ են դրանք պայմանավորված: Տեսակետ կա, որ հազարամյակը մեկ երկրաշարժերն ուժգնանում են: 1000-1200-ական թթ. ուժեղ երկրաշարժեր էին եղել: Եթե դրան ավելացնենք 1000 տարին, ապա պարզ կլինի, որ երկրաշարժերի ակտիվությունը պայմանավորված է այդ ցիկլով»,- նշեց երկրաֆիզիկոսը` անդրադառնալով Հայաստանում հաճախակի գրանցվող փոքր ուժգնությամբ երկրաշարժերին: «Հայաստանում գրանցվող երկրաշարժերի ուժգնությունը 3-4 մագնիտուդ է, որոնք առավելապես վտանգ չեն կրում, բայց այն փաստը, որ դրանք տեղի են ունենում մի ուղղությամբ` Արարատ-Երեւան-Սեւան ուղղության վրա են, գիտական տեսակետից դա մեզ անհանգստացնում է, եւ մեր կարծիքով` մոտակա մի քանի տարիներին դա նախապատրաստում է ուժեղ երկրաշարժ»,- ասաց երկրաֆիզիկոսը: Վերջինիս դիտարկմամբ` նախորդ տարի հոկտեմբերին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը փոքր-ինչ հանգստացրեց իրավիճակը, եւ մեզ ժամանակի իմաստով հնարավորություն տվեց նախապատրաստվելու: Նշյալ երկրաշարժի խզվածքը միեւնույն ուղղությամբ է` Վան-Արարատ-Երեւան-Սեւան: «Մեր կարծիքով` Սեւանի մոտակայքում կարող է ուժեղ երկրաշարժ սպասվել: Սա կանխագուշակում է, եւ ժամանակի տեսակետից դա սահմանափակված չէ: Ոչ ոք չի կարող ասել, թե դա կլինի կես տարի, 1 կամ 2 տարի հետո: Մենք` գիտնականներս, չենք կարող այդ հարցին պատասխանել»,- նշեց Գյումրիում գտնվող Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենը: Գիտնականի ասելով` Հայաստանի անկախացումից հետո որեւէ առաջընթաց չի արձանագրվել երկրաշարժերի գիտական կանխատեսման հարցում: Ս. Հովհաննիսյանը համաձայն չէ նաեւ բազմիցս կրկնվող այն տեսակետի հետ, թե երկրաշարժ կանխատեսելը գործնականորեն հնարավոր չէ: «Այդ հարցը եւ՛ տեսական է, եւ՛ պրակտիկ: Մոտակա 10-20 տարում վերջնական լուծում չի ստացվի: Մենք պետք է մեր գիտական ցանցը բարելավենք, եւ դրա հիման վրա տվյալները հավաքենք, որոնց վրա եզրակացություններ կանենք: Առայժմ մեզ մոտ ոչ տվյալների հավաքման, ոչ էլ գիտական տեսակետից դրանց մեկնաբանման մակարդակն է բարձր»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Ըստ նրա` այդ ցանցի բարելավման համար պետք է ֆինանսական միջոցներ ներդրվեն: «Այդ ցանցը պետք է թվայնացվի, սարքեր պետք է տեղադրվեն, որոնք բավականին մեծ գումարներ են պահանջում»,- նշեց զրուցակիցս: Վերջինիս հաշվարկներով` մեկ սեյսմիկ ընդունիչն արժե մոտ 10.000 դոլար, որից նվազագույնը 20 հատ պետք է տեղադրվի Հայաստանում: Իսկ Հայաստանի անկախացումից հետո, զրուցակցիս խոսքով, ընդամենը մի քանի սարքավորումներ են տեղադրվել, որոնք, սակայն, բարարար չեն եւ չեն կարող որեւէ արդյունք ապահովել: Իսկ արդյունք ստանալու համար, ըստ գիտնականի, փոփոխությունը պետք է համակարգային լինի: Երկրաֆիզիկոսի փոխանցմամբ` իրենց գործունեության արդյունավետության մասին համապատասխան հոդվածներ են ներկայացրել ՀՀ կառավարություն, բայց իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Նրա խոսքով` բազային ֆինանսավորման խնդիրներ չունեն, բայց մեր երկրում գիտությանը տրամադրվող գումարները քիչ են եւ «չեն բավարարում գիտության բոլոր ճյուղերի հարցերը նորմալ լուծելու համար»: «Արտակարգ իրադրություն, խնդիրներ կան նաեւ սելավների, ջրամբարների, շինարարության հետ կապված»,- ընդգծեց Ս. Հովհաննիսյանը: Երկրաֆիզիկոսից հետաքրքրվեցինք նաեւ վերջերս ՀՀ կառավարության սեյսմիկ ռիսկերը գնահատող հանձնաժողովի այն նախագծից, որով նախատեսվում է շենքերի վերնահարկերում ցնցումների ուժգնությունը նվազեցնող կառույցների, կամ, ավելի ճիշտ` բարձիկների տեղադրման արդյունավետություն: «Դա բավականին լավ մեթոդ է, բայց բոլոր շենքերի համար դա կիրառել հնարավոր չէ եւ չի կարելի: Դա բավական մեծ ծախս է: Այդ բարձիկների գործունեության տարիքը սահմանափակված է` դրանք 15 տարին մեկ անգամ պետք է փոխվեն: Թե 15 տարի հետո ո՞վ պետք է փոխի, այդ պարտականությունն ո՞ւմ վրա պետք է դրվի` հայտնի չէ: Նախագծման ժամանակ նախահաշվի մեջ կարող են ընդգրկել այդ հարցը, բայց հետո ո՞վ պետք է անի դա»,- ընդգծեց նա: Հարցին, թե ինչքա՞ն է 1 բարձիկի գինը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր շենքի դեպքում տարբեր է: Այսինքն` դա կախված է նրանից, թե այդ շենքի հիմքը քանի քմ է, ինչքան է երկարությունը, եւ այլն: Հինգհարկանի շենքի համար մոտավորապես 60-70 բարձիկ է պետք, իսկ ամեն բարձիկն արժե 5-7000 դոլար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այնպիսի գոհունակությամբ էր խոսում այդ նախագծի մասին, ասես դա արդեն կատարված իրողություն էր: Այնինչ, դեռեւս, այսպես ասած` պիլոտային փորձեր չեն արվել: