Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը

11/02/2012

Երեկ երեկոյան ցանցային մի քննարկման ականատեսը եղա: Գործընկերներիցս մեկը share էր արել մի օնլայն ԶԼՄ-ի տեսանյութը, որը ներկայացնում էր, թե ինչպես է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «աչքը կպել»: Հիշյալ ԶԼՄ-ն նաեւ տեղեկացրել էր, որ տեսանյութը տեղադրելուց հետո խմբագրություն էր զանգահարել նախարարի մամուլի քարտուղարը` պահանջելով հանել այն: Մի քանի նկատառում ունեմ այս դեպքի վերաբերյալ:

Միանգամայն անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պահանջում է հանել տեսանյութը: Նա կարող է նման պահանջ ներկայացնել «Հայ Զինվոր» թերթին կամ «Զինուժ» հաղորդմանը, որոնք գտնվում են ՊՆ անմիջական ենթակայության ներքո: Տվյալ դեպքում մամուլի քարտուղարը կարող էր միայն խնդրել հանել տեսանյութը: Կարծում եմ, որ խնդրանքին խմբագրությունը կարող էր ավելի հաճույքով ընդառաջ գնալ, քան պահանջին:

Միանգամայն անընդունելի է նման տեսանյութի հայտնվելը լրատվամիջոցում, որն իրեն «դեղին» չի համարում: Փորձում եմ հասկանալ` ի՞նչ է փորձել խմբագրությունը հաղորդել իր ընթերցողներին` այդ տեսանյութը տեղադրելով: Ո՞րն է դրա արժեքը: Մի՞թե խմբագրության աշխատակիցներից ոչ մեկի աչքը երբեք չի կպել որեւէ հանրային վայրում: Լավ, հասկանում եմ, որ պետական պաշտոնյաները, մանավանդ` կառավարության անդամները, պետք է գիտակցեն, որ գտնվում են «խոշորացույցի ներքո»: Ու երբ մեկ այլ նախարար «շարիկ է գլորում» ԱԺ-ում, իսկ մեկ այլ նախարարության վարչության պետ բջջային հեռախոսով էրոտիկ նկարներ է նայում` այս դեպքում այդ «խոշորացույցի» աշխատանքը միանգամայն արդարացված է: Բայց եթե հոգնած մարդու աչքը մի պահ կպնում է, մի՞թե դա հրապարակման թեմա է: Նորից եմ ուզում հարցնել` ո՞րն է այս նյութի օգտակար գործողության գործակիցը: Սովորական, ոչ թե լրագրողական էթիկան պահանջում է քնած մարդուն չպատկերել: Դա չգրված օրենք է: Բոլորս սխալական ենք ու երբեմն գործում ենք մեծ ու փոքր մեղքեր: Լրագրողները եւս, քաղաքական գործիչների նման, ապրում են «խոշորացույցի ներքո»: Վստահ եմ, որ հիշյալ խմբագրության աշխատակիցներից շատերը եւս կյանքում արել են քայլեր կամ հայտնվել են իրավիճակներում, որոնք հանրային դարձնելը հաճելի չէր լինի: Միգուցե արժե՞ դրա մասին մտածել:

Խոսքի ազատությունը չի նշանակում, որ այլեւս չկան «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի: Չի կարելի ոչ թե օրենքով, այլ դաստիարակության ու բարոյականության մասին սեփական պատկերացումներից ելնելով: Իմ կարծիքով, կարմիր գիծն այս դեպքում այն է, որ չի կարելի պատերազմի հերոսին ու պատերազմում ծանրագույն վերքեր ստացած մարդուն ներկայացնել նման ձեւով: Մի կողմ դնենք, որ նա այսօր նախարար է, իսկ մենք` լրագրող: Մեզանից քանի՞սը ի վիճակի կլիներ նման վերքերից հետո ոչ միայն վերադառնալ լիարժեք կյանքին, այլեւ ղեկավարել Զինված ուժերը: Եկեք մտածենք այդ մասին մենք բոլորս, որ վախենում ենք անգամ թեթեւ գրիպից:

Եվ վերջինը: Եկեք ի վերջո կանգ առնենք ու հասկանանք, որ այն «ռեյտինգը», որն այսօր վաստակում ենք` հաճախ ոչ այդքան ազնիվ ու բարոյական հնարքներին դիմելով, անցողիկ է: Իսկ պատերազմի հերոսները մնայուն են: Դա չի նշանակում, որ եթե հերոսները սխալվում են, նրանց պետք չէ քննադատել: Միանշանակ պետք է: Պարզապես պետք չէ խոցել հերոսների ինքնասիրությունը: Դրանով խոցողներն ընդամենն ապացուցում են, որ իրենք երբեք հերոս չեն դառնա:

Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Մեդիամաքսի» տնօրեն