Մերոնք ուրիշ են

11/02/2012

Հայկական սուրճի պահանջարկն անկում է ապրել. պատճառը վատ որակն է: Վրացական Commersant.ge կայքը` վկայակոչելով սուրճի ներկրմամբ զբաղվող վրացական մի քանի ընկերությունների տվյալները, արձանագրել է, որ Վրաստանում հայկական սուրճի պահանջարկը գրեթե անկում է ապրել: Կայքի թղթակցի հետ զրույցում ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ պատճառը սուրճի վատ որակն է ու գինը: «Հայկական սուրճը վաճառվում է փաթեթավորված, եւ որեւէ մեկը չգիտի` ինչ կա ներսում»,- նշել են «Չարոզի» ընկերության ներկայացուցիչները` հավելելով, որ վրացի սպառողները վաղուց արդեն հայկական սուրճ չեն գնում եւ նախապատվությունը տալիս են եվրոպական արտադրության սուրճին: Իսկ «Թեմի» ընկերության հիմնադիր Թեմուր Միքելաձեն հայկական արտադրողներին մեղադրել է նրանում, որ վերջիններս սուրճի մեջ սիսեռ են օգտագործում: Նրա խոսքով` հայերը նման քայլի դիմում են, քանի որ դա 30 տոկոսով նվազեցնում է սուրճի գինը: