2011թ. Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» միջազգային կոնվենցիան: Այլ կերպ ասած` ուժի մեջ է մտել մի կոնվենցիա, որի նպատակն է` սատարել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար եւ հավասար իրացումը, ինչպես նաեւ հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ: Կոնվենցիայի դրույթները կյանքի կոչելու դեպքում մեր հանրապետությունում իսկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են լիարժեք պաշտպանված լինել, ինչպես նաեւ` կձեւավորվի հասարակական հավասարության սկզբունքի գիտակցություն: Ներկայումս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը լայնամասշտաբ քարոզչություն է իրականացնում` մարզային, հեռավոր գյուղական համայնքային համապատասխան կառույցներին` կոնվենցիայով նախատեսված պարտավորություններն իրազեկելու, ինչպես նաեւ` գործնականում կիրառելու ուղղությամբ: Կոնվենցիայի վավերացումը ենթադրում է եվրոպական չափանիշների մոտեցումների եւ պարտավորությունների մի ամբողջական փաթեթ: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված են շուրջ 176.000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից շուրջ 8000-ը մինչեւ 18 տարեկան հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաներ են: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հավաստմամբ` վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտոնական թիվը կայուն է, գրեթե` անփոփոխ: Վերջինս չի բացառում, որ կարող են լինել չգրանցված մարդիկ, սակայն նրանց թիվն աննշան է, իսկ պաշտոնապես ամրագրված 176.000 անձանց հաշմանդամության կարգավիճակը ճանաչվել է Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից: Այն, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական պաշտպանության ոլորտում բազում խնդիրներ կան, ընդունում է նաեւ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Սակայն, հարկ է նշել, որ վերջին տարիներին իսկապես փոխվել են հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ստեղծված կարծրատիպերը: Օրինակ` մեր պետական կառույցներում, սպասարկման ոլորտներում, փողոցներում սկսել ենք հաճախակի տեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ի վերջո, պետական այրերը գիտակցել են, որ հաշմանդամություն ունեցող, աշխատունակ մարդու կենսաթոշակը բարձրացնելու փոխարեն` անհրաժեշտ է նրա զբաղվածությունն ապահովել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարությունը յուրաքանչյուր տարի մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիր, որը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից: Ծրագրերի իրականացումը պահանջում է համալիր մոտեցում, որը ենթադրում է Կրթության, Առողջապահության եւ այլ գերատեսչությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում: «Պատասխանատվությունը, լիազոր պետական մարմինը` մեր նախարարությունն է, սակայն ծրագրերը պետք է իրականացնենք մյուս գերատեսչությունների հետ: Շատ կարեւորում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացրած ներառական կրթության ծրագիրը: Վերջին տարիներին մենք եկանք նրան, որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է իր հասակակից երեխայի հետ սովորի նույն դասարանում: Չպետք է Խորհրդային տարիների նման ինտերնատում առանձնացված լինի, այնպես, ինչպես այսօր ԱՊՀ երկրների մյուս բոլոր պետություններում է: Հայաստանում այսօր կա ներառական կրթություն, ինչը մեզանից օրինակ վերցրեց Ռուսաստանը: Մենք Մոսկվայում սեմինարներ կազմակերպեցինք իրենց համար: Եթե հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաները չշփվեն` ինտեգրում չի լինի»,- ասում է Ջ. Բաղդասարյանը` հավելելով, որ հաշմանդամության որոշակի ծանր տեսակի` տեսողության, լսողության, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, բնականաբար, գործում են հատուկ ծրագրերով հատուկ դպրոցներ: Հայաստանում պաշտոնապես ներառական կրթություն իրականացնող 81 դպրոց կա: Ընդ որում` Տավուշի մարզը ճանաչվել է տոտալ ներառական մարզ, որովհետեւ բոլոր գյուղերում եւ դպրոցներում այդ մոդելը ներդրված է: Ի դեպ, ներառական կրթության այս մոդելի ներդրումը թեեւ մեծ աղմուկ եւ դժգոհություն առաջացրեց ոչ հաշմանդամ երեխաների ծնողների շրջանում, այդուհանդերձ, հետագայում բոլորն էլ գիտակցեցին, որ հաշմանդամություն ունեցող երեխայի հանդեպ խտրականության կարծրատիպը պետք է վերացնել վաղ տարիքից` հավասարության սկզբունքի գիտակցության դաստիարակությամբ:
Նշենք, որ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք քաջատեղյակ չեն իրենց իրավունքներից, հետեւաբար պետության` իրենց համար տված պատվերների հարցում պահանջատեր չեն: Շատերը դիմում են խմբագրություն` սկսած կարգավիճակի ամրագրման, վերջացրած` բուժսպասարկման խնդիրներով: Լրատվամիջոցների միջամտության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծում են գտնում, այն դեպքում, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի շարք փաստաթղթերով այդ իրավունքներն ամրագրված են: Օրինակ` հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր պրոթեզավորման (օրթեզ, սուպինատոր, կորսետ) կարիք ունեն` պրոթեզավորվում են անվճար հիմունքներով: «Բավականին թանկ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ ենք պատրաստում: Այս տարի շուրջ 15.000 պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ են տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար այդ պարագաները պետության կողմից տրամադրվում են անվճար»,- վստահեցնում է Ջ. Բաղդասարյանը` հավելելով, որ նույնը վերաբերում է լսողության խանգարում ունեցող անձանց լսողական սարքերին, ինչպես նաեւ` ֆիզիկական արատ ունեցողների սայլակներին: Փոխնախարարը չի ժխտում այն փաստը, որ շատերն իրենց իրավունքներից տեղյակ չեն, սակայն հավաստիացնում է, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով, սեմինարներով, հանդիպումների միջոցով փորձում են տեղեկատվություն տարածել: Չնայած դրան` «Ինչքան էլ խոսենք` միշտ էլ կարիք կա այս թեմայով խոսելու»: Կառավարությանն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որն այս տարի հավանաբար կընդունվի Ազգային ժողովի կողմից: Ջ. Բաղդասարյանը վստահեցնում է, որ մշակվել է նոր մոտեցում: Եթե այսօր հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվում կենսագործունեության սահմանափակում ունեցող մարդը, ապա, ըստ նոր հայեցակարգի` աշխատունակ անձին պետությունը ոչ թե տրամադրելու է հաշմանդամության կարգավիճակ, այլ` ապահովելու է նրա զբաղվածությունը: Փոխարենը կբարձրանա անաշխատունակ հաշմանդամություն ունեցող մարդու հաշմանդամության կենսաթոշակը. «Հիմքում դնելու ենք մարդու պահպանված աշխատանքային կարողությունը: Դա աշխարհում ընդունված ձեւաչափ է, սակայն մեզ մոտ չի գործում, քանի որ մեր երկրում զբաղվածության ոլորտը պատրաստ չի դրան: Ներկայումս մենք միջազգային կազմակերպություններին հորդորում ենք ծրագրերն ուղղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատատեղեր եւ սոցիալական ձեռնարկություններ ստեղծելուն»: Զբաղվածության ոլորտում կա աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիր, որի արդյունքում 2011թ. մոտ 120 հաշմանդամություն ունեցող մարդ տեղավորվել է աշխատանքի: Փոխնախարարի կարծիքով` փոխվել է նաեւ գործատուների վերաբերմունքը: Ի դեպ, նշենք, որ գործատուներն այդ կարգավիճակն ունեցող աշխատակիցների համար ստեղծում են հարմարեցված պայմաններ, իսկ պետությունը գործատուին տալիս է աշխատավարձի մի մասը. «Պետական ծրագրի շրջանակներում իրականացվում է նաեւ աշխատատեղերի հարմարեցում ծրագիրը, որով ապահովում ենք հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքների ապահովումը աշխատանքի մեջ»,- ասում է նա:
Կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս հակված է սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որի կիրառումը Եվրոպայում բավականին դրական արդյունքներ է արձանագրել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու հարցում: Սոցիալական ձեռնարկությունները ոչ թե մեկուսացնում, այլ ճիշտ հակառակը` ինտեգրում են հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ այդ ձեռնարկություններում աշխատում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ` ոչ հաշմանդամ մարդիկ: Դրանց ստեղծումը նաեւ ենթադրում է մի շարք պարտավորությունների` տրանսպորտային միջոցների, հարմարեցված պայմանների կատարում: Թեեւ ներկայումս մեր պետությունը նման ձեռնարկությունների ստեղծման հնարավորություն չունի, այդուհանդերձ, նախարարությունն այս մոդելը ներդնելու ուղղությամբ բանակցում է միջազգային կազմակերպությունների հետ։ «Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակական վերաբերմունքն իսկապես փոխվել է: Եթե նախկինում այդ կարգավիճակով մարդը գալիս էր մեզ մոտ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, ապա այսօր ասում է` ինձ պետք չի էդ նպաստը, ինձ աշխատանք տվեք: Որպես երկար տարիներ այս ոլորտում աշխատած մարդ` ինձ համար դա մեծ պրոգրես է»,- ասում է փոխնախարարը: Հարցին, թե` արդյո՞ք հաշմանդամություն ունեցող մարդուն տրված հաշմանդամության թոշակը բավարար է, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ կարծում, որ բավարար է: Սակայն, պետք է նշեմ, որ եթե մարդն անաշխատունակ է` նրա բազային կենսաթոշակը 40%-ով բարձր է մյուսներից: Եթե միայնակ է ապրում` պետության կողմից ստանում է նաեւ ընտանեկան նպաստ, բացի դա` մենք ունենք պատվիրակած ծառայություններ, որոնք աջակցում են շատ հարցերում եւ նրանց խնամքն են կազմակերպում»: Ջ. Բաղդասարյանի հավաստմամբ` այս տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Հայաստան է ներկրելու մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց մի մասը հարմարեցվելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
Ինչեւէ, Հայաստանում գոյություն ունեն հաշմանդամության խնդիրներով զբաղվող մոտ 10 հասարակական կազմակերպություններ, որոնք բավականին ակտիվ գործունեություն են իրականացնում եւ, շատ դեպքերում, պահանջատեր լինելով, պաշտպանում են իրենց շահերը: Առաջիկայում մենք կփորձենք հաշմանդամության խնդիրներով զբաղվող որեւէ կազմակերպության հետ հարցազրույց կազմակերպել եւ, մասնավորապես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նրանց մեկնաբանությունը ստանալ: Նախագծում ամրագրված է նաեւ թեքահարթակներ կառուցելու պատասխանատվության եւ քաղաքաշինական նորմերի վերահսկողության շրջանակը, ինչպես նաեւ` մի շարք կարեւորագույն կետեր, որոնք գործող օրենքում հստակեցված չեն: