Գրեթե պատմական իրադարձություն

25/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը եղավ Ցեղասպանության թանգարանում, ծառ տնկեց, ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին:

Թանգարանում շրջելուց եւ խորհրդանշական տապանաքարին մոմ վառելուց հետո հրեաների հոգեւոր առաջնորդը գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում: Այդ ընթացքում բոլոր հյուրերն անհամբեր լռությամբ սպասում էին: Թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հնարավոր էր համարում պատմական մեծ իրադարձությունը, երբ հրեան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Չկա հայ ժողովրդին հրեաներից ավելի ցավակցող մեկ ուրիշ ազգ: Ես իմ հոգեւոր եւ կրոնական համերաշխությունն եմ արտահայտում հայ ժողովրդի ողբերգությանը, հազարավոր հայերին, ովքեր սպանվեցին ազգային պատկանելության պատճառով: Ես ձեզ հետ սգում եմ ձեր մերձավորների համար: Թող նրանց հոգիներն օգնեն Հայաստանի եւ սփյուռքի հայերին, թող ծաղկի ձեր երկիրը»: Ահա այս խոսքերը գրի առավ Յ. Մեցգերը, այնուհետեւ թանգարանին նվիրեց Իսրայելի դրոշն՝ «ի հիշատակ ողբերգության զոհերի»: Թեեւ գլխավոր ռաբբին ընդհանրապես չնշեց «ցեղասպանություն» բառը, այնուամենայնիվ, նա հավատացրեց, որ օգտագործում է «այդ տերմինը»:

«Ուշադրություն մի դարձրեք միջազգային քաղաքական հարաբերություններին: Մենք որպես երկու ազգերի հոգեւոր համայնքների ղեկավարներ, պարտավոր ենք մեր ժողովուրդներին հիշեցնել այս սարսափելի սպանությունների մասին եւ հարգել զոհերի հիշատակը: Լուսանկարներն ու փաստաթղթերը, որ մենք տեսանք, արդեն ամեն ինչ ասում են: Իսկ արցունքները, որ մեր կոկորդում էին, կեղծ չէին: Իսրայելում հստակ բաժանում կա հոգեւոր իշխանության եւ պետության միջեւ: Մենք չենք խառնվում պետական գործերին, սակայն այս առնչությամբ ունենք մեր մտքերն ու զգացմունքները»,- ասաց Յ. Մեցգերը:

Վերջինիս թարգմանիչը պատվիրակության անդամ, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, Հայ-իսրայելական խորհրդարանական խմբի նախագահ Յուրի Շտեռնն էր: «Մոտեցումն այս հարցին զուտ քաղաքական է: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, վերջինս մեր կարեւորագույն գործընկերներից է: Սակայն գտնում եմ, որ դա ոչ մեկին իրավունք չի տալիս անցյալը փոխել: Հուսով եմ, որ Հայաստանի հետ մենք կստեղծենք մեր 2 ազգերին վայել հարաբերություններ: Այս այցը մեր հարաբերությունների ամրապնդման սկիզբն է, ես սա ասել եմ նաեւ ձեր հարեւան երկրների գործընկերներիս»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ պատկանում է այն իսրայելցիների թվին, ովքեր գտնում են, որ իրենք իրավունք չունեն ինչ-որ հանգամանքներից ելնելով մեկ այլ ազգի մերժել իր պատմության ողբերգական փաստերն ընդունել: Յու. Շտեռնի խոսքերով, հայերի ողբերգությունը 20-րդ դարի սարսափելի ողբերգություններից մեկն է: Եվ պատահական չի համարում, որ Հիտլերն ասել է, որ աշխարհն ուշադրություն չի դարձրել հայերի ողբերգության վրա, ինչն էլ նոր մարդասպանների համար յուրօրինակ «արտոնագիր» է հանդիսացել, որպեսզի վերջիններս ոչնչացնեն հրեա ժողովրդի 1/3-ին: «Ես հուսով եմ, որ այս փաստերը կընդունվեն թե՛ մեր, թե՛ այլ պետությունների կողմից: Գտնում եմ, որ թուրքական կառավարությունն էլ շուտով դա կանի, քանի որ Եվրոպայի պահանջներն այս առնչությամբ ավելի են խստանում»,- ավելացրեց պատգամավորը:

Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքից հետո Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ Յոնա Մեցգերն ասաց այն աղոթքը, որ հրեաները հնչեցնում են ի հիշատակ Հոլոքոստի զոհերի՝ հրեաների փոխարեն հիշատակելով հայերին: Ի դեպ, Յու. Շտեռնը «168 Ժամին» խնդրեց երբեք չօգտագործել «հայկական հոլոքոստ» տերմինը, քանի որ նույն դարում տեղի ունեցած 2 ազգերի ողբերգությունները միմյանցից տարբերվում են իրենց մասշտաբներով: Հրեական հոլոքոստի ժամանակ զոհվել է մոտ 6 միլիոն մարդ, իսկ Հայոց եղեռնի ժամանակ՝ 1,5 մլն:

Իսրայելի պատվիրակության այցին անմիջական օժանդակություն էր ցուցաբերել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Վերջինս գլխավոր ռաբբիի առաջին այցը Հայաստան գնահատեց որպես պատմական իրադարձություն: Անձնական լավ հարաբերություններ ունենալով իսրայելցիների հետ՝ Ա. Աբրահամյանը նպատակ ունի խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ: Նրա խոսքերով, հաջորդ քայլն ուղղված է լինելու հայերի ու իսրայելցիների գիտական ներուժի միավորմանը:

Հ.Գ. Ցեղասպանության թանգարանը Իսրայելի պատվիրակությանը գրականություն նվիրեց ցելոֆանե տոպրակներով, որոնց վրա արաբական տառեր էին: