«Եվրամիությունը պատրաստ է նոր գաղափարներով հանդես գալ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն արագացնելու ու հեշտացնելու նպատակով»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան: «Առաջին հերթին, Եվրամիության մոտեցումն ուղղված է մարդկանց միջեւ հարաբերությունների զարգացմանն ու հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»,- ասել է նա` շեշտելով, թե ԵՄ առաջարկը դեռ դիտարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում` կներկայացվի լայն հանրությանը: Կոբիան ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում առավել ակտիվ դեր խաղալու` Եվրամիության մտադրությունը հաստատել էր նաեւ Եվրամիության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` 2011թ.-ի վերջին Բաքու այցի ժամանակ: «Ուրախ եմ, որ Եվրամիության այս ձգտումը մեծ ուշադրության արժանացավ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: Այն նաեւ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- հայտարարել է Կոբիան: