Որոշ տեղեկությունների համաձայն` Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում իշխող ՀՀԿ-ն այս անգամ մեծամասնական ընտրակարգով կարող է պաշտպանել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը: Մինչդեռ այդ նույն ընտրատարածքից նախորդ ընտրություններում մեծամասնականով պատգամավոր է դարձել ՀՀԿ մեկ այլ անդամ` Խաչիկ Մանուկյանը: Երեկ նա մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Իսկ եթե ՀՀԿ-ն չպաշտպանի՞: «Բայց չառաջադրվելու պատճառ պետք է լինի: Ինչի՞ համար, վա՞տ ենք աշխատել: Ինչ արել ենք, կուսակցության համար ենք արել: Նույնիսկ երբեմն մեր անձնական սուբյեկտիվ որոշումները հարմարեցրել ենք կուսակցության դիրքորոշման հետ: Թողել ենք մեր անձնական դիրքորոշումը, ընդունել ենք կուսակցական որոշումները»,- պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը: