Ապահովագրվում են

09/02/2012

Երեկ ԱԺ-ում սկսվել է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը. օրինագիծը սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում արտակարգ դրությունը եւ ինչ միջոցառումներ կարող են իրականացնել ուժային կառույցները: Օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է, թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն բանակի ստորաբաժանումները: Արտակարգ դրության խնդիրը հատկապես սուր արտահայտվեց 2008 թ. մարտի 1-ի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն: Այն ժամանակ եւ մինչեւ օրս ընդդիմությունը պնդում է, որ այդ քայլն անօրինական էր, քանի որ Հայաստանը չուներ արտակարգ դրության մասին օրենք: Գուցե հենց նման իրավիճակներից ապագայում «ապահովագրվելու» համար իշխանություններն այսօր նախաձեռնել են այս օրենքի քննարկումն ու ընդունումը: Օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե ըստ օրինագծի` Հայաստանում արտակարգ դրություն կարելի է հայտարարել երկրի սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող հանգամանքների դեպքում, երբ կատարվում է սահմանադրական կարգն ուժային ճանապարհով տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կամ գցելու փորձ: Արտակարգ դրություն նախատեսվում է մտցնել նաեւ զինված ապստամբությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ կոնկրետ օբյեկտների շրջափակման, անօրինական զինված խմբավորումների գործողությունների, ազգայնական, ռասսայական, կրոնական հակամարտությունների ժամանակ, որոնք զուգորդվում են բռնի գործողություններով եւ անմիջականորեն սպառնում են մարդկանց կյանքին եւ առողջությանը:

Օրինագիծը սահմանում է, որ արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար կարելի է օգտագործել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ անվտանգության պետական լիազորված գերատեսչությունների ուժերը եւ միջոցները: Հրայր Թովմասյանը երեկ ասել է, թե օրինագիծը զինված ուժերի միջամտությունը թույլատրելի է համարում միայն այն դեպքում, երբ Ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնում խնդիրը լուծելու համար: Երեկ Հայ ազգային կոնգրեսը արդեն տարածել է հայտարարություն, որով խստորեն քննադատել է նման օրենք անցկացնելու իշխանությունների քայլը` այն գնահատելով որպես ներքաղաքական գործընթացներում իրավապահ մարմինների մասնակցությունը լեգիտիմացնելու փորձ: