– Պարոն վարչապետ, ԱԺ-ի կողմից չընդունվեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը, կոալիցիոն ԲՀԿ-ն այն բոյկոտեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի պատճառաբանությունը, թե այդ օրինագիծը հարվածելու է աղքատ խավի գրպանին եւ նպաստելու է բանկերի հարստացմանը:
– Այն, որ դա խփում է աղքատ խավերին, բացարձակ սուտ է: Այս օրենքի նպատակն է` խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառությունը դարձնել վերահսկելի եւ թափանցիկ: Խոսքը գնում է 3 մլն դրամից բարձր գործարքներին, իսկ մեր բնակչության 95 տոկոսը տարվա ընթացքում ընդհանրապես նման գործարքներ չի անում: Եթե ՀՀ քաղաքացին խանութից ձեռք է բերում կահույք, որի արժեքը 3 մլն դրամից բարձր է, ապա նա պարտավոր է դա անել անկանխիկ, որպեսզի հետագայում հնարավորություն լինի վերահսկել այդ գործարքից ստացած եկամուտները, որպեսզի այդ խանութն իր բոլոր գործարքներն իր հաշվետվության մեջ ներառի, եւ վճարվի բոլոր հարկերը: Եվ ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հենց կանխիկ շրջանառության նվազեցումն է խոշոր գործարքների ժամանակ: Այն պատճառները, թե սա ուղղված է ֆինանսական համակարգի` բանկերի հարստացմանը, բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Հակառակը` այս օրենքը բեռ է դնում բանկերի վրա, որովհետեւ նրանց պարտադրում է սեփական միջոցների հաշվին սպասարկման կետերում տեղադրել տերմինալներ: Եվ այդ սպասարկումն իրականացնել անվճար:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ օրինագիծը բոյկոտելու Ձեր կոալիցիոն գործընկերոջ քայլը:
– Ուզում եմ նշել, որ մենք մեր գործընկերների եւ ընդդիմախոսների հետ պետք է լինենք խիստ ընդգծված հարգալից: Եվ մեր վերաբերմունքն այդպիսին է: Մեր գործընկերները ցանկանում են կարեւորել այս հարցը եւ օգտագործում են այն գործիքները, որոնք ունեն: Բնականաբար, մենք էլ մեր հերթին` փորձում ենք պատասխանել: Ինձ թվում է, որ ամենալավ գնահատականն այդ ակցիային տվեց ԱԺ-ն իր բնականոն աշխատանքով, ընդունած 10-ից ավելի օրինագծերով:
– Կրկին բերելո՞ւ եք այդ օրինագիծն ԱԺ:
– Կարծում եմ, որ այսօր այդ հարցը գտնվում է քաղաքական դաշտում, որովհետեւ օրինագծի վերաբերյալ գրավոր կամ բանավոր որեւէ առաջարկություն չի հնչել ԱԺ-ում, թե այս կամ այն հոդվածը պետք է վերանայել: Այդպիսի դիտողություններ կամ առաջարկներ չենք ստացել: Դա նշանակում է, որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, եւ մենք այդ խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում:
– Ակտիվացել են ՌԴ քաղաքական գործիչների այցերը Հայաստան եւ ՀՀ գործիչների այցերը ՌԴ: Դրանք վաղուց նախատեսված այցե՞ր են, թե՞ նախընտրական նշանակություն ունեն:
– Այդպես էլ ենթադրում էի, որ մեր գործընկերոջ այցելությունը Հայաստան ներկայացվելու է նախընտրական տրամաբանության ներքո, որ ՀՀԿ-ն ընտրությունների հարցում աջակցություն է ստանում իր գործընկեր ՌԴ-ից: Սակայն պետք է նշեմ, որ եթե մենք ամփոփենք վերջին 4 տարիները, կտեսնենք, որ այդ հարաբերությունները եղել են աճողական եւ ընթանում են շատ բնականոն: Մասնավորապես Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տասնյակ հարցեր են քննարկվել: Այս փուլում էլ արձանագրվել են նոր նախաձեռնություններ, որոնք չափազանց կարեւոր էին մեզ համար` ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որի մասին հայտարարեցինք: Եվ եւ իմ գործընկեր պարոն Լեւիտինի հետ այցելեցինք այն տարածքը, որտեղ տեղակայված է առաջին ազատ տնտեսական գոտին, եւ որտեղ ծավալվելու են առաջին ներդրումային ծրագրերը:
– Շարունակական գնաճի եւ աղքատության աճի պայմաններում ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին «ի՞նչ երեսով» է ներկայանալու հանրությանը: Եվ ինչո՞ւ է այդքան վստահ, որ ֆավորիտ է լինելու:
– Այդ վստահությունը գալիս է ժողովրդից: Դուք նույնպես հետեւում եք տարբեր տիպի հարցումներին, թե ինչպիսի վերաբերմունք կա այս կամ այն կուսակցության նկատմամբ: Իսկ մենք բաց երեսով ենք ներկայանալու, որովհետեւ ՀՀԿ-ն այս տարիներին եղել է ազնիվ, որովհետեւ ինքներս մշտապես խոսել ենք խնդիրների մասին, ոչինչ չենք թաքցրել ժողովրդից: Մեր բացթողումները եւ հաջողությունները եղել են ձեր խստագույն հսկողության ներքո:
– Վիճակագրական ծառայությունը հրապարակեց վերջին մարդահամարի նախնական տվյալները, որի համաձայն` նախորդ մարդահամարի համեմատ` մոտ 170 հազար մարդ ՀՀ-ից հաստատապես հեռացել է, իսկ մոտ 500 հազարը հեռացել են, եւ հայտնի չէ, թե նրանք կվերադառնա՞ն: Սա արտագաղթ չէ՞, եւ արդյո՞ք այն կանխելու ծրագրեր մշակվում են:
– Առաջին հերթին պետք է արձանագրենք մեր քաղաքական դիրքորոշումը: Ցանկացած հայ մարդ, ընտանիք, եթե լքում է հայրենիքը, մեզ համար անընդունելի է: Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀ-ից արտագաղթ չլինի: Եթե դիտարկենք վերջին 20 տարիների դինամիկան, ապա կտեսնենք, որ, ցավոք սրտի, այս հիվանդությունը մեր հասարակության մեջ առկա է: Բայց միեւնույն ժամանակ` կարող ենք ասել, որ եթե համեմատենք անկախության առաջին 10 տարիների հետ, կտեսնենք, որ արտագաղթը կտրուկ նվազել է: Իսկ ինչ վերաբերում է վերջին 5 տարիների դինամիկային, տեսնում ենք, որ ճգնաժամն այդ առումով ստեղծեց բացասական ֆոն եւ խթանեց արտագաղթը: Իսկ ճգնաժամի հաղթահարումը սկսեց նվազեցնել արտագաղթի տեմպը: Առաջին պատճառը, որ նշում են հայրենիքը լքող մեր քաղաքացիները, աշխատատեղերի խնդիրն է: Իսկ դա նշանակում է, որ արտագաղթի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը պետական այնպիսի ծրագրերի մշակումը եւ իրականացումն է, որոնք պետք է նպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ընդ որում, ժամանակակից աշխատատեղերի ստեղծմանը: Համաձայն եմ ձեզ հետ, որ անհրաժեշտ է համալիր ազգային ծրագիր, որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրը հիմնովին լուծել:
– Ձեր կարծիքով` ո՞վ պետք է գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը:
– Երբ վերջինները կլինեն առաջին (ծիծաղում է.- Ա.Ա.): Ես կարծում եմ, որ իրականում կարեւոր է, թե մեր կուսակցությունն ինչ գաղափարներով է գնում ընտրությունների: Եվ մեր քաղաքացիներն էլ հետեւելու են մեր ծրագրային սկզբունքներին, թե մենք ինչ ենք առաջարկում մեր ընտրողներին, ինչպիսի փոփոխություններ, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը: Իսկ թե ով կլինի ցուցակում առաջինը կամ երկրորդը, ես անձամբ չեմ կարեւորում:
– Բայց Ձեր գործընկերների միջեւ երբեք կռիվ չի՞ եղել, թե` այս կամ այն գաղափարը ներկայացնենք: Ավելի շատ խոհանոցային ինչ-որ խոսակցություններ են հայտնվում մամուլում:
– Ես չեմ ուզում համաձայնել Ձեր այդ պնդման հետ: Իհարկե, մեր կուսակցությունում կային այդպիսի մարդիկ, բայց հիմնական զանգվածը հետաքրքրված է մեր ծրագրերով: Դրա վառ ապացույցն է այն կոնֆերանսը, որ մենք անցկացրեցինք, որի ժամանակ մեր գործընկերները ուշադիր լսեցին կառավարության կատարած աշխատանքների հաշվետվությունը: Դա նաեւ այն տնտեսական սեմինարն էր, որտեղ մենք բաց քննարկումներ էինք կազմակերպել, թե ինչպիսի բացթողումներ են եղել, ինչպիսի ձեռքբերումներ, եւ ինչպիսին պետք է լինեն մեր ապագա ծրագրերը:
– Նախագահի հայտարարությունը, թե գործարարությունը պետք է տարանջատել քաղաքականությունից, տպավորություն ստեղծեց, թե ՀՀԿ ցուցակում գործարարները կկրճատվեն: Սակայն վերջին շրջանի հայտարարությունները հակառակի մասին են վկայում: Դուք կո՞ղմ եք, որ գործարարները գան խորհրդարան եւ զբաղվեն պատգամավորի աշխատանքով:
– ՀՀԿ ցուցակում ձեռներեցներ չեն լինելու:
– Իսկ ՀՀԿ-ի օժանդակությամբ գործարարները մեծամասնական ընտրակարգով կառաջադրվե՞ն:
– Դեռ վաղ է այդ հարցին պատասխան տալ, քանի որ դեռ չգիտենք, թե որ տարածքում ով է առաջադրվելու: Դա կարող է լինել ՀՀ քաղաքացիների ցանկությունը, եւ օրենքի շրջանակներում նրանք կարող են առաջադրվել: Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու: Այդ քաղաքական դիրքորոշումը ՀՀ նախագահը հստակ հայտնել է, եւ այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք:
– Կառավարությունը վերջերս որոշեց գյուղացիներին էժան վառելիք մատակարարելու գործը շնորհել «Ֆլեշ» ընկերությանը: Հայտնի է, որ «Ֆլեշի» ղեկավար Բարսեղ Բեգլարյանը Ձեր մտերիմն: Չե՞ք կարծում, որ սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
– Ձեր ասածից բխում է, որ վարչապետը մտերիմ ընկերներ չպետք է ունենա, որովհետեւ դա կոռուպցիոն ռիսկ է իր մեջ պարունակում: Վառելիք մատակարարող մյուս 6 ընկերությունները նույնպես ինձ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Ուղղակի դուք դրա մասին չեք գրում: Ինչո՞վ է պայմանավորված «Ֆլեշ» ընկերության ընտրությունը: Ես կառավարության նիստին հատուկ անդրադարձա այս հարցին` իմանալով, որ մեր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում միշտ գտնվում է այս հարցը: Այսօր պետական մարմինները ստանում են վառելիք այն համաձայնագրի շրջանակում, որը «Գնումների օրենքով» կնքում է Ֆինանսների նախարարությունը: Մենք պայմանագիր ունենք բոլոր ընկերությունների հետ, որոնք մասնակցել են մրցույթին եւ հաղթել են այդ մրցույթում. դրանք 6գն են, որոնք ՀՀ պետական մարմիններին վառելիք են մատակարարում, եւ դրանցից մեկը «Ֆլեշն» է: Եվ ընտրությունը կատարել է Ֆինանսների նախարարությունը` հաշվի առնելով վերջին երեք ամիսներին նրանց առաջարկած գները: Քանի որ ամենացածր գինն առաջարկել է «Ֆլեշ» ընկերությունը, բնականաբար, նախապատվությունը էժան գնին է տրվել: Երկրորդ` այդ ընկերությունը ստանձնել է պարտավորություն, որ այդ վառելիքը հասցնելու է համայնքներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում ընկերության վրա: Ինքը մեզ համար ավելի լավ պայմաններ է ստեղծում: Այնպես որ, օբյեկտիվ, պայմաններից ելնելով, գիտակցելով ձեր հետաքրքրությունն այս գործարքի վերաբերյալ` այն իրականացրել ենք առավել թափանցիկ:
– ՀՀԿ ցուցակում Դուք, Հ.Աբրահամյանը քվոտաներ ունե՞ք: Դուք ցուցակ կազմելու պրոցեսին չե՞ք մասնակցում:
– Մասնակցում եմ, բայց քվոտաներ չունեմ:
– Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ցուցակում առաջինը Սերժ Սարգսյանն է, երկրորդը` Դուք, երրորդը` Սամվել Նիկոյանը, հետո` Հովիկ Աբրահամյանը:
– Ես կարծում եմ, որ ձեր հարցին տվեցի սպառիչ պատասխան: