Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երեկ Բրյուսել է մեկնել ՀՀԿ պատվիրակությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, համաժողովում այլ հարցերի թվում քննարկվելու է հայաստանյան կուսակցությունների անդամության հարցը ԵԺԿ-ին: «Հուսամ, կվերադառնանք ՎԱՀԱՆՈՎ»,- գրել է Ա. Աշոտյանը:
Նրանից բացի` ՀՀԿ-ն ներկայացնելու են նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Արտակ Զաքարյանը: ԵԺԿ համաժողովին մասնակցելու են նաեւ «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Նշենք, որ նույն համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: