Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում կրքերը խոստանում են թեժ լինել, քանի որ այդտեղ ցանկություն ունեն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել կոալիցիոն երեք` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: ԲՀԿ-ում դեռ մեկ տարի առաջ են ցանկություն հայտնել այդ տարածքում առաջադրել պատգամավոր Արագած Ախոյանի թեկնածությունը: ՕԵԿ-ն ակնարկել է, որ կարող է առաջադրել մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետին: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն էլ այդ տարածքում ցանկանում է առաջադրել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանին, այն դեպքում, երբ ներկայումս այդ ընտրատարածքի պատգամավորն է Խաչիկ Մանուկյանը: Անցած շաբաթ մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չբացառեց, որ այդ ընտրատարածքում կարող են առաջադրել Սափեյան եղբայրներից որեւէ մեկի թեկնածությունը: Իր առաջադրվելու եւ թիվ 15 ընտրատարածքում ակնկալվող թեժ մրցապայքարի մասին երեկ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խ.Մանուկյանին:
– Դուք արդեն վերջնականապես որոշե՞լ եք, որ առաջադրելու եք Ձեր թեկնածությունը թիվ 15 ընտրատարածքում:
– Վաղուց է որոշված, ինձ մոտ տարակուսանք չի էլ եղել:
– Խոսակցություններ կան, որ նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը:
– Ոչ միայն նրա անունն է շրջանառվում: Տարբեր մարդկանց անուններ եմ լսում թե ՕԵԿ-ից, թե ԲՀԿ-ից, նաեւ` ՀԱԿ-ից: Այդ տարածքն այնպիսին է, որ 7-8 թեկնածուներ կլինեն: Անցած անգամ տասն էին, երկուսը դուրս եկան, 8 հոգով գնացինք ընտրության:
-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էր առաջադրվել այդ ընտրատարածքում:
– Դա երկրորդ ընտրությունների ժամանակ էր: Ր.Հովհաննիսյանին հարցրեցի, թե` ի՞նչ ես ուզում, արդեն անցել ես համամասնականով, պատգամավոր ես դարձել: Ուզում ես վերահաստատել, որ շա՞տ ուժեղ ես: Մտածի, որ կուսակցությունն այլ խնդիր է, անհատը` այլ: Եթե Արագածոտնի մարզից դուք այդքան ձայներ տարաք, դա չի նշանակում, թե անձնապես էլ կտանեք: Հարցրեց, թե ինչքան ձայն կտանեմ, ասացի` 1000 ձայն կհավաքեք: Ով էլ լինի, այդքան ձայն կտանի:
– Իշխանական կուսակցությունների թեկնածուն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի, որովհետեւ կարող է օգտագործել վարչական ու կուսակցական լծակները:
– Կա նման հնարավորություն, բայց մեր տարածքն այնպիսին է, որ վարչական լծակ կոչվածը դժվար է գործի դնել: Բնակչության մենթալիտետը մի փոքր այլ է մյուս տարածքների համեմատ: Լեռնային գյուղերի ժողովուրդ են, իրենց անձնական սկզբունքներն ավելի բարձր են գերադասում, քան այլ ազդող միջոցները կամ կապերը: Արժանապատվություն ունեն: Ես չեմ ասում, թե մյուսները չունեն, բայց մեր տարածաշրջանի բնակիչների մոտ շատ բարձր է: Վարչական լծակը կարող է նշանակություն ունենալ, բայց ոչ որոշիչ չափով:
– Փաստորեն, եթե Թալինի քաղաքապետն առաջադրվի, ՀՀԿ-ի երկու թեկնածուների միջեւ հակասություն կառաջանա:
– Ես դեռ տեղյակ չեմ, որ նման որոշում կա: Համենայնդեպս կուսակցությունը նման բան թույլ չի տա, խոհեմ որոշում կընդունի:
– Դուք Ձեր առաջադրումը դեռ կուսակցության հետ չե՞ք համաձայնեցրել:
– Ոչ: Ես ընդամենը իմ որոշումն եմ ասում եւ, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, այդ տարածքում դեռ ծրագրեր ունեմ անելու, որոնք կիսատ են մնացել: Պարզապես ցանկություն եմ հայտնել, որ նորից իմ անձը դնեմ այդ տաժանակիր աշխատանքի մեջ:
– Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի չպաշտպանել Ձեր թեկնածությունը:
– Կքննարկենք: Համենայնդեպս, փոխզիջման կգնանք: Վերջին հաշվով ես աշխատում եմ, ծառայում եմ կուսակցության համար, եթե իմ կարիքը չունի, պիտի հիմնավորի:
– Փոխզիջումը ո՞րն է: Այս դեպքում կամ պետք է պաշտպանի Ձեր, կամ Թալինի քաղաքապետի թեկնածությունը:
– Բայց չառաջադրվելու պատճառ պետք է լինի: Ինչի՞ համար, վա՞տ ենք աշխատել: Ինչ արել ենք, կուսակցության համար ենք արել: Նույնիսկ երբեմն մեր անձնական սուբյեկտիվ որոշումները հարմարեցրել ենք կուսակցության դիրքորոշման հետ: Թողել ենք մեր անձնական դիրքորոշումը, ընդունել ենք կուսակցական որոշումները:
– Օրենսդրական քվեարկություննե՞րը նկատի ունեք:
– Իհարկե: Օրինագծեր են եղել, որոնց անձնապես դեմ եմ եղել, բայց ընդունելով կուսակցական որոշումը` կողմ եմ քվեարկել: Վերջին հաշվով ցանկություն եմ հայտնում կանգնել ժողովրդի կողքին:
– Իսկ ե՞րբ եք պատրաստվում կուսակցության հետ քննարկել Ձեր առաջադրման հարցը:
– Խորհրդի նիստեր, քննարկումներ կլինեն, համագումար կլինի` կքննարկենք: